ԵՊՀ-ում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
Այցի ընթացքում քննարկվել են ԵՊՀ միջազգային համագործակցության ծրագրերը, Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող կրթական նախաձեռնությունները, ինչպես նաև հակամարտությունների փոխակերպման ոլորտում համալսարանի գործունեությունը։
Հանդիպման մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցության օրակարգը, ինչպես նաև վերջին տարիներին կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները։
Ռեկտորի խոսքով՝ ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի առաջատար համալսարան, ակտիվորեն համագործակցում է աշխարհի տարբեր երկրների բուհերի հետ, հատկապես «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Նա ընդգծել է նաև, որ բարձրագույն կրթության մասին նոր օրենքը նոր հեռանկարներ է բացում ԵՊՀ միջազգայնացման համար՝ հնարավորություն տալով կրթական ծրագրեր իրականացնելու տարբեր լեզուներով և ընդլայնելու օտարերկրյա ուսանողների ներգրավվածությունը։
Կարդացեք նաև
Հովհաննես Հովհաննիսյանը նաև անդրադարձել է կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ն մի քանի տարի շարունակ իրականացնում է եվրոպական որակի ապահովման չափանիշներին համապատասխան հավատարմագրում։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների կարգավորում և միջնորդություն» ավարտական վկայական շնորհող ծրագրին։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրել է ծրագրի արդյունքները՝ մատնանշելով, որ արդեն ամփոփվել է ավարտական վկայական շնորհող մասնագիտական ծրագրի առաջին փուլը, որը հաջողությամբ ավարտել է 12 շրջանավարտ։ Նրա խոսքով՝ մշակվել են հակամարտությունների լուծման տեսության, միջնորդության և հետազոտական մեթոդների դասընթացներ, իսկ այժմ աշխատանքներ են տարվում միջգիտակարգային մագիստրոսական ծրագրի ստեղծման ուղղությամբ։
Լուսինե Խառատյանը նշել է նաև, որ ծրագրի շրջանակում անցկացվում են վերապատրաստումներ հանրային ծառայողների, պատմության ուսուցիչների և համալսարանի դասախոսների համար։ Նրա խոսքով՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն էապես աճել է. այս տարի հակամարտությունների կառավարման և բանակցությունների թեմաներով վերապատրաստումների համար գրանցվել է 357 հանրային ծառայող։
«Վստահ եմ, որ մագիստրոսական ծրագիրը ևս մեծ հետաքրքրություն կառաջացնի։ Այսօր Հայաստանում նման ծրագիր չկա։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները՝ դրա անհրաժեշտությունն ակնհայտ է։ Խոսքը միայն կրթական ծրագրի մասին չէ, այլ նաև համալսարանում գիտական վերլուծությունների վրա հիմնված հետազոտական կենտրոն ձևավորելու»,- ասել է նա։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշել է, որ նման ծրագրերը կարևոր են ոչ միայն մասնագետների պատրաստման, այլև հետազոտությունների զարգացման և գիտելիքի հիման վրա արդյունավետ որոշումների կայացման տեսանկյունից։
«ԵՊՀ-ն այն բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն իր փորձագիտական գիտելիքով աջակցում է հասարակությանը և Կառավարությանը. մենք դրա բազմաթիվ օրինակներն ունենք, ինչպիսին է Ժողովրդագրության կենտրոնը, որը խթանում է ռազմավարությունների իրականացումը։ Այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են նաև ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման և բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացման համար»,- շեշտել է Միքայել Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է նաև, որ երկարաժամկետ և կայուն խաղաղության ձևավորման համար անհրաժեշտ է ոչ միայն հուզական, այլև մասնագիտական ու ինտելեկտուալ պատրաստվածություն. հենց այստեղ է, որ գիտությունը կրկին դառնում է առանցքային նշանակություն ունեցող ոլորտ։
«Մենք նպատակ ունենք ձևավորելու Հայոց պատմության եվրոպական քաղաքական գնահատման խումբ։ Այս գաղափարի շուրջ երկարատև քննարկումներ են անցկացվել, և այժմ աստիճանաբար մոտենում ենք դրա իրագործմանը։ Համալսարանն այն եզակի պետական, բայց ոչ կառավարական հաստատություններից մեկն է, որը գոյություն է ունեցել Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների ողջ ընթացքում։ Սա նշանակում է, որ համալսարանի դիտանկյունից հնարավոր է շատ չեզոք և հետաքրքիր կերպով դիտարկել ժամանակակից Հայաստանի պատմությունը, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ վերագնահատելու անցյալը և ձերբազատվելու ձևավորված կարծրատիպերից»,- նշել է նա։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել համալսարանում կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ ակադեմիական հաստատությունները կարևոր դեր ունեն խաղաղության ձևավորման գործընթացում։
Նրա խոսքով՝ բացի Հայաստան–Եվրամիություն երկկողմ բազմաթիվ նախաձեռնություններից, որոնք, նրա գնահատմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում ավելի մեծ թափ են ստացել, ԵՄ-ն շահագրգռված է հնարավորինս աջակցելու նաև տարածաշրջանային գործընթացներին, առաջին հերթին՝ խաղաղության գործընթացին։
«Մենք պատրաստակամ ենք աջակցելու տարբեր ուղղություններով աշխատանքների կատարմանը. դրանցից շատերը վերաբերում են հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, երկխոսության ձևավորման գործընթացներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մակարդակում հնարավորինս լայն ներգրավվածությանը»,- ասել է Մագդալենա Գրոնոն։
Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև ԵՊՀ-ի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին և երեխաներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ ԵՊՀ-ն իրականացրել է ուսման վարձի համաֆինանսավորման, կացարանի, հոգեբանական աջակցության, ինչպես նաև ԲՏՃՄ ուղղվածությամբ ամառային դպրոցների ծրագրեր՝ նպաստելով տեղահանված երիտասարդների կրթության շարունակականությանը և սոցիալական ինտեգրմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են խաղաղության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով համալսարանների կարևոր դերակատարությունը կայուն և խաղաղ հասարակությունների ձևավորման գործում։
ԵՊՀ


















































