Խորհրդարանի մանդատները վերցնելու վերաբերյալ ընդդիմադիր՝ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների որոշումը շարունակում է լինել հասարակական տարբեր խմբերի ու շերտերի քննարկման առարկա, արժանանալով հակասական արձագանքների: Ինքս թեմային անդրադարձել եմ մի քանի անգամ եւ ներկայացրել, որ մանդատները համարում եմ աշխատանքային գործիք, որից հրաժարվելը քաղաքականապես չի լինի ռացիոնալ: Իհարկե, վերցնելը նախադրյալ է, բայց ամեն ինչ ցույց է տալու աշխատանքը՝ համապարփակ ու լայնաճակատ աշխատանքը հասարակության հետ, բայց՝ ոչ միայն հասարակության:
Կա մի էական հանգամանք, որի մասին չի խոսվում գրեթե բոլորովին: Մանդատները նաեւ արտաքին քաղաքական աշխատանքի հնարավորություն են: Պատգամավորական կարգավիճակը, խորհրդարանական ինստիտուտի՝ ներկայացուցչական առաջնային մանդատ կրողի կարգավիճակը պետական կարգավիճակ է, ու այստեղ որեւէ կապ չունի խորհրդարանում փոքրամասնություն լինելը, եւ կապ չունի անգամ համամասնությունը: Դա պետական կարգավիճակ է, իսկ պետությունը՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Հետեւաբար, այդ կարգավիճակի կրողը ունի միջազգային իրավունքի սուբյեկտության նվազագույն պաշար, որից առավելագույնը ստանալն արդեն կախված է աշխատանքի որակից:
Իսկ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար պարզապես ուղղություն կամ ոլորտ չէ, հաշվի առնելով այն, որ Հայաստանի ներքին իրողությունները՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով, զգալիորեն կախված են արտաքին իրողություններից, արտաքին զարգացումներից ու տրամադրություններից: Մինչդեռ, այդ ամենով հանդերձ, Հայաստանի ընդդիմադիր դաշտում արտաքին քաղաքականության հարցը կարծես թե մշտապես եղել է ածանցյալի կարգավիճակում, ընդդիմադիր ուժերը դիրքավորվել են այդ հարցում ընդամենը իշխանության ու արտաքին դերակատարների հարաբերության գնահատողի, մեկնաբանողի դերում, այլ ոչ թե ինքնուրույն ու ինքնաբավ քաղաքական սուբյեկտի, որն այդ դաշտում ունի իր օրակարգն ու բովանդակությունը եւ արտաքին դերակատարների հետ դրա շուրջ հաղորդակցվելու, խոսելու հմտությունը: Պետք է լրացնել հայաստանյան ընդդիմադիր դաշտի համար տարիներ շարունակ նկատելի այդ բացը: Ընդդիմությունը պետք է լինի ոչ միայն արտաքին սուբյեկտներին՝ իշխանությունից բողոքողի կարգավիճակում, այլ նաեւ արտաքին քաղաքական բովանդակություն ստեղծողի: Խորհրդարանական կարգավիճակը դրա կարեւոր նախադրյալ է:
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

















































