Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախընտրական ու հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները

Հուլիս 09,2026 19:01 Share

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։

Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։

Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց։

Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով։

 

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են` այստեղ

 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի (ՍԴ) կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։

Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։

 

ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

2026 թ․ ԱԺ ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պայմաններում։ Ընտրություններին նախորդող շրջանում իրավապաշտպան կազմակերպությունների բարձրացրած խնդիրները, ինչպիսիք են խաղաղ հավաքների ընթացքում ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը[1], Ներքին գործերի նախարարությանը հեռավար կենսաչափական վերահսկողության լայն լիազորություններ տրամադրումը[2], չեն լուծվել իշխանությունների կողմից։ Ընտրություններից առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անտեսել է Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունները՝ կապված «հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու» հանցակազմի՝ իրավական որոշակիության չափանիշին չհամապատասխանելու և իրավաչափ նյութական խթանները քրեականացնելու առումով[3]՝ համարելով այն Սահմանադրությանը համապատասխանող[4]։

Նախընտրական ժամանակահատվածն ուղեկցվել է նաև մարդու իրավունքների կոպիտ և համակարգային խախտումներով, ներառյալ՝ վիրավորանքի ապաքրեականացումը շրջանցելով[5], ատելության խոսքի կարգավորումները խեղաթյուրելով, ընդդիմախոսներին հետապնդելով[6], քաղաքական մրցակիցներին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով[7],  զինվորական ծառայությունը՝ որպես արտադատական պատիժ կիրառելով[8], ինչպես նաև իրավապահների հայեցողական և կողմնակալ գործունեությամբ։

Թեև նախընտրական շրջանում արձանագրվել են տարբեր երկրների և քաղաքական միավորների՝ այս կամ այն քաղաքական ուժին անթաքույց աջակցության, ուղիղ տնտեսական ազդեցության կամ միջամտությունների դրսևորումներ[9], մեր գնահատմամբ ընտրությունների վերջնական արդյունքների վրա հիմնական և չափելի ազդեցությունն ունեցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի որոշումը[10] և այն ուժի մեջ թողնելու մասին հուլիսի 4-ի ՍԴ որոշումը[11]։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ընտրությունների արդյունքներն էականորեն փոխվել էին ԿԸՀ կողմից երեք ընտրատեղամասերի (թիվ 10/51, 35/65 և 12/13) արդյունքներն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխությամբ։ ԿԸՀ-ն հրաժարվել էր նշանակել վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ և արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն ունի ձայների որակյալ՝ երեք հինգերորդ մեծամասնություն։ Այս իրադարձություններն անհրաժեշտ է քննարկել ավելի  մանրամասն։

Թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի արդյունքները անվավեր էին ճանաչվել, քանի որ խախտվել էր Ընտրական օրենսգրքով սահմանված ժամային արգելքը՝ 20։00-ից հետո տեղամաս մուտք են գործել ընտրողներ (զինծառայողներ՝ հրամանատարների ուղեկցությամբ[12]) և մասնակցել քվեարկությանը[13]։ Երրորդ՝ թիվ 12/13 ընտրական տեղամասի արդյունքներն անվավեր էին ճանաչվել մասնակից ուժերից մեկի («Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն) քվեաթերթիկների բացակայության պատճառով[14]։ Նախևառաջ պետք է արձանագրել, որ բոլոր այս խախտումներն արդյունք են բացառապես պետության գործառույթների թերացման, մի պարագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ընտրական հանձնաժողովների (ներառյալ՝ ԿԸՀ) ոչ պատշաճ վարչարարության, մյուսում՝ ԿԸՀ-ի։ Նշված տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով  ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) մի քանի տասնյակ քվե չհերիքեց ԱԺ անցնելու 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։

Հատկանշական է, որ ԲՀԿ խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցն առաջացել էր մինչև վերոնշյալ որոշումները։ Ընտրությունների հաջորդ օրը ԿԸՀ հրապարակված նախնական արդյունքներն ամփոփող էլեկտրոնային տարբերակում մի քանի տեղամասերի սյունակների վանդակներ «շեղված» էին դեպի ձախ այնպես, որ մասնակից ուժերին (ներառյալ ԲՀԿ-ին) էին հաշվարկվել հաջորդող համարի քաղաքական ուժի ձայները[15]։ Օրինակ՝ 27/7 ընտրատեղամասի արձանագրության մեջ նշված 77 ձայները[16], որոնք ստացել էր ԲՀԿ-ն, էլեկտրոնային տարբերակում վերագրվել էին ձախ վանդակում գտնվող «Միասնության Թևեր» կուսակցությանը, իսկ ԲՀԿ-ին էին վերագրվել աջ վանդակում գտնվող՝ «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության ստացած 1 ձայնը։ Նման «շեղումների» հետևանքով ԲՀԿ-ին 4 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարելու համար չէր բավարարում ընդամենը 0․004 տոկոս ձայն[17]։ Ընդդիմադիրների կողմից խնդիրը արձանագրելուց[18] և վերահաշվարկից հետո պարզվեց, որ տվյալ տեղամասերի իրական արդյունքների ամրագրման պարագայում ԲՀԿ-ն հաղթահարում է ԱԺ անցնելու շեմը[19]: Հարկ է նշել, որ այս «շեղման» պատճառով մյուս քաղաքական ուժերի ձայների տարբերությունը էական ազդեցություն չէր ունենալու ԱԺ մանդատների բաշխման առումով։

Թեև ԿԸՀ նախագահ Վ․ Հովակիմյանի խոսքով սյունակների շեղումը մարդկային գործոնի արդյունք էր («Այնտեղ, այսպես ասեմ՝ տողեր են թռցրել, մարդկային գործոն է», – Վ․ Հովակիմյան[20]), դժվար է վստահել պնդման արժանահավատությանը։ Նախ՝ նախնական արդյունքների ֆայլում դեպի ձախ «շեղված» էին միայն O-ից AG սյունակները, որի արդյունքում բոլոր քաղաքական ուժերին էր վերագրվել իրենցից աջ գտնվողի ձայների արդյունքը։ Խնդրահարույց տեղամասերի արդյունքների վերջին՝ AH սյունակները, որտեղ նշվում են անճշտությունների չափը, նույնպես լրացված էին։ Մարդկային գործոնի սխալի պարագայում ենթադրվում է, որ լրացնողը բաց է թողել առաջին սյունակը և ամեն քաղաքական ուժին մեխանիկորեն վերագրել հաջորդ համարի ուժի ստացած քվեների տվյալները։ Սակայն այս կերպ լրացնելու դեպքում, հասնելով վերջին սյունակի համապատասխան վանդակին, լրացնողը տրամաբանորեն նկատելու էր սխալը, քանի որ AG սյունակից հետո լրացնելու տվյալ այլևս չէր ունենա, իսկ դեպի աջ տեսնելու էր սյունակի դատարկ վանդակ, որը նախորդ տողերում լրացված է։

Կանաչով նշված են այն սյունակները, որտեղ սխալ չի մուտքագրվել։ Բաց կարմիրով՝ դեպի ձախ շեղված վանդակները, իսկ կապույտով՝ վերջին սյունակը, որը նույնպես ամբողջությամբ լրացված է։ xlsx ֆայլի չփոփոխված տարբերակը հասանելի է այստեղ։

Առանց միանշանակ պնդելու, որ «մարդկային գործոնը» ոչ թե վրիպակի արդյունք էր, այլ դիտավորության, պետք է արձանագրել, որ ԿԸՀ հունիսի 14-ի և ՍԴ հուլիսի 4-ի՝ որոշումների արդյունքում ձևավորվեց ԱԺ այնպիսի ուժերի դասավորվածություն (ՔՊ-ն ունի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը), որը կլիներ վերը նկարագրված վրիպակը չհայտնաբերելու պարագայում։ Այսինքն՝ «մարդկային գործոնի վրիպակի» արդյունքը, եթե չբացահայտվեր, ամբողջությամբ համահունչ էր հետագայում՝ Ընտրական օրենսգրքի պահանջների շրջանցմամբ ձևավորված ԱԺ կազմին։

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև ԿԸՀ կազմին, որը Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ անկախ չէ։ Հանձնաժողովի ներկա կազմը ձևավորվել է 2022թ․ հոկտեմբերի 7-ին՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով[21]։ Վ․ Հովակիմյանը, որը շուրջ երկու տասնամյակ եղել է Ն․ Փաշինյանի աշխատակիցը, նախ՝ վերջինիս ղեկավարած «Օրագիր», «Հայկական Ժամանակ» թերթերում, այնուհետև՝ որպես նրա պատգամավորի օգնական[22], իր պատգամավորական քվեի շնորհիվ է ընտրվել հանձնաժողովի կազմում[23]։ Ընտրությունների արդյունքների նման ամփոփումը, որտեղ օրենքի շրջանցման արդյունքում իշխող ՔՊ կուսակցությունը ստացավ ոչ թե բացարձակ, այլ որակյալ մեծամասնություն (երեք հինգերորդ), համահունչ է ԿԸՀ-ի՝ իշխող քաղաքական ուժից կապված լինելու հանգամանքի հետ։

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՈՒՄ

Թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով ԿԸՀ-ն պնդել էր, թե այն չի ազդում ընտրությունների արդյունքների վրա[24]։ Սակայն, ինչպես նշվեց, ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելու պարագայում ՔՊ կուսակցությունն այլևս չէր ունենալու մանդատների երեք հինգերորդը, հետևաբար՝ Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունների և անկախ պաշտոնների ղեկավարներին նշանակելու համար իշխող ուժը պետք է համագործակցեր վետոյի իրավունք ունեցող ընդդիմության հետ[25]։ Այսինքն, նշված տեղամասերում խախտումները ոչ թե զուտ տեսականորեն կարող էին, այլ գործնականում հստակ և չափելի ազդեցություն ունեին ընտրությունների արդյունքների վրա («մեկ ուժ՝ երեք հինգերորդ մանդատներով» ընդդեմ «վետոյի իրավունք ունեցող ընդդիմության» սցենարների), ինչից ուղիղ հետևում է, որ պետք է նշանակվեր վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ։

«1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:»

ՀՀ Ընտրական օրենսգիրք, Հոդված 101

ԿԸՀ այն հիմնավորումը, թե  վերաքվեարկության պարագայում կար «տակտիկական քվեարկության» ռիսկ[26], նախևառաջ Ընտրական օրենսգրքով նախատեսված բացառություն չէ․ գործող կարգավորումներով և առկա իրավիճակում առհասարակ չկա վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ չնշանակելու բացառություն։ Բացի այդ, ԲՀԿ-ն հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով տվյալ տեղամասերում արդեն իսկ ստացել էր բավարար ձայներ, որպեսզի հաղթահարեր 4 տոկոսի շեմը։

Ընդդիմադիր մի շարք ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան, որը հունիսի 14-ին որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը[27]։ Արդյունքում, իշխող ՔՊ կուսակցությունը ԱԺ-ում մանդատների բացարձակ մեծամասնությունից ստացավ որակյալ՝ պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդ մեծամասնություն, ինչը վերջինիս թույլ է տալիս միանձնյա փոփոխել Սահմանադրական օրենքները, միանձնյա ընտրել Բարձրագույն դատական խորհրդի, Սահմանադրական դատարանի անդամներ, գլխավոր դատախազին, նույն ԿԸՀ հաջորդ կազմին և մի շարք այլ կարևորագույն անկախ պետական մարմինների անդամներին[28]։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գտնում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքներն այնքանով, որքանով իշխող կուսակցությունը ստանում է ԱԺ մանդատների երեք հինգերորդը, չեն համապատասխանում օրենքի պահանջներին։

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ընտրությունների դիտորդություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպություններն արդեն անդրադարձել են նախընտրական շրջանում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման, սոցիալական և տնտեսական բնույթի միջոցառումների արդյունքում անհավասար մրցակցային միջավայր ձևավորելուն[29]։ Դիտորդներն անդրադարձել են նաև նախընտրական փուլում շրջանառված՝ ընդդիմադիր ուժերի օգտին ընտրակաշառքների դրսևորումների հիմքերով հարուցված քրեական վարույթներին[30]։ Այդ վարույթները հետագայում դարձան գործող իշխանությունների հիմնական «փաստարկն» ընդդեմ ընդդիմադիր առավել շատ ձայն ստացած ուժերի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարել էր[31], որ իր գլխավորած կուսակցությունը «ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»[32]։

Վերոնշյալը հաշվի առնելով, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դեմ քրեական վարույթներին հարկ ենք համարում առանձին անդրադառնալ։

Ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) հրապարակել է տասնյակ գաղտնալսումներ՝ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ[33]։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նախկինում ուժային կառույցների հրապարակած գաղտնալսումներում կոպիտ կերպով խեղաթյուրվել են փաստեր[34], ինչն ինքնին նվազեցնում է նման գործելաոճի նկատմամբ վստահությունը, 2026թ․ նախընտրական շրջանում առկա են եղել դրվագներ, որոնք ուղիղ վկայում են իրավապահների գործունեության ընտրովի և հայեցողական լինելու մասին։

Քրեական օրենքով ընտրակաշառք է ընտրությանը որևէ ձևով մասնակցելու դիմաց ոչ միայն գույք և գումար, այլև ցանկացած ծառայություն կամ առավելություն խոստանալը[35]։

«Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝»

ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 219 (Ընտրակաշառք տալը)

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերին իրավապահ մարմինների տարբերակված՝ խտրական արձագանքը։ Դեռևս 2026 թ․ ապրիլի 27-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել էր ահազանգ իր ֆեյսբուքյան էջում[36], որը հետագայում տեղ էր գտել նաև առաքելության նախնական տեղեկանքում։

«Ըստ «Ականատես» առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։ Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։

Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք։

2026թ․ ապրիլին Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվել են ոչ պաշտոնական հանդիպումներ Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Հանդիպումներն անցկացվել են ինչպես մաքսատան տարածքում, այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։

Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվել են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք[37]

«Ականատեսը» նախաձեռնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի կողմից և առավել մեծ թվով դիտորդներ ունեցող առաքելությունն է[38]։ Իրատեսական չի այն, որ իրավապահ համակարգը տեղյակ չի եղել նշված ահազանգից, որի պայմաններում պետք է վարույթ նախաձեռնվեր և քննվեր դրա իսկությունը։ Եթե ահազանգը կեղծ էր՝ ենթադրվում է, որ նույն ՀԿԿ-ի և իշխանությունների շահերից էր բխում այն հերքելը։ Սակայն, ինչպես հետագայում հայտնել էր ՀԿԿ ղեկավար Արթուր Նահապետյանը, իր ղեկավարած կառույցի նախաձեռնած բոլոր վարույթները վերաբերել են բացառապես ընդդիմադիր ուժերի օգտին ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերին․

Ա․ Նահապետյան. Իսկ ձեր մոտ հարց չի առաջանու՞մ, բա ինչի՞ էդ դեպքում մյուս 15 ուժերի կամ, չգիտեմ, 16 ուժերի հետ կապված որևէ բացահայտում չունենք։ Չունենք՝ որովեհտև դուք ինքներդ նաև չեք ստանում նաև էդ տվյալները․․․․

Լրագրող. Կասե՞ք որ ուժերն էին ի վերջո այդ ընտրակաշառքի բացահայտումները, Ուժեղ Հայաստան․․․

Ա․ Նահապետյան. Երեք ուժերի մասին է խոսքը՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայաստան դաշինք կուսակցությունները[39]»

Հատված ՀՀ ԱԺ-ում Արթուր Նահապետյանի ճեպազրույցից, 10․06․2026թ․

Անհրաժեշտ է ընդգծել, որ եթե Բագրատաշենի մաքսատան ղեկավարի մասնակցությամբ դեպքն իրական է, ապա ընտրախախտումները ենթադրաբար պետք է դրսևորվեին մեկից ավելի դրվագներով։ Խոսքը էական լծակներ ունեցող պետական մարմնի, համայնքային ղեկավարների, ինչպես նաև ենթադրաբար բազմաթիվ աշխատակիցներ ունեցող գործարարների մասին է։ Նման բնույթի ընտրակաշառքի (բարենպաստ վերաբերմունքի) դիմաց «իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելուն» ուղղված ենթադրյալ գործողությունները տրամաբանորեն պետք է ունենային «կասկադային ազդեցություն»՝ հանդիպումների մասնակից գործարարների ու վարչական ղեկավարների կողմից ընտրողների կամքի վրա ազդելու բազմակի գործողություններ, ինչը կարող է համարվել համակարգային ընտրախախտման դրսևորում։ Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ միայն չի իրականացրել և հրապարակել «գաղտնալսումներ», ինչպես ընդդիմության պարագայում, ավելին՝ ըստ կոմիտեի ղեկավարի, այս դեպքի առթիվ վարույթ առհասարակ չի եղել։

Ստացվում է մի իրավիճակ, երբ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների կասկածով հետապնդվում և կալանավորվում են հարյուրից ավելի բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ և աջակիցներ, մինչդեռ համանման հանցանքի արժանահավատ վկայության պայմաններում իշխանությունների աջակիցների նկատմամբ առհասարակ քրեական հետապնդում չի հարուցվում։ Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց[40]։ Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումների պարագայում վերաքվեարկության կամ նոր ԱԺ ընտրությունների նշանակելը ոչ թե ԿԸՀ հայեցողությամբ որոշվող հարցն էր, այլ Ընտրական օրենսգրքի ուղիղ և հրամայական պահանջ, ապա ԿԸՀ և ՍԴ որոշումների արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի կազմը չի կարող համարվել օրինական։ Այդ խախտման արդյունքում կրկին մեկ քաղաքական ուժ՝ իշխող ՔՊ կուսակցությունը կունենա պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը և միանձնյա կկարողանա որոշել ցանկացած հարց (բացի Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխությունից և առավել կարևոր հոդվածները փոփոխելու հանրաքվեից) և ընտրել ցանկացած պետական պաշտոնյայի՝ հաշվի չառնելով որևէ այլ կարծիք։

2026թ․ ԱԺ ընտրություններից առաջ տևական ժամանակահատվածում (ներառյալ բուն նախընտրական քարոզչության շրջանում) ուժային կառույցները և դատաիրավական համակարգի հիմնական մասը գործել է ոչ թե օրենքի գերակայության, այլ իշխող ուժի քաղաքական նպատակահարմարության հիման վրա։ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է բացառապես ընդդիմադիր ուժերի օգտին ընտրակաշառք տալու դրսևորումները, միաժամանակ ուշադրություն չդարձնելով իշխող ՔՊ կուսակցության օգտին համանման կամ ավելի վտանգավոր դրսևորումների մասին արժանահավատ վկայություններին։ Նման գործելաոճի պատճառով ստեղծվել է չհիմնավորված տպավորություն, որ ընտրախախտումների են դիմել միայն ընդդիմադիր ուժերը։

Իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների մասին արժանահավատ վկայությունների և դրանց որևէ իրավական ընթացք չտալու պայմաններում ստեղծվում է իրավիճակ, որ նման մեղադրանքով բոլոր ընդդիմադիր ազատազրկվածները համապատասխանում են քաղաքական բանտարկյալի՝ ԵԽԽՎ 1900 բանաձևի d չափանիշին։

Գործող իշխանությունների օգտին ընտրախախտումների բացահայտումը և դրանց պատշաճ արձագանքումը, հաշվի նման հանցանքների բարձր լատենտայնությունը, հնարավոր է բացառապես անկախ նախաքննական մարմինների և դատաիրավական համակարգի պայմաններում։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն չի բավարարում անկախության չափանիշներին ինչպես վերը նկարագրված ընտրովի գործունեության, այնպես էլ ինստիտուցիոնալ առումով իշխող քաղաքական ուժից կախյալ լինելու պատճառով[41]։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը շարունակելու է հետևել հետընտրական զարգացումներին և ընթացիկ քաղաքական հետապնդումներին, ինչպես նաև պատշաճ արձագանքի չարժանացած ընտրախախտումների շուրջ հետագա զարգացումներին։

 

[1] Human rights in Armennia, Amensty International, 2026 թ․, https://www.amnesty.org/en/location/europe-and-central-asia/eastern-europe-and-central-asia/armenia/report-armenia/ (անգլերեն)

[2] Նույն տեղում, ինչպես նաև
Armenia: New legal amendments expand biometric surveillance by police, CSO Meter, 2025 թ․, https://csometer.info/updates/armenia-new-legal-amendments-expand-biometric-surveillance-police

https://acpr.center/hy/publications/report-big-brother-in-armenia/ (անգլերեն)

[3] Հայտարարություն «հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմի մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ, ՔԻՀԿ, 15․10․2025թ․, https://acpr.center/hy/news/venice-commission-2025/

[4] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 29․04․2026թ․ ՍԴՈ-1826 որոշումը, https://www.concourt.am/decision/decisions/69fb4aeaddf62_sdv-1826.pdf

[5] Հայտարարություն Antifake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին, ՔԻՀԿ, 14․11․2025թ․, https://acpr.center/hy/publications/statement-antifake/

[6] «Ատելության խոսքի» հոդվածները՝ քաղաքական հետապնդման գործիք (հատուկ զեկույց), ՔԻՀԿ, 03․06․2026թ․, https://acpr.center/hy/publications/report-hate-speech-laws/

[7] Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով (հրատապ հայտարարություն), ՔԻՀԿ, 19․05․2026թ․, https://acpr.center/hy/publications/statement-threats-of-retaliation/

[8] ՀՀ իշխանությունները զինծառայությունը կիրառում են որպես պատիժ (հրատապ հայտարարություն), ՔԻՀԿ, 04․06․2026թ․, https://acpr.center/hy/publications/statement-military-service-punishment/

[9] Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններ 7 հունիսի 2026թ․, Հայտարարություն նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, 08․06․2026թ․,  Էջ 3 և 18, https://odihr.osce.org/odihr/664831

[10] Տե՛ս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14․06․2026թ․ N 259-Ա որոշումը, https://res.elections.am/images/Decisions/0-2026/14.06.26/259_A_14-06-2026.pdf

[11] Տեղեկատվություն, ՀՀ Սահմանադրական դատարան, 04․07․2026թ․, https://www.concourt.am/news/single/teghekatvowt-yown-5

[12] Մեղրի, 35/65. 20:00-ից հետո քվեարկությունը շարունակած ընտրատեղամասի արդյունքները, Civilnet, 09․06․2026թ․, https://civilnet.am/hy/news/1012399

10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության, Factor, 07․06․2026թ․, https://factor.am/1027660.html

[13] Տե՛ս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11․06․2026թ․ N 254-Ա, N 255-Ա որոշումները, https://res.elections.am/images/Decisions/0-2026/11.06.26/255_A_11-06-2026.pdf,

https://res.elections.am/images/Decisions/0-2026/11.06.26/254_A_11-06-2026.pdf

[14] Տե՛ս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 12․06․2026թ․, N 14-Ա որոշումը,  https://res.elections.am/images/Tec/Decisions/12/2026.14-A._12-06-2026.pdf

[15] Տե՛ս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 07․06․2026թ․ հրապարակած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների xlsx ֆայլի չփոփոխված տարբերակը https://drive.google.com/file/d/12hi9W7XrBDygRMG0WnIt-2E2nGCfOCB-/view?usp=sharing

[16] «Բարգավաճ Հայաստան» -ը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն․ Տոնոյան (տեսանյութ), Ա1+, 08․06․2026թ․, https://www.a1plus.am/hy/article/503110

[17] ԿԸՀ ամփոփած նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել անցումային շեմը, Ազատություն, 08․06․2026թ․, https://www.azatutyun.am/a/kyh-ampopats-nakhnakan-ardyounknerov-bhk-n-chi-haghtaharel-antsoumayin-shemy/33775110.html

[18] «Բարգավաճ Հայաստան» -ը ստացել է․․․

[19] Քոչարյանը ՍԴ-ում կվիճարկի ընտրությունների արդյունքները, Ծառուկյանը պահանջում է իր 120 ձայները, Ազատություն, 08․06․2026թ․, https://www.azatutyun.am/a/33775894.html

[20] Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում. ԿԸՀ նախագահ, Ազատություն, 10․06․2026թ․, https://www.azatutyun.am/a/ays-pahin-bazmativ-yntrateghamaseroum-verahashvark-e-irakanatsvoum-kyh-nakhagah/33777418.html

[21] Տե՛ս 07.10.2022թ․ ՀՀ ԱԺ նիստի արձանագրությունը, http://www.parliament.am/register.php?AgendaID=659&day=07&month=10&year=2022&lang=#07.10.2022

Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ, Ազատություն, 07․10․2022թ․,

https://www.azatutyun.am/a/32070147.html

[22] Տե՛ս Վահագն Միսակի Հովակիմյանի կենսագրությունը՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում, http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1378

[23] Մասնակցելով իր իսկ քվեարկությանը Վահագն Հովակիմյանը «օրենք է խախտել», Ազատություն, 08․10․2022թ․, https://www.azatutyun.am/a/32071381.html

[24] [24] Տե՛ս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14․06․2026թ․ N 258 -Ա որոշումը, էջ 79, https://res.elections.am/images/Decisions/0-2026/14.06.26/258_A_14-06-2026.pdf

[25] Մի շարք պաշտոնյաների ընտրության պարագայում, որի համար Սահմանադրությամբ անհրաժեշտ է մանդատների երեք հինգերորդի կողմ քվեարկություն, առկա են դրանք «շրջանցելու» մեխանիզմներ։ Օրինակ՝ «գլխավոր դատախազի պաշտոնն օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը» (տե՛ս Դատախազության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը): Տակտիկական հեռացումների արդյունքում հնարավոր է ունենալ «ցանկալի» գլխավոր դատախազի պաշտոնակատար և այդպես էլ չհամագործակցել ընդդիմության հետ՝ երկկողմ ընդունելի թեկնածուին ընտրելու համար։ Երեք հինգերորդ մեծամասնության հետևանքները ներկայացված են «ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ» ՔԻՀԿ իրազեկման մեջ, 09․06․2026թ․, https://acpr.center/hy/publications/statement-three-fifth/

[26] ԿԸՀ-ն պարզաբանել է վերաքվեարկություն չնշանակելու պատճառները, Civilnet, 15․06․2026թ․, https://civilnet.am/hy/news/1012519

[27] Տեղեկատվություն, ՀՀ Սահմանադրական դատարան, 04․07․2026թ․, https://www.concourt.am/news/single/teghekatvowt-yown-5

[28] Իրազեկում՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ, ՔԻՀԿ, 09․06․2026թ․, https://acpr.center/hy/publications/statement-three-fifth/

[29] Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններ 7 հունիսի 2026թ․, Հայտարարություն նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, 08․06․2026թ․, https://odihr.osce.org/odihr/664831,

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դիտարկում, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, 01.04.2026 – 20.06.2026թթ․, https://www.transparency.am/hy/project/184

[30] Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններ 7 հունիսի․․․ էջ 17

[31] Վարչապետը խոսում է ընտրակաշառքից, փաստաբանը համարում՝ ուղիղ միջամտություն դատական գործերին, Ազատություն, 15․06․2026թ․, https://www.azatutyun.am/a/varchapety-khosoum-e-yntrakasharkits-pastabany-hamaroum-oughigh-mijamtoutyoun-datakan-gortserin/33781585.html

[32] Հատկանշական է, որ միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն այլ դիրքորոշում էր հայտնել, նշելով, որ «ընտրակաշառքի բաժանմամբ ընդդիմադիր ուժերի կողմից […] կարծում ենք՝ չի հատել ընտրությունների վրա էական ազդեցության սահմանը»,
«Գուցե լցոնումնե՞ր են եղել». կասկածներ ընտրողների թվերի շուրջ, Ազատություն, 30․06․2026թ․, https://www.azatutyun.am/a/goutse-ltsonoumne-r-en-eghel-kaskatsner-yntroghneri-tveri-shourj/33792129.html

[33] 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 09.06.2026թ․, https://www.anticorruption.am/hy/post/2026-tvakani-petrvari-7-its-koruptsion-bnuyti-ntrakan-hantsagortsutyunneri-depkeri-artiv-nakhadzernvel-e-115-kreakan-varuyt-1

[34] Անարդարադատությունը Հայաստանում. 2025թ. զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր), ՔԻՀԿ, 05․11․2025թ., էջ. 23-30, https://acpr.center/hy/publications/report-injustice-in-armenia/

[35] Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը

[36] Տե՛ս «Ականատես» դիտորդական առաքելության «Ականատեսի օրագիր N 8» հրապարակումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, 27․04․2026թ․, https://www.facebook.com/akanatesditord/posts/pfbid0efsvsKx6gqzCBfLLMmAg4f1N8JbWuaySmuhc8p6fjT17uqKvZPEtihDNJ4kDS6HFl

[37] Նախնական Տեղեկանք ապրիլի 1-մայիսի 5, 2026 թ․, «Ականատես» դիտորդական առաքելություն, էջ 14, https://transparency.am/hy/publication/pdf/423/12649

[38] Տե՛ս ԿԸՀ պաշտոնական կայքում Ազգային Ժողովի Ընտրություններ, 2026/ Դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ բաժինը, https://www.elections.am/Elections/Parliamentary

[39] Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ, Հանրային հեռուստաընկերություն, 10․06․2026թ․, https://www.youtube.com/watch?v=KtjYIcyYy28

[40] Resolution 1900 (2012), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, 03․10․2012թ․, https://pace.coe.int/en/files/19150/html

[41] Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվել է Ն․ Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ 2021թ․-ին։ Թեև կոմիտեի ղեկավար կազմը օրենքի համաձայն ինքնավար պաշտոնյաներ են, կառույցի առաջին նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարական էր տվել Ն․ Փաշինյանի ցուցումով, իսկ գործող նախագահը՝ Արթուր Նահապետյանը թեկնածուների միջից ընտրվել էր կրկին Ն․ Փաշինյանի կողմից։ Աղբյուրներ՝

Պաշտոնանկությունների ոճը վտանգ է սահմանադրական կարգի համար, Civilnet, 27․11․2024թ․, https://civilnet.am/hy/news/807040,

Հակակոռուպցիոնի ղեկավարի՝ վարչապետի նախընտրած թեկնածուն Արթուր Նահապետյանն է, Ազատություն Ռադիոկայան, 17․03․2025թ․, https://www.azatutyun.am/a/hakakoruptsioni-ghekavari-varchapeti-nakhyntrats-teknatsun-artur-nahapetyann-e/33350470.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031