«Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, – ասաց Բենը…»:
Վիլյամ Սարոյան, «Դաշնամուր»
1700 թվականին Բարթոլոմեո Քրիստոփորին ստեղծեց մի գործիք, որը հեղափոխեց երաժշտական աշխարհը` հնարավորություն տալով նվագել ինչպես մեղմ (piano), այնպես էլ բարձր (forte)` ֆորտեպիանո:
Կա մի աշխարհ, որտեղ նոտաները վերածվում են զգացմունքների, և այդ աշխարհում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երաժշտագետը, ով բացում է դեպի գեղեցիկը տանող դուռը` դառնալով ուղեցույց և հոգու դաստիարակ:
Անուններ կան, որոնք, տարիների բեռն ուսերին, արարում են ու լռում. սա հենց այն մարդկանց առանձնահատկությունն է, ովքեր իրական գործեր են անում առանց աղմուկի ու գովազդի, խոստումները փոխարինում են արդյունքով, չեն փնտրում ճանաչում կամ գովեստ, պարզապես իրենց լռությամբ բառերն են արժևորում: Ալավերդի քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի վաստակաշատ մանկավարժ է Անահիտ Շահվերդյանը, սաների համար` Անաիդա Լեւոնովնան, հարազատների և մտերիմների շրջանում` Անիկոն, ում աշխատանքը շատ ավելին է, քան պարզապես ստեղնաշարի վրա մատների ճիշտ դիրք սովորեցնելը. դա արվեստ է, որ պահանջում է անսահման համբերություն, անմնացորդ նվիրում, հոգեբանական վերաբերմունք, ճշմարիտ սեր՝ մարդու և հնչյունների հանդեպ: Մանկավարժի ձեռքերն են, որ առաջնորդում են աշակերտի մատները սև և սպիտակ ստեղների վրա` օգնելով նրան գտնելու իր ձայնը, խթանելու ստեղծագործական մտածողությունը, բացելու սեփական ներաշխարհը` նաև յուրովի մեկնաբանելով դաշնամուրային գրականության գլուխգործոցները: Դաշնամուրի մանկավարժը միավորում է կատարողի, հոգեբանի և դաստիարակի որակները: Դաշնամուրը յուրահատուկ ստեղնաշարային և հարվածային բարդ սարքավորում է, որին տիրապետելը, հնչողության նրբությունները բացահայտելը, դինամիկայի ամբողջ հարստությունը փոխանցելը Անահիտ Շահվերդյանի հիմնական առաքելությունն է. հմուտ մանկավարժը կարողանում է հետաքրքրություն առաջացնել դաշնամուրի հանդեպ, նա անհատապես է մոտենում յուրաքանչյուր աշակերտի` զգայուն լինելով նրա հոգեվիճակի և ընդունակությունների հանդեպ: Ոչ միայն տեխնիկապես ճիշտ կատարումն է կարևոր, այլ նաև ստեղծագործությունը «սեփականելու», դրա միջոցով ներքին հույզերն արտահայտելու ձիրքը: Ուսուցման գործընթացում մեծ է անձնական օրինակի դերը: Մանկավարժ Շահվերդյանի վարպետության դասերը ոգեշնչման աղբյուր են երիտասարդ երաժիշտների համար, որոնք իրենց հետ կյանք են տանում սիրելի ուսուցչուհու համաչափ հնչող հրահանգները:
Անահիտ Շահվերդյանը հաստատուն համոզմունք ունի. «Վատ աշակերտ չկա, բոլորն են տաղանդավոր, բացահայտել է պետք, ու երբ «մատերիալդ» լավն է, չես զղջում ընտրածդ մասնագիտության համար»:
Անշուշտ, օրինաչափություն էր իմ հանդիպումը Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի հետ Հաղպատի վանական համալիրում. հոլանդացի զբոսաշրջիկների համար իրապես զմայլելի էր հոգևոր սպասավորի կատարմամբ «Տէր, ողորմեա՛»-ն ունկնդրելը` անկախ լեզվական արգելքից, քանզի հայկական մեղեդիները, հատկապես՝ շարականներն ունեն խորհրդավոր, վսեմ և հոգեպարար երանգ, որն անմիջապես հոգու մեջ է թափանցում, իսկ պարզ խոսքերը կրում են ապաշխարության, աղերսի և Բարձրյալին ուղղված վստահության խորությունը: Ինչպես ասում են` աշխարհը փոքր է, կամ` մի բուռ աշխարհ է. Տեր Միքայելի հետ մեր զրույցի առանցքում հայտնվեց Անահիտ Շահվերդյանը:
Տեր Միքայելի խոսքը` համահունչ տողերիս հեղինակի մտքերին, շնորհավորական ուղերձի արժեք ուներ (վստահաբար, էլի կլինեն շնորհավորական ուղերձներ` ուղղված հոբելյարին), որը մեջբերում եմ ամբողջությամբ. «Մշակն արժանի է իր վարձին… Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր որևէ կերպ չեն երևում, իրենք իրենց չեն երևակայում, չեն ցուցադրում կամ ինքնահաստատվում, այլ լուռումունջ իրենց գործն են կատարում, այն էլ ի՜նչ գործ` առաքելություն, որ կոչվում է Մանկավարժություն: Այո, մանկավարժ, ով 50 տարի կրթում ու դաստիարակում է սերունդ` զարգացնելով մեր երեխաների գեղագիտական ճաշակը, սերը երաժշտության և երաժշտական գործիքների նկատմամբ: Ահա, այդպիսի մշակութային անդուլ մշակ է Անահիտ Շահվերդյանը: Ես` իբրև ծնող, ում երեխային ևս դասավանդել է նա, շատ ուրախ եմ, որ Շահվերդյանը կարողացել է իմ զավակին ևս սեր փոխանցել երաժշտության և դասականի հանդեպ: Բազում սերունդներ են կրթվել Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում` մանկավարժի հմուտ, բարեխիղճ և համեստ կերպարի ներքո: Վստահ եմ, որ այդ մարդկանց հոգեկերտվածքի զարգացման ընթացքի վրա անպայման իր ազդեցությունն է ունեցել նրա ուսուցանելու հմտությունն ու մարդկային բարությունը: Նա, մասնագիտությանը գերազանց տիրապետելուց զատ, նաև իր աշակերտի բարեկամն է, լավ հոգեբան, խրատ ու խորհուրդ տվող…»: Վստահ եմ ` այս խոսքերն ընթերցելիս Անահիտ Շահվերդյանը հուզմունքը զսպելով, շշուկով կասի ինքն իրեն. «Իզուր չեն եղել ջանքերս»: Այո, հայտնի լինելը չի չափվում միայն հետևորդների թվով կամ հեռուստատեսությամբ երևալու հաճախականությամբ: Չափանիշը մեկն է` ինչ չափով է փոխել անձն իր ոլորտի կանոնները, մտածելակերպը, պատմության ընթացքը:
Այս տարի լրանում է Անահիտ Շահվերդյանի ծննդյան 75-ամյակը և աշխատանքային անընդհատ կենսագրության 50 տարին:
1951 թ. Ալավերդի քաղաքում է ծնվել` լոռեցի Լևոնի և կարսեցի Շուշանիկի ավանդապաշտ հարկի ներքո: Կրթությունն առաջնային էր ընտանիքում, առավել ևս` երաժշտական կրթություն ստանալը: Յոթ տարեկանից հաճախում էր նույն Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը` լինելով քաղաքում հանրաճանաչ, լավագույն մանկավարժ Ֆլորա Բեքթաշյանի առաջին և անմոռանալի աշակերտը, բայց երաժշտական գործիք չուներ:

Հայրը` Լևոն Շահվերդյանը, որ շրջանի վաստակավոր անասնաբույժն էր, կարողանում է նյութական առօրեական արժեքներից` կլոր տարին կովի կաթի վաճառքից տնտեսած գումարով, զրկելով իրենց նույնիսկ ձմեռային կոշիկ գնելու հաճույքից, Մոսկվայից գնացքով բերել հոգևորը` բաղձալի «Բելառուս» մակնիշի դաշնամուրը: 1960-ական թվականներն էին: Աստծո կամոք Ալավերդի է այցելում Վեհափառ Տեր Վազգեն Առաջին կաթողիկոսը, հյուրընկալվում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի ավարտական հաշվետու համերգին, լսում 15-ամյա Անահիտի փայլուն կատարումը, ոգեշնչված՝ աջը դնում աղջնակի գլխին ու բաշխում հայրապետական օրհնությունը` որպես սիրո և բարի կամքի արտահայտում: Ճանապարհն արդեն նախանշված էր: Ուսումը շարունակում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտում է կարմիր դիպլոմով, ինչը 1971 թ. հնարավորություն է տալիս ընդունվելու Կոմիտասի անվան կոնսերվատորիա` առկա ուսուցման բաժին, որն էլ ավարտում է գերազանց առաջադիմությամբ: Նա երախտագիտությամբ է հիշում իր դասախոսին` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վահե Ահարոնյանին: Բուհական ուսմանը զուգահեռ դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում և որպես կոնցերտմեյստեր նվագակցել լարայիններին և փողայիններին: Վերադառնում է հայրենի եզերք՝ «Կամերային անսամբլի մենակատար և դասատու» որակավորմամբ` անմնացորդ նվիրվելու իր առաքելությանը: Հիսուն երկար ու ձիգ տարիների անխոնջ գործունեության ընթացքում նրա սաների թիվն անցնում է 700-ը: Մասնագիտությանը նվիրված լինելով` նաեւ նվիրված էր իր ընտանիքին, ամուսնուն` երջանկահիշատակ Համլետ Ապրեսյանին, որը լինելով շրջանի գլխավոր անասնաբույժը, իր գործի նվիրյալը, մշտապես նեցուկ է եղել տիկնոջը: Անմասն չեն մնացել նաև զույգ դուստրերը` Շողիկը և Զարուհին, որոնց նա փոխանցել է մայրական հոգատարությունը, մասնագիտական հմտությունները, սերն առ դասական երաժշտությունը: Ուշագրավ է, որ նրա սաները փայլել են հանրապետական երաժշտական մրցույթներում` նվաճելով մրցանակային տեղեր: Առայսօր «Փոքր քայլ», «Հայասա», «Արտ մյուզիք», «Սեդֆեստ», «Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթներում ու փառատոներում նա ուղեկցում է դպրոցի սաներին` որպես կոնցերտմեյստեր, ինչը հաջողության հասնելու գրավականներից մեկն է: Նրա սաները, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, դասավանդում են տարբեր երաժշտական դպրոցներում` գրանցելով առաջընթաց նաև որպես վարչական ղեկավարներ` ի դեմս Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի երիտասարդ տնօրեն Լիա Տիտանյանի և Օձունի արվեստի դպրոցի տնօրեն Անժելա Շահինյանի:
ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՏԱՃԱՏԻ ՍԱՀԱԿՅԱՆ
բանասեր, թարգմանիչ, կինոպրոդյուսեր
Հ.Գ. 1. Որքան հաճելի է, երբ քաղաքիդ փողոցներում զբոսնելիս մոտակա շենքից լսում ես դաշնամուրի հնչյուններ: Շենքն էլ է գեղեցկանում ու ոգի առնում, որքան էլ արտաքնապես անբարետես լինի: Կանգ ես առնում` պահն ըմբոշխնելու: Ցավոք, մեր օրերում շատ դաշնամուրներ լռել են, «տարեց» դաշնամուրներ կան՝ հաշմված ու անխնամ, որոնց տերերն ասում են` տեղափոխման վճարը կտանք` միայն տարեք` ազատվենք… Արդյո՞ք Բարթոլոմեո Քրիստոփորին կպատկերացներ սեփական հայտնագործության ապագան:
Իսկ Սարոյանի հերոսը` Բենը, «այսպես թե այնպես ինչ-որ մի օր դաշնամուր կունենա»:
Իսկ ի՞նչ ճակատագիր ունեն երբեմնի հարուստ գրադարանների գրքերը. նրանք էլ լուռ են, տերերի կամքով լքում են գրադարակները ու անհույս թափառում լավագույն դեպքում բուկինիստականներում, վատագույն` աղբարկղերում… O tempora, O mores…
Հ.Գ. 2. Ամփոփեմ դրական նոտայով. մաղթեմ Անահիտ Շահվերդյանին արևշատություն` անսպառ ջանասիրությամբ և եռանդով շարունակելու իր ազգանվեր մանկավարժական գործն իր նախընտրած երաժշտարվեստի ասպարեզում:
«Առավոտ» օրաթերթ
14.07.2026
Գլխավոր լուսանկարում՝ Անահիտ Շահվերդյանը՝ կրտսեր դստեր՝ Զարուհի Ապրեսյանի հետ։























































