Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիամին Մաթևոսյան. Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է. «Փաստ»

Հուլիս 18,2026 10:20 Share

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։ Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031