Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Նավասարդյանի բացահայտումները

Հուլիս 22,2026 11:00 Share

Երաժշտության էությունը ոչ թե հնչյուններն են, այլ նրանց մեջ եւ նրանց միջեւ գործող լարվածության ու ձգտման ուժերի զգացողությունը։ Գերմանացի երաժշտագետ Էրնստ Կուրտի՝ մեկ դար առաջ արտահայտած այդ գաղափարի հետ համաձայն կլինի թերեւս երաժիշտների մեծամասնությունը:

Դա իսկապես այդպես է, բայց կապել Ա հնչյունը Բ հնչյունին, Ա հատվածը Բ հատվածի հետ հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաժշտությունը հնչում է. նոտաներին նայելով՝ դա չես հասկանա: Սակայն հնչելն էլ է քիչ՝ երաժիշտ-կատարողը դա պետք է զգա, հասկանա, գիտակցի եւ փոխանցի մեզ: Իսկ այդ կապերը, եթե Կուրտի լեզուն օգտագործենք, այդ լարումներն ու ձգտումները  (Spannung, Strebung) մի քանի հատ չեն, մի քանի տասնյակ չեն: Եթե խոսքը բարձրարժեք երաժշտական գործերի մասին է, դրանք անվերջ են:

Ահա այդպիսի մտքեր առաջացան մոտս՝ օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Սվետլանա Նավասարդյանի համերգից հետո: Դաշնակահարուհին առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս այդ ծրագրով (Մոցարտ, Շոպեն), բայց քանի որ երկու հանճարեղ կոմպոզիտորների գլուխգործոցների ստեղծագործությունների «խորքում» գտնվող ներքին կապերը, «գծերն» անսպառ են, անսպառ են նաեւ մեր անզուգական դաշնակահարուհու բացահայտումները: Ինչպե՞ս չհիշես մեկ այլ նշանավոր դաշնակահար Արտուրո Բոնոդետի Միկելանջելիի խոսքերն այն մասին, որ նա սկսում է աշխատել արդեն բազմիցս կատարած ստեղծագործության վրա, կարծես առաջին անգամ է այն տեսնում:

Վերցնենք թեկուզ Մոցարտի 12 վարիացիաները «Ah! vous dirai-je, Maman» ֆրանսիական երգի հիման վրա, որով Նավասարդյանը ավարտում է համերգի առաջին բաժինը: Պարզունակ մեղեդին, որը հիմա ամեն քայլափոխի հնչում է տարբեր բառերով, Մոցարտի ձեռամբ ստանում է շողշողուն ադամանդի տեսք: Բայց այդ ադամանդի վրա կարելի է «լույս գցել» տարբեր կողմերից: Հենց դա է անում դաշնակահարուհին՝ ամեն անգամ լույսի նոր շողեր փոխանցելով մեզ:

Կամ Շոպենի վալսը (Op. 34 No. 2), որը սկսվում է ձախ ձեռքում «դատարկ» կվինտայից՝ այդպիսով «իմաց տալով» ունկնդրին, որ չսպասի սովորական սալոնային ձեւի մեջ տեղավորվող վալսի: (Չնայած այդ ձեւի մեջ էլ Շոպենը շատ բազմազան է եւ ասելիքի առումով՝ շատ տարբեր): Ո՞ր կողմից ներկայացնել այդ վալսը՝ որպես նոկտյո՞ւրն, որպես էլե՞գիա: Սվետլանա Նավասարդյանը բարձրանում է ժանրային այդ կաղապարներից եւ, հաշվի առնելով դրանք, ստեղծում ինչ-որ նոր, անուն չունեցող երեւույթ:

Եվ այսպես կարելի է պատմել համերգում հնչած բոլոր ստեղծագործությունների մասին: Բայց, իհարկե, պատմելով չի՝ դա պետք է լսել:

Ասածս այն է, որ Սվետլանա Նավասարդյանը միայն դաշնակահար չէ, նույնիսկ միայն երաժիշտ չէ: Նա իր կատարումներով որոշակի հրաշագործություն է ստեղծում, որն ավելի բարձր է, քան «պիանիզմը»՝ այդ բառի բացասական կամ նույնիսկ՝ դրական իմաստներով:

Եվ մի բան էլ: Դաշնակահարուհու կատարումներն այնքան թարմ են, այնքան են տոգորված երիտասարդական ավյունով, որ խոսել նրա տարիքի մասին պարզապես անիմաստ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել