Արդեն տեղեկացրել ենք՝ «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Կարո Մորուք Կարապետյանի նախաձեռնությամբ, 2026 թ. հուլիսի 7-ից Սևանա լճի ափին՝ Շողակաթ գյուղի հարևանությամբ գտնվող «Լոռի-Սևան» հանգստյան վայրում, կազմակերպվել էր 10-օրյա ճամբար։
Այստեղ իրենց ակտիվ հանգիստն անցկացրեցին Արցախյան գոյամարտին մասնակցած, վիրավորված ու հաշմանդամ դարձած ավագ և կրտսեր սերնդի ազատամարտիկները և ժամկետային զինծառայողները։ Այդ 10 օրերի ընթացքում ճամբարում տարբեր ժամկետներով հանգստացան, իրենց մարտական ընկերներին հանդիպեցին, նոր ընկերներ ու բարեկամներ ձեռք բերեցին մի քանի տասնյակ ազատամարտիկներ, ժամկետային զինծառայողներ, ովքեր ունեն տարբեր աստիճանի հաշմանդամություն։ Օրերի ընթացքում տեղում կազմակերպվում էին նաև մշակութային միջոցառումներ, դասախոսություններ, պարգևատրություններ՝ տարբեր ռազմահայրենասիրական կառույցների կողմից, այցելություններ տարածքի պատմամշակութային վայրեր։ Խոհարարի իր կարևոր աշխատանքը վարպետորեն էր կատարում «Վահագնատուն» ազգային խոհարարական ՀԿ հիմնադիր Վլադիմիր Նիկողոսյանը, ում օգնում էր Գայանեն։ Առավել հետաքրքիր ու գեղեցիկ անցավ Վարդավառի տոնը։ Իսկ Սևանա լճի այս լողափը հրաշալի տեղ է…։
Այդ օրերի ընթացքում ճամբարում էի ու ծանոթացա շատերի հետ։
Հանդիպեցի նաև մարտական ընկերներիս։ ՀՀ ԵԿՄ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի տղաներին՝ Արմեն Սետրակյանին ու Արսեն Քարամյանին, ովքեր հաճախ էին մասնակցում ԵԿՄ ուխտագնացությանը դեպի Արցախ, այդ ընթացքում էինք ծանոթացել։ Հիշեցինք երանելի այդ օրերի մասին։ Մասիսի ջոկատի մարտիկ Նորիկ Նազարյանին ճանաչում եմ 1992 թվականից․ միասին եղել ենք մարտադաշտում՝ հիմնականում Լաչինի միջանցքը պաշտպանելիս։ Արցախյան առաջին գոյամարտի մասնակից Արտաշես Սարգսի Ամիրյանը ծնվել է 1975 թ. Կոտայքի մարզի Արգել գյուղում։ Իսկական հսկա է, ժամանակին զբաղվել է բռնցքամարտով։
1993 թ. նոյեմբերին զորակոչվել է Հայոց նորակազմ բանակ՝ ծառայության անցնելով ներքին զորքերում։ 1994-ի մարտին Քարվաճառի տարածքում՝ Օմարի բարձունքում, մասնակցել է մարտական գործողությունների։ Այդ օրերին ինչ-որ պահի թշնամուն հաջողվել էր գրավել մեր տղաների պաշտպանած դիրքերը լեռան գագաթին։ Հիշում եմ՝ նույն դիրքերը հետ բերելու համար մեր տղաներից նահատակվեցին, վիրավորվեցին։ Հերոսաբար նահատակվեցին նաև իմ ծննդավայր Գեղհովիտ գյուղից Արսեն Մկրտչյանը, ով փորձել էր թշնամու կրակի տակից հանել վիրավոր զինվորին, և Հարություն Սաֆարյանը։
Նույն մարտերին է մասնակցել Արտաշեսը՝ մեր ազգի լավագույն զավակներից, Անմահ հերոս Հեթանոս Գագոյի՝ Գագիկ Ստեփանյանի հրամանատարությամբ։ Այդ մարտերում էլ անմահացավ Հեթանոս Գագոն։ Մարտի 16-ին, մառախուղն օգտագործելով, ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել մի քանի հայկական դիրքեր։ Արդեն վիրավոր Գագոյի հրամանատարությամբ պաշտպանվող երրորդ դիրքը մասամբ մնացել էր շրջապատված։ Նրա հրամանով իր զինվորները թողել են դիրքերը, որ խուսափեին շրջափակումից։ Միայնակ մի քանի ժամ դիմակայել էր թշնամուն՝ ապահովելով իր զինվորների անվտանգ նահանջը, նորից վիրավորվել ու ընկել ուժասպառ։ Մտնելով մեր դիրքերը՝ թշնամիները զարմացել էին, որ երկար ժամանակ իրենց դիմակայել է ընդամենը մեկ զինվոր, ով վերջին պահին նաև պայթեցրել էր նռնակը՝ սպանելով նաև մի քանի թուրքի։
Թշնամին, հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի վրա։ Նրա ցուցամատի վրա մնացել էր նռնակի օղակը։ Իր հերոս հրամանատարի մասին պատմեց Արտաշեսը, ում ոտքերը նույն մարտերի ժամանակ ցրտահարվել էին։ Բուժվելով՝ ծառայությունը շարունակել է արդեն Արցախի հարավում։ Ցրտահարությունն իր ծանր հետքն է թողել․ այժմ մի ոտքը ծնկից ցած պրոթեզ է։ Ամուսնացած է, ունի 2 դուստր՝ ուսանողներ են, և 6-ամյա Սարգիս որդին։
Ճամբարում էին նաև 2016 թ. Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներ, ովքեր հրաշքով են ողջ մնացել։ Զրուցում եմ Հովհաննես Էդուարդի Պողոցյանի հետ։ Ծնվել է 1995 թ. փետրվարի 19-ին Վանաձորում։ Ավարտել է ծննդավայրի թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 2015 թ. հունվարին զորակոչվել է Հայոց բանակ՝ ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում։ 2016 թ. ապրիլի 1-ի գիշերը դիրքերից իջել են․ եղել է դիրքի ավագ։ Սակայն սկսվել է պատերազմը։ Մարտնչել են հերոսաբար տղերքը։ Պատահաբար հանդիպել են թշնամու «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատայիններին, բռնվել ձեռնամարտի, շատերին են ոչնչացրել։ Հրադադարի ժամանակ, երբ դիրքում ընդամենը 5 հոգով են եղել, մոտակայքում արկ է պայթել, որի բեկորներից վիրավորվել է։
«Մի կերպ գնացի բուժկետ, ոտքս կապեցին»,- ասում է Հովհաննեսը՝ Հովոն։ Հետ է վերադարձել ու շարունակել ծառայությունը։ Այդ օրերին Արցախի գրեթե բոլոր դիրքերում Քաշաթաղի շրջանից շատ կամավորականներ էինք ժամկետայինների հետ։ Թալիշ-Մատաղիս ողջ երկայնքով քաշաթաղցիներ կային։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ ինքը կոչումով եղել է սերժանտ՝ դիրքի ավագ, իսկ կամավորականները՝ Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներից։
Քառօրյայից հետո էլ քաշաթաղցի կամավորականները մնացին առաջնագծում մինչև հունիսի վերջերը։ Մայիսի 13-ին թշնամու նշանառուն խոցում է Հովոյին․ գնդակը կպել էր գլխին։ Ստեփանակերտի հոսպիտալում 8 ժամ է տևել վիրահատությունը, որից հետո տեղափոխել են Երևան։ 106 օր մնացել է զինվորական հոսպիտալում․ 7 անգամ էլ այստեղ են վիրահատել։ 26 օր եղել է կոմայի մեջ։ Հիվանդանոցում, երբ եղել է կոմայի մեջ, կնքել են, ու Աստծո զորությամբ ողջ է։ Այժմ աջ կողմը թույլ է, բայց, փառք Աստծո, քայլում է, իրեն լավ է զգում։ Մինչև վիրավորվելը լուսանկարվել էր քաշաթաղցի կամավորականների հետ։ Հիշում է՝ իրենց վաշտի հրամանատարը եղել է Արթուրը։
Ասաց՝ այդ օրերին կամավորականներից մեկն իրեն դանակ է նվիրել՝ դիրքերը հերոսաբար պաշտպանելու համար։ Չի հիշում՝ ով է եղել, ցավում է՝ վիրավորվելուց հետո դանակը կորել է։ Այժմ ընտանիքով բնակվում են Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ 3 եղբայրներից միջնակն է, ունի նաև քույր։ Եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Հայրը վախճանվել է 2020 թ. կորոնավիրուսից։ Պարգևատրվել է ՀՀ և ԱՀ «Արիություն» մեդալներով։ Հպարտությամբ նշեց նաև, որ Վանաձորի թիվ 24 դպրոցում իր անվան դասարան կա։ Այժմ էլ հաճախում է «Զինվորի տուն», պարապում է։ Իսկ ճամբար եկել էր Մորուք Կարոյի հրավերով։ 2016 թվականից ճանաչում են միմյանց։
(Տեքստի մնացած հատվածում նույն սկզբունքով կատարման ենթակա ուղղումները հիմնականում վերաբերում են ուղղագրությանը, կետադրությանը, բացատներին և ակնհայտ վրիպակներին։)


















































