Կրունկի շպորը կամ խիթը կրնկոսկրի ներբանային կողմում կալցիումի կուտակման հետևանքով առաջացած ելուստ է, որը կրունկի շրջանում կարող է սուր կամ բութ ցավեր, անհարմարություն և այլ տհաճ զգացողություններ առաջացնել։
Կրունկի շպորը կարող է լինել ինչպես առանձին խնդիր, այնպես էլ՝ մեկ այլ հիվանդության հետևանք։ Մարդիկ հաճախ մտածում են, թե կրնկախիթերը կրունկների շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառ են հանդիսանում, սակայն իրականում կրունկների ցավի վրա կարող են ազդել այլ գործոնները ևս։
Ինչպես նշվեց, կրունկի շպորը ոսկրային ելուստ է, որը ձևավորվում է ոտնաթաթի ներբանային հատվածում։ Շպորները կամ խիթերը նաև անվանում են օստեոֆիթեր։ Դրանք կարող են լինել սրածայր, կեռավուն կամ բութ։ Կրունկի շպորներն առաջանում է այն հատվածում, որտեղ կպչում է ներբանային ֆասցիան՝ ամուր շարակցական հյուսվածքը, որը պահում է ոտնաթաթի կամարը։
Կրնկախիթերը կարող են առաջացնել հետևյալ ախտանշանները
Կարդացեք նաև
- առավոտյան արթնանալիս կրունկի սուր ցավ,
- օրվա ընթացքում բութ ցավ կրունկի շրջանում,
- կրունկի շրջանում այտուց ու բորբոքում,
- վնասված հատվածում այրոցի զգացում,
- կրունկի շրջանում ոչ մեծ, տեսանելի ոսկրային ելուստ,
- կրունկի տակ ցավոտ հատված, որը դժվարացնում է ոտաբոբիկ քայլելը։
Սակայն կրունկի շպորներ ունեցող ոչ բոլորն են ունենում ախտանշաններ։ Խնդիրը, սովորաբար, ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ։
Կրնկախիթերի առաջացման պատճառները
Կրնկախիթեր առաջանում են, երբ մկանների ու կապանների երկարատև լարվածությունը հանգեցնում է կրունկի փափուկ հյուսվածքների մաշվածության։ Կրնկոսկրը պատող թաղանթի պատռվածքը ևս շպորների առաջացման կարող է հանգեցնել։
Տարիքի հետ ևս կրունկները խոցելի են դառնում։ Ժամանակի ընթացքում կալցիումը կուտակվում է, և այդ կուտակումները ոսկրային ելուստներ են ձևավորում։
Ռիսկի գործոնները
Կրնկախիթերի առաջացման հավանականությունը մեծացնում են մի շարք գործոններ, այդ թվում՝
- սպորտային ծանրաբեռնվածությունը՝ հատկապես վազքն ու թռիչքները,
- կրունկի վնասվածքները,
- տարիքը,
- սեռը․ կրնկախիթերն ավելի հաճախ զարգանում են կանանց շրջանում,
- ավելորդ քաշը,
- անհարմար, ոտքը չգրկող կոշիկը,
- քայլքի խանգարումները։
Կան նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք կարող են կրունկի շպորներ առաջացնել, դրանց թվում են՝
- ռեակտիվ արթրիտ (Ռեյտերի հիվանդություն),
- անկիլոզացնող սպոնդիլիտ,
- դիֆուզ իդիոպաթիկ կմախքային հիպերօստոզ,
- պլանտար ֆասցիտ։
Կրնկախիթերն ու պլանտար ֆասցիտը
Կրնկախիթերը հաճախ շփոթում են պլանտար ֆասցիտ կոչվող վիճակի հետ, սակայն ներբանային ֆասցիտն առաջանում է փակեղի (ֆասցիա) բորբոքման կամ ոսկրի կառուցվածքային փոփոխությունների պատճառով։
Կրունկի շպորների բուժումը
Բուժումը հիմնականում ուղղված է ցավի և բորբոքման նվազեցմանը։
Հանգիստը. հանգիստն ու ոտքերի ճնշումը թեթևացնելը կարող են օգնել վնասված հատվածում ցավի ու այտուցի նվազեցմանը։
Սառույցի կիրառումը
Պատվերով պատրաստված օրթոպեդիկ միջադիրների (կոշիկի ներդիրների) օգտագործումը. այդ միջադիրները տեղադրվում են կոշիկի մեջ՝ կրունկի վրա ճնշումը թեթևացնելու համար։
Սպորտային հարմար կոշիկներ կրելը. սրանք կարող են նաև օգնել թեթևացնել ճնշումը և նվազեցնել ցավը։
Հակաբորբոքային դեղամիջոցները
Կորտիզոնի ներարկումները. սրանք նվազեցնում են այտուցը և ցավը վնասված հատվածում։ Այս ներարկումները կիրառվում են, երբ առանց դեղատոմսի վաճառվող հակաբորբոքային դեղամիջոցներն արդյունավետ չեն լինում։
Հազվադեպ կարող է վիրահատություն պահանջվել՝ կրունկի ելուստը հեռացնելու համար։
Եթե կրունկի խիթերը առաջացել են արթրիտի բորբոքային տեսակից, ապա այդ հիվանդության բուժումները նույնպես կարող են բարելավել մարդու վիճակը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Medical News Today


















































