Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ՀՅԴ-ական Արա Նախշքարյանին կալանքի են տանում

Հուլիս 29,2026 17:58 Share

Aravot.am-ի տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել կալանավորելու ընտրակաշառք տալու, ստանալու գործով անցնող ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։ Ժամը 19․00-ին հակակոռուպցիոն դատարանում կքննվի նրա խափանման միջոցի հարցը։

Իրավաբան Աբրասիմ Աթոյանի մասնագիտական գնահատմամբ՝ խափանման այս միջոցի ընտրությունը ոչ իրավաչափ է, քանի որ Արա Նախշքարյանի նկատմամբ շուրջ երկու ամիս է՝ նախաձեռնված է քրեական վարույթ, ու նա այս ընթացքում որևէ ավելորդ քայլ չի կատարել նախաքննությանը միջամտելու, փախուստի դիմելու կամ հանցանք կատարելու, այլ, ըստ Աբրասիմ Աթոյանի, համեստորեն սպասել է, թե երբ իրեն կկանչեն հարցաքննության, հետևաբար բացակայում են ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու հիմքերը։

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում այսօր ձերբակալել են նաև 21-ամյա աղջկա՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Մ․Մ․-ին, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ։

Հիշեցնենք նաև, որ Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։

Նա իր տունը խուզարկելու եկած քննիչներից ու ԱԱԾ-ականներից էր տեղեկացել, որ քրեական վարույթ կա նախաձեռնված։

Արա Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։ Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031