Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ևս Երևանի հետ ունեն «իրենց շահերն» ու հարաբերությունների պատմությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքերի և ճակատագրերի միահյուսվածությունը, ընդ որում՝ ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։
ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները նույնպես իրենց շահերն ունեն և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը», – ասել է Վասիլևը։
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, թե ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ կոնֆլիկտ չկա, և սխալ է ասել, թե այն իբր սկսվել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների սրումից:
Կարդացեք նաև
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «կոնֆլիկտ» գոյություն չունի։ Ասել, որ այն իբր շարունակվում է 2021 թվականից, նույնպես ի սկզբանե սխալ է», – ասել է Վասիլևը:
Ըստ նրա՝ երկար տարիներ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերում, Ղարաբաղյան կարգավորման համար փոխզիջումային լուծումներ գտնելու փորձեր են արվել։
Վիկտոր Վասիլևի խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։
«Հակամարտությունը կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանում դա գիտեն», – նշել է Վասիլևը:
«Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Ինչպես պարզաբանել էր հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նկատմամբ 2021-2022 թվականներին դաշնակիցների կողմից չի կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված պարտավորությունը, ուստի Երևանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը», – հիշեցնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































