Անազատության մեջ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր կրկին կառավարության շենքի առջև են հավաքվել։ Աշխատակիցները ցանկանում են կառավարությունից լսել, թե երբ են վերսկսելու իրենց աշխատանքը։
«Մեր պահանջը քաղաքապետարանից այն է, որ դադարեն ապօրինի օգտագործել մեր գույքը, որովհետև ապօրինի են օգտագործում՝ չունենալով ոչ մի իրավական փաստ։ Այսօր հավաքվել են բոլոր հիմնարկների աշխատակիցները։ Մարդիկ մնացել են անգործ, տեղեր կան, որ չեն վերաբացվել, տեղեր կան, որ վերաբացվել են, բայց մարդիկ չեն հասկանում՝ աշխատո՞ւմ են, թե՞ չեն աշխատում։ Այսօր ուզում ենք վերջնական հասկանալ, թե ինչ վերջնական լուծում ու որոշում է կայացվելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցը։
Հիշեցնենք, որ «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»՝ գործելով քաղաքապետարանի ենթակայության տակ։
Երևանի «Արարատ» գինու, օղու, կոնյակի կոմբինատի կոմերցիոն տնօրեն Զաքարյանն էլ լրագրողներին ասաց, որ հինգշաբթի օրը հանդիպել են կառավարության արարողակարգի պետի հետ, փոխանցել իրենց մտահոգությունները, խնդրանքն ու պահանջը։ Հանդիպման հաջորդ օրը, ըստ նրա, տարածվեց հաղորդագրություն, որ իրենց կոմբինատը հանձնվել է պետական կառավարմանն ու պահպանությանը, «բայց մինչև հիմա ոչ մի տեղեկություն չենք ստացել հետագա գործողությունների վերաբերյալ։ Ըստ հաջորդ գործողությունների՝ պետք է նշանակվի կառավարիչ։ Նախորդ հանդիպման ժամանակ մեզ ասացին, որ ձեր մտահոգությունները կփոխանցվեն համապատասխան պաշտոնատար անձանց, և կլինի տեղեկատվություն հետագա անելիքների մասով։ Այսօր դեռ ոչ ոք չի մոտեցել, տեղեկություն չունենք»։
Կարդացեք նաև
Ծաղկաձորի «Մուլտի Գրանդ Ռեզորթ»-ում գործող ռեստորանի ներկայացուցիչն էլ ասաց, որ իրենց խոստացել էին քննարկել իրենց առաջարկներն ու դժգոհությունները, բայց դեռ նորություն չկա. «Մենք երեք հիմնական հարց էինք ներկայացրել՝ երբ են բացվելու մեր հիմնարկները, մեր բանկային հաշիվները երբ են կալանքից հանվելու, ու ով է վճարելու հարկադիր պարապուրդում գտնվող այսքան մարդկանց աշխատավարձերը… Մինչև երկուշաբթի սպասեցինք, ոչ մի պատասխան։ Այսօր այնքան ենք այստեղ սպասելու, մինչև պատասխան չստանանք։ Որովհետև սա ոչ իմ մեղքով է եղել, ոչ պարոն Ծառուկյանի մեղքով է եղել, բոլորս էլ հասկանում ենք, թե ում մեղքով է այս ամենը եղել։ Եթե ներսում գտնվող մարդկանց համար մարդկային կյանքերը կարևոր են, այսօր մեզ պետք է պատասխան տան»։
Կառավարության շենքի դիմաց հավաքվածներից մի խումբ անձինք այս պահին կառավարության շենքում են՝ բանակցելու և ստանալու իրենց հարցերի պատասխանները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































