Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը` Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ու նրա ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ցույցերի մասին

Օգոստոս 03,2026 16:55 Share

ԲՀԿ առաջնորդ, 70-ամյա Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության, անձի դաստակների չափից փոքր ձեռնաշղթաներ հագցնելու, ֆիզիկական ուժի կիրառմամբ՝ գետինը գցելով ձերբակալելու տեսանյութի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություններ է սկսել՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան մարմիններից:

Aravot.am-ը Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ավարտե՞լ են արդեն ուսումնասիրություններն ու ի՞նչ եզրահանգումների են եկել։

«Դեռ չենք ավարտել ուսումնասիրությունը, որովհետև իրավաչափության գնահատումը ենթադրում է ոչ թե պարզապես մի տեսանյութի ուսումնասիրություն, այլ առաջին հերթին համապատասխան մարմինների գործունեության և գործողությունների իրավաչափությունը։ Այսինքն՝ համաչափությունը, անհրաժեշտությունը և հիմքերը գնահատելու կարևորություն, սրա համար շատ կարևոր է, որ իրենք ներկայացնեն պարզաբանումները, մենք կարողանանք համադրել տարբեր կողմերի տեսակետները և կարողանանք վերջնական եզրահանգում իրականացնել։ Ամեն դեպքում այս առումով հրապարակային հանդես կգանք»։

Aravot.am-ը Անահիտ Մանասյանին նաև հարցրեց՝ ի՞նչ ասելիք, անելիք, դիրքորոշում ունի ՄԻՊ-ը այդ նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող տարբեր ընկերությունների աշխատակիցների աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին, խոսքը մոտ 10 հազար պարապուրդի մատնված աշխատակիցների մասին է, որոնք ամեն օր բողոքի ցույցեր են անում։

Նշենք նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատակիցները այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ցույցի ժամանակ պահանջում էին Անահիտ Մանասյանի հետ հանդիպում։

«Ո՞ւր է Մարդու իրավունքների պաշտպանը, ինչո՞ւ ես պաշտպանված չեմ, ինչու այսքան մարդ պաշտպանված չէ։ Մի անգամ, մի հարթակում չի խոսվում, որ այսքան մարդ անգործ է մնացել, հացի խնդրի առաջ են կանգնած։ Իմ հարկերից Դուք էլ եք սնվում։ Ժողովրդավարությունից եք խոսում։ Պահանջում ենք մեր հարցերին պատասխանի մարդու իրավունքների պաշտպանն ու րոպե շուտ գա այստեղ ու փորձի պաշտպանել մեր իրավունքները»,– ասում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը։

 

Անահիտ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր հիմնական լիազորությունները պետական մարմինների գործողությունների վրա են բնականաբար տարածվում, և եթե մենք անհատական բողոքներ ենք քննարկում, մենք բացառապես քննարկում ենք պետական մարմինների գործողությունների հետ կապված բողոքներ, բայց համակարգային առումով հարցեր բարձրաձայնելու հնարավորություն ևս ունենում ենք, ոչ թե անհատական դեպքերի հետ կապված, այլ համակարգային խնդիրները ներկայացնելու։

Մենք՝ որպես համակարգային խնդիրներ, իհարկե, աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերը մշտապես ենք ուսումնասիրության կենտրոնում պահում, որովհետև շատ անկեղծ եզրահանգում անեմ այն մասին, որ Հայաստանում ընդհանրապես աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները բազմապիսի են և շատ մեծ արմատավորում ունեն, և այս համակարգային խնդիրների համատեքստում բնականաբար այդ բոլոր խնդիրները իրենց ուշադրությանը կարժանանան»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31