ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող փակված մի շարք ընկերությունների աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ցույցը կառավարության շենքի դիմաց նույնիսկ կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանի հետ հանդիպումից հետո։ Նրանք վաղվա հետ կապված հստակ պատասխանի են սպասում։ Այս ընթացքում, ինչպես հավաքվածներին հայտնեց Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը, կառավարությունից իրենց փոխանցում են այս շոգ ու կրակին կառավարության շենքի մոտ չմնալ։
«Հերթական անգամ մենք հասկացանք, որ ապօրինությունները շարունակվում են, քանի որ մեզ ասում էին՝ վաղը կասեն հստակ, թե որ ժամին, երբ կընդունեն մեզ ու կասեն՝ երբվանից են բացվում մեր հիմնարկները։ Հիմա ասում են՝ անիմաստ մի մնացեք արևի տակ, մեղք եք, մինչև վերևները ասեն, կորոշեն ձեր ճակատագիրը։ Մեր կառավարությանը ուզում եմ տեղեկացնել, որ մեր ճակատագիրը որոշողը մենք ենք, ոչ թե վերևները։ Մենք ենք տերը մեր երկրի, ոչ թե դուք, դուք ընդամենը կատարողներ եք, ովքեր այսօր ոտնահարում են այսքան մարդու իրավունքները»,- ասաց Դավթյանը:
Նա հայտարարեց, որ այստեղից չեն հեռանալու, մինչև կառավարությունը չկատարի իրենց տված խոստումը ու չհայտնի, թե վաղը որ ժամին են գալու, երբ են բացվելու իրենց հիմնարկները.
«Նման բան չեն անում այս ժողովրդի հետ։ Ձեզ ինչ կա՝ հով, կոնդիցիոներներով, սիրուն սենյակներում փռված նստած եք, իսկ մենք այստեղ պատրաստ ենք ժամերով մնալ, մինչև մեր ձայնը կլսվի։ Պարոն Նազարյան, ես գիտեմ՝ տղամարդու խոսքը շատ կարևոր է, երբ տղամարդը խոսք է տալիս, որ կասի, պետք է պահի իր խոստումը։ Չի կարելի անընդհատ ցրել մեր ցույցերը»։
Կարդացեք նաև
Դավթյանն ասաց, որ պատրաստ են նստացույցեր սկսել, բայց չեն հեռանալու։
Աշխատակիցները սկսեցին պահանջել՝ «Բացե՛ք, բացե՛ք մեր հիմնարկները»։
Ցուցարարները պահանջում են նաև ՄԻՊ-ին՝ դժգոհելով, որ իրենց աշխատանքային իրավունքները խախտված են, ու որևէ հարթակում չի երևում ՄԻՊ-ը։
Ցուցարարները 30 րոպե ժամանակ են տվել կառավարությանը. եթե իրենց ոչ մի հստակ բան չասեն, պատրաստվում են փակել փողոցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի


















































