Օգոստոսի 3-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։
Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։
«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։
Աշխատաժողովում ելույթներ են ունեցել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

















































