«Այն քարտեզը, որն ուզում էին երեկ Նարեկ Կարապետյանին փոխանցել, ձեր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանում օգտագործված քարտեզն է։ Ես էլ մի հարց հնչեցնեմ՝ դուք ի՞նչ խնդիր ունեք ՀՀ քարտեզի հետ, որ դա օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով։ Քարտեզը քարոզչական հնարք չէ, քարտեզը մեր պարծանքն է։ Է՞լ ինչն եք հետո դարձնելու քարոզչական պաստառ կամ սուվենիր»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին՝ ո՞րն է ձեր խմբակցության խնդիրը ՀՀ քարտեզի հետ, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Այնուհետև շարունակեց․ «Եթե Ձեզ թվում է՝ մենք ՀՀ քարտեզի հետ խնդիր ունենք, չարաչար սխալվում եք։ Բայց նայենք քարտեզին։ 2020-ի սեպտեմբերին, որ որոշում կայացվեր քարտեզ փակցնելու, ի՞նչ քարտեզ էր լինելու։ 2019-ի սեպտեմբերին ի՞նչ քարտեզ էր լինելու այստեղ։ Մե՞ծ էր լինելու»։
Տարոն Չախոյանն արձագանքեց․ «Եթե Դուք ակնարկում եք այն, որ այս քարտեզի կողքին լինելու էր ԼՂ քարտեզը, ոչ, միանշանակ ոչ, քանի որ ԼՂ-ն երբեք ՀՀ-ի մաս չի կազմել։ Երբ փորձում եք մեկնաբանել, թե երեկ ձեր խմբակցությունն այն քարտեզը, որը փորձ էր արվում փոխանցել, մեր քարոզչական հնարքն էր, ամենևին այդպես չէ։ ՀՀ քարտեզը չի կարող լինել որևէ կուսակցության սեփականությունը»։
Արամ Վարդևանյանն էլ ի պատասխան հարցրեց․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ 2019-ի սեպտեմբերին եղել եք Նիկոլ Փաշինյանի գաղափարական հակառակորդը։ Բա իրեն ասե՞լ եք, որ հանկարծ չասեր՝ Արցախը Հայաստանն է և վերջ, թե՞ չեք նախատել այդ հարցում։ Ինձ մոտ որոշակի շփոթմունք առաջացավ։ Ես այդպիսի նախադասություն չեմ ասել, ինքն է ասել։ Դուք որ ասում էիք, ո՞ւմ հետ էիք կռվում ձեր արձագանքով, Նիկոլ Փաշինյանի՞»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































