Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն, որ Բաքվի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռները, որևէ մեկի համար անակնկալ չէր։
Բաքվում կայացվող այս ապօրինի դատավճիռները չեն փոխում մեկ իրականություն. մեր հայրենակիցները քաղաքական պատանդներ են։ Ադրբեջանում իրականացվող այս «դատավարությունները» իրավական գործընթաց չեն, այլ քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական դատաստանի գործիք, որի նպատակը Արցախի ինքնորոշման պայքարի քրեականացումը, հայ ժողովրդի նվաստացումը և միջազգային հանրությանը սեփական կեղծ օրակարգի պարտադրումն են։
Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել «խաղաղության» գործընթացի մասին, Ադրբեջանը շարունակում է ուժի, սպառնալիքի և քաղաքական հաշվեհարդարի իր քաղաքականությունը։ Այս հակասությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան հեռու են պաշտոնական հայտարարությունները իրականությունից։
Կարդացեք նաև
Առավել մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների անգործությունը։ Այս ամբողջ ընթացքում մենք չենք տեսել ո՛չ գերիների հարցի հետևողական բարձրաձայնում միջազգային հարթակներում, ո՛չ էլ նրանց ազատման ուղղությամբ գործուն դիվանագիտական ճնշում։ Լռությունն, այս պարագայում, ինքնին քաղաքական ընտրություն է։
Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ մեր հայրենակիցները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում՝ կեղծ մեղադրանքներով։ Քանի դեռ նրանք գերության մեջ են, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական, իրավական և դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ նպատակի՝ նրանց անհապաղ ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին։


















































