Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը, որն արդեն 170 տարեկան է, ոչ միայն պահպանում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, այլ նաև դասական հեղինակներից զատ բեմադրում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններից:
Վերջերս միանգամից երկու պրեմիերա էր այնտեղ. մեկը՝ միջազգային մրցանակների դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անունը», մյուսը՝ վրաց դրամատուրգ Օտիա Իոսելիանիի «6 չամուսնացած կին և մեկ տղամարդ» հետաքրքիր պիեսների բեմադրություններն էին: Այս լեգենդար, պատմական թատրոնը, որի բեմում քայլել են մեր հայ մեծերը, հաճախ է անդրադարձել արդի հայ հեղինակների. Գուրգեն Խանջյանին, Կարինե Խոդիկյանին, Սամվել Խալաթյանին և այլոց, որոնց պիեսները բեմադրել են մեկ-երկու անգամ: Սակայն կա հեղինակ, որի դրամատուրգիային արդեն 3-րդ անգամ է դիմում. նա դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանն է, որն իր սերնդակիցների մեջ ամենաշատ բեմադրվող հեղինակներից է:
Կարդացեք նաև
Օրերս Ա. Գրիբոյեդովի անվան պետթատրոնում ադամյանցիները ներկայացրին Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անունը» («Սե՞ր, թե՞ քուանշ») ռոմանտիկ կատակերգությունը: Այս նույն պիեսը բեմադրվել է Արմմոնո միջազգային փառատոնի շրջանակում ընթերցանություն ձևաչափով Համազգային թատրոնի դերասաների մասնակցությամբ, թատերական ուսումնական հաստատություններում, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի խաղացանկում կա նաև այս պահին: Պիեսի առաջին գրավչություններից մեկը թեթևությունն է, ռոմանտիկ-անսպասելի տեսարանները, նուրբ հումորը, վառ կերպարները և այլն:
33-ամյա ռեժիսորը՝ Ալեքս Սաչյանը նաև բեմադրության գլխավոր դերակատարն է, որ ավարտել է Երվանդ Ղազանչյանի արվեստանոցը: Հավանաբար իր վարպետի՝ նշանաբան դարձած խոսքը, թե «առանց ազգային դրամատուրգիայի չկա ազգային թատրոն» կարևորվել է նաև արդեն մի քանի տարի Ադամյան թատրոնում աշխատող Ալեքս Սաչյանի համար:
Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի ղեկավարը՝ Վրաստանի Պատվո շքանշանակիր, ճանաչված ռեժիսոր Արմեն Բայանդուրյանը, երիտասարդ բեմադրիչն ինքն է ընտրել, հավանել ու բեմադրել «Ի՞նչ է քո անունը» պիեսը, իսկ բեմադրությունը համարում է միանգամայն հաջողված:
Արմեն Բայանդուրյանը պրեմիերայի օրը բեմից նշեց. «Ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդ ռեժիսորին, որի առաջին գործն է, և համոզված եմ, որ նա պիտի ունենա շատ մեծ հաջողություն: Ուզում եմ Զոհրաբյանիս՝ մեր կրտսեր ընկերոջը շնորհավորել, նա փաստորեն դարձել է մեր խաղացանկային դրամատուրգը, արդեն 3-րդ գործն ենք խաղում: Եվ տա Աստված, որ անքուն գիշերներ ունենա և անընդհատ գրի ու գրի: Նաև պիտի ասեմ, որ 4 ուսանող ավարտել է թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որի ռեկտորը հենց պարոն Զոհրաբյանն է: Ամուր եղեք: Շուտով, արդեն այս տարի կբացենք մեր թատրոնի դռները…
Բեմադրության նկարիչ Արտյոմ Անթանոսյանն է: Դերերում՝ Սվետլանա Թարխանովա, Սնեժանա Յաղուբյան, Արթուր Գրիգորյան, Արմեն Մկրտչյան և Արամ Հարությունյան»:
Վիրահայոց սիրված բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանը, որը դիտել էր նույն ներկայացման վանաձորյան բեմադրությունը, ինչպես նաև Վրաստանում բեմադրած տարբերակը, մեզ փոխանցեց հետևյալը. «Տաղանդավոր դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի խիստ արդիական «Ի՞նչ է անունդ» պիեսի բեմադրության հանդիսատեսի շարքերում էի Թբիլիսիում, խաղում էին Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի դերասանները` երիտասարդ, խոստումնալից ռեժիսորի բեմադրմամբ, եթե չեմ սխալվում, ռեժիսորի առաջին ներկայացումն էր, և ինքն էր գլխավոր դերում։ Ի դեպ, Էլֆիք Զոհրաբյանի այս պիեսը տեսել էի նաև Վանաձորում` աբելյանցիների բեմականացմամբ։ Ինձ համար դժվար է համեմատության մեջ դնել աբելյանցիների և ադամյանցիների` բեմն ու դահլիճը հույզերով, ապրումներով լցնելու վարպետությունն ու տաղանդը, միայն կասեմ, չնայած պիեսի զավեշտաշատ դրվագների, որոնք անընդհատ հանդիսատեսի ծիծաղով էին համեմվում, ես հուզված էի… Հուզված էի, որ այսօր` արվեստի կարևորությունն այդքան էլ չարժևորող ժամանակներում, հանձինս` Էլֆիք Զոհրաբյանի, Ալեքս Սաչյանի, ունենք նվիրյալներ, ովքեր ապրեցնում են թատրոնը, իսկ թատրոնն ավելի է կյանք, քան ինքը` կյանքը»…
Հանդիսատեսը բավականին տպավորված էր ներկայացմամբ, որտեղ զբաղված էին թատրոնի երիտասարդ ու միջին սերնդի առաջատար դերասանները:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Mikey photographer–ի «Ինչ է քո անունը» բեմադրությունից
























































