ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեք պատկերացնենք՝ մի գիշեր պատմությունը որոշեց բացել իր հին դռներից մեկը՝ ոչ թե մարդկանց վերադարձնելու համար, այլ պարզապես՝ ցույց տալու համար, թե ինչ կասեր ու ինչ գնահատական կտար տեղի ունեցածի հետ կապված։
Նրանք նստած էին մի մեծ, մութ սրահում․ ոչ ոք նրանց չէր հրավիրել, դե ներկայացնելու կարիք էլ չկար։ Սեղանի շուրջ նստած էին՝ Արտաշես Ա-ն, Մխիթար Գոշը, Լևոն Մեծագործը, Շահամիր Շահամիրյանը, Անդրանիկը, Նժդեհը, Դանիել-բեկ Փիրումյանը, Թովմաս Նազարբեկյանն ու Անաստաս Միկոյանը։
Սեղանին փռված էր քարտեզ՝ Հայաստանի քարտեզը, բայց քարտեզի վրա ոչ թե հին սահմաններ էին, այլ ինչ-որ նոր գծեր։ Դրանք ՀՀ սահմանազատված սահմաններն էին։
Կարդացեք նաև
Արտաշեսը շատ երկար նայեց դրանց։
— Սրանք ի՞նչ են։
— Սահմաններ են, —դահլիճի խորքից պատասխանեց ձայնը։
Արքան նորից նայեց, ապա հարցրեց․
— Ո՞վ է դրանք պաշտպանելու։
Դահլիճում լռություն տիրեց։
— Ես հարց տվեցի,-դարձյալ լռություն։
Արտաշեսը հետ քաշվեց։
— Հետաքրքիր է։ Իմ ժամանակ սահմանը գծում էին այնտեղ, որտեղ կանգնած էր զորքը, իսկ հիմա, երևի, զորքը գծից հետո են փնտրում։ Կամ ինչ արհեստական քարի կտորներ են շարված սահմանի տարբեր հատվածներում, ես իրական ահռելի սահմանաքարեր էի դրել՝ յուրաքանչյուր շենի ու համայնքի և ողջ պետության սահմաններն հստակ ընդգծելու նպատակով։
Լևոնը ժպտաց, բայց ոչ ուրախությունից, դա դառնության ժպիտ էր։
— Մի շտապիր, արքա՛, իմա ամեն ինչ ավելի քաղաքակիրթ է արվում՝ էսթետ։
Արտաշեսը նայեց նրան։
— Թշնամի՞ն էլ է քաղաքակիրթ ու էսթետ դարձել։
Լևոնը չպատասխանեց։
Հանկարծ սրահի պատին հանկարծ հայտնվեց մեկ այլ տեսարան՝ զինվորներ, բանակ։ Հետո՝ պատերազմ, ապա՝ պարտություն։ Հետո՝ ելույթներ, բանակի մասին մեղադրանքներ։ Հետո՝ նախկին հրամանատարներ, դատ ու դատաստան։ Հետո՝ հերոսների անուններ, որոնց մասին խոսելիս արդեն ոչ թե հպարտություն, այլ կասկած կար։
Անդրանիկը վեր կացավ, մի քանի վայրկյան լուռ նայեց էկրանին։
— Սրանք իրենց զինվորների՞ մասին են խոսում։
— Այո,-լսվեց դահլիճի խորքից եկող ձայնը։
— Իսկ ինչո՞ւ է թվում, թե թշնամու մասին են խոսում։
Ոչ ոք չպատասխանեց։
Նա նստեց, ապա ասաց.
— Զինվորին կարելի է պարտված տուն բերել, այց չի կարելի նրան համոզել, որ ինքը սխալ էր, որովհետև կռվել էր։
Նժդեհը, որը մինչև այդ լուռ էր, նայեց հաջորդ տեսարանին։ Տեսավ Հաղթանակի մասին խոսող մարդկանց, հետո նույն հաղթանակը փոքրացնող մարդկանց, այնուհետև՝ «անցյալի սխալների» մասին երկար խոսակցություններ։
Թեթև ժպտաց ու նետեց․
— Տարօրինակ բան է։
— Ի՞նչը,-եղավ հարցը։
— Հաղթանակից են ամաչում, պարտությունից՝ արդարանում։
Անդրանիկը նայեց նրան։
— Իսկ դու ի՞նչ էիր սպասում։
Նժդեհը պատասխանեց.
— Ոչ սա։
Հաջորդ կադրում արդեն Արցախն էր՝ լեռներ, անտառներ, եկեղեցիներ, վառվող տներ, մարդիկ։ Հետո՝ դատարկ ճանապարհներ,դատարկ տներ ու քաղաքներ։
Լռություն տիրեց։ Ոչ ոք չէր չխոսու։
Շահամիրը ձեռքը դրեց սեղանին։
— Այսինքն՝ այնտեղ այլևս հայ չկա՞։
— Ոչ,-եղավ պատասխանը
Նա երկար նայեց քարտեզին։
— Իսկ հետո ի՞նչ եք անվանում սա։
— Խաղաղություն,-հպարտ ասաց ձայնը։
Շահամիրյանը գլուխը բարձրացրեց։
— Եթե ժողովուրդը չկա, իսկ դուք դա անվանում եք խաղաղություն, ապա դուք բառերի իմաստն եք աղավաղել։
Մխիթար Գոշը մինչև այդ ուսումնասիրում էր մի քանի փաստաթուղթ։
— Իսկ սրանք ի՞նչ են։
— Դատարանի գործեր,-արձագանքեց նույն ձայնը։
Նա կարդաց մի քանի էջ, հետո՝ ևս մի քանիսը, ապա փակեց թղթապանակը։
— Ակնհայտ է, որ այստեղ օրենքը բոլորի համար նույնը չէ։
— Որտեղի՞ց իմացար,-հարցրեցին ներկաները։
Գոշը նայեց նրանց։
— Օրենքը, եթե նույնը լիներ, այսքան շատ բացատրություն չէր պահանջի։
Մի պահ լռեց ու ասաց։
— Իսկ դատավորը որոշո՞ւմ է։
— Այո,-այս անգամ ասաց մթից եկող ձայնը։
— Իսկ իշխանությո՞ւնը։
— Նա նույնպես կարծիք ունի,-հնչեց խավարից։
Գոշը ժպտաց։
— Ուրեմն դատավորը որոշում է՝ հաշվի առնելով իշխանության կարծի՞քը։
Լռություն էր։
— Հասկացա,-ասաց Վարդապետը։ Նա նորից բացեց գիրքը։
— Այդ դեպքում դատարանը դեռ կա, բայց արդարադատությունը՝ արդեն հարց է։
Լևոնը նայեց նրան։
— Դու չափազանց խիստ ես, Վարդապե՛տ։
Գոշը պատասխանեց.
— Ես պարզապես միջնադարից եմ եկել։
Շահամիրյանը ծիծաղեց։
— Իսկ մենք բոլորս կարծես այնտեղ ենք վերադարձել։
Հետո պատին հայտնվեց մեկ այլ տեսարան։
Բոցաշունչ ելույթ էր, որի ժամանակ անընդհատ մի քանի բառ էր կրկնվում՝ «Իրական Հայաստան»։
Շահամիրը հանկարծ վեր կացավ։
— Սա ի՞նչ է։
— Նոր քաղաքական գաղափար, որը մեզ բերելու է նոր իրողություն ու ապագա,-նույն հպարտությամբ ասաց ձայնը։
— Նոր՞,-արձագանքեց Շահամիրյանն ու մոտեցավ էկրանին։
—Այդ դեպքում, իսկ ո՞րն էր հինը։
Ոչ ոք չպատասխանեց։
— Այսինքն՝ հիմա պետք է որոշել, թե որն է իրական Հայաստանը։
Նա շրջվեց։
— Ես այն ժամանակ էի խոսում Հայաստանի մասին, երբ Հայաստանը որպես անկախ պետություն քարտեզի վրա չկար։ Բայց մենք արդեն գիտեինք, թե ինչի համար ենք պայքարում։
Նրա ձայնը կոշտացավ։
— Դուք պետություն ունեք և հիմա փորձում եք որոշել՝ հայրենիքն իրական է, թե ոչ։
Նժդեհը միջամտեց.
— Գուցե ամենավտանգավորը դա չէ։
— Իսկ ո՞րն է։
— Այն, որ սկսել են հայրենիքն ու պետությունը իրար դեմ դնել։
Բոլորը լուռ էին։
Նժդեհը շարունակեց.
— Պետությունը հայրենիքի կազմակերպված ձևն է։ Եթե մեկը հակադրում ես մյուսին, վերջում երկուսն էլ թուլանում են․ ապա վերանում։
Հանկարծ Սփյուռքի պատկերներ հայտնվեցին։ Փարիզ։ Բեյրութ։ Լոս Անջելես։ Բուենոս Այրես։
Հայկական դպրոցներ։ Եկեղեցիներ։ Մարդիկ, որոնք հազարավոր կիլոմետրերից շարունակում էին խոսել Հայաստանի մասին։
Արտաշեսը հարցրեց.
— Սրանք ովքե՞ր են։
— Հայեր,-հապճեպ արձագանքեց ձայնը։
— Ինչո՞ւ են հեռու։
— Որովհետև սփյուռքում են,-եղավ պատասխանը։
Նա նայեց էկրանին։
— Իսկ ինչո՞ւ եք նրանցից հեռանում։
Այս անգամ ոչ ոք չպատասխանեց։
Լևոնը երկար նայեց Սփյուռքի պատկերներին։
— Ես ծովի մյուս կողմում պետություն էի կառուցում, ինձ համար հեռավոր հայը երբեք օտար չէր։
Շահամիրյանը հանգիստ ասաց.
— Որովհետև պետությունը միայն այն մարդկանցը չէ, ովքեր ապրում են նրա սահմանների ներսում։ Երբեմն նրա ամենամեծ պաշտպանները սահմաններից դուրս են լինում։
Արտաշեսը հանկարծ նորից վերցրեց քարտեզը։
— Իսկ սա՞։
Նա ցույց տվեց մի հատված։
— Սա ո՞ւմն է։
— Վիճելի տարածք էր։
— Իսկ հիմա՞։
— Այժմ արդեն սահմանը որոշված է,-հնչեց պատասխան։
Նա նայեց Լևոնին։
— Ուրեմն դուք ոչ միայն կորցրել եք հողը։ Դուք կորցրածի մասին խոսելու ձևն եք փոխել։
Սրահում ծանր լռություն իջավ։
Այդ պահին առաջին անգամ խոսեց Միկոյանը։
Մինչ այդ նա բոլորին էր լսում։
— Դուք ինձ հետաքրքիր բան եք ցույց տալիս։
Նժդեհը նայեց նրան։
— Ի՞նչ։
— Իշխանություն, որը շատ է խոսում ժողովրդի մասին։
— Ե՞վ։
— Բայց այդքան խոսելուց հետո ժողովուրդը սկսել է իրար չհասկանալ։ Իշխանությունը միշտ ունի մի գայթակղություն։ Երբ չի կարողանում մարդկանց համախմբել արդյունքի շուրջ, սկսում է նրանց համախմբել հակառակորդի դեմ։
— Իսկ հետո՞։
— Հետո հակառակորդների թիվն այնքան է մեծանում, որ մի օր ամբողջ հասարակությունն է դառնում բաժանված։
Նա նայեց էկրանին։
— Դուք դա անվանում եք քաղաքական պայքար։ Ես դա անվանում եմ կառավարման ձախողում։
Նժդեհը առաջին անգամ հետաքրքրությամբ նայեց Միկոյանին։
— Դու՞ ես դա ասում։
Միկոյանը թեթև ժպտաց։
— Ես շատ բան եմ տեսել։
— Եվ շատ բան արել,-արհամարհական ասաց Նժդեհը։
— Հենց դրա համար էլ ասում եմ։
Սրահում ոչ ոք չծիծաղեց։ Միկոյանը շարունակեց.
— Սուտը իշխանության համար օգտակար գործիք է միայն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն սկսում համեմատել ասվածը կատարվածի հետ։
— Իսկ եթե ամեն օր նոր սուտ է ասվո՞ւմ,-վրա նստեց Գոշը։
— Այդ դեպքում խնդիրը նույնիսկ սուտը չէ։
Նա նայեց բոլորին։
— Խնդիրը այն է, որ հասարակությունը սկսում է ապրել իրականության ու իշխանության պատմած իրականության միջև։
Գոշը գլխով արեց։
— Եվ այդտեղից սկսվում է պետության ներսի քայքայումը։
Այդ պահին սրահի մյուս դուռը բացվեց։
Ներս մտան Դանիել-բեկ Փիրումյանն ու Թովմաս Նազարբեկյանը։
Փիրումյանը ոչ մեկին չնայեց։ Մոտեցավ քարտեզին ու մատը դրեց Սարդարապատի վրա։
Երկար լռեց։
— Այստեղ ի՞նչ եղավ,-հարցրեց նա։
— Սարդարապատի ճակատամարտը,- պատասխանեց ձայնը ։
— Իսկ եթե չկանգնեի՞նք։
Ոչ ոք չպատասխանեց։
Նա ինքը պատասխանեց.
— Այսօր Հայաստան անունով երկիր չէր լինի։
Փիրումյանը շրջվեց։
— Հիմա ինձ ասում եք՝ բանակը պետք է թուլացնել, որովհետև պատերազմը վատ բան է։ Հերոսների մասին պետք է զգույշ խոսել, որովհետև նրանց հիշողությունը կարող է բաժանել հասարակությանը։ Հաղթանակների մասին պետք է լռել, որովհետև դրանք կարող են խանգարել խաղաղությանը։
Նա կարճ ժպտաց և հավելեց
— Մենք Սարդարապատում չէինք կռվում պատերազմի համար։ Կռվում էինք, որ պատերազմից հետո երկիր ունենանք, ապրենք։
Նազարբեկյանը մինչ այդ լուռ ուսումնասիրում էր քարտեզը։
— Դուք բանակը միայն զորամասերում եք փնտրում,-ասաց նա։
Նա շրջվեց դեպի ներկաներին։
— Բանակը նախ մարդու գլխում է։
— Ինչպե՞ս,-հարցրեց ձայնը։
— Այն պարագայում, երբ զինվորին ասում ես, որ իր հաղթանակը կասկածելի է, նրա հրամանատարները՝ հնացած, հերոսները՝ «անհարմար», իսկ նրա անցյալը՝ սխալների շղթա, դու դեռ կարող ես զենք ունենալ, բայց արդեն բանակ չունես․ դա խառնամբոխ է։
Փիրումյանը նայեց նրան։
— Մենք այն ժամանակ մեկ ուրիշ խնդիր ունեինք։
— Ի՞նչ խնդիր,-ասաց ձայնը։
— Մենք գիտեինք, որ եթե պարտվենք, վերջն է․ ամեն ինչ կվերանա, բոլորս կվերանանք։
Նազարբեկյանը հանգիստ պատասխանեց.
— Իսկ հիմա կարծես ուրիշ խնդիր կա։
— Ո՞րն է,-հարցրեց Դանիելը։
— Հիմա մարդկանց համոզում են, որ պարտվելն էլ կարող է նորմալ լինել։
Փիրումյանը երկար լռեց։
Հետո ասաց.
— Դա ավելի վտանգավոր է։
Նազարբեկյանը գլխով արեց։
— Շատ ավելի։
Փիրումյանը վերջին անգամ նայեց Սարդարապատին։
— Մենք այնտեղ ոչ թե պատմություն էինք պաշտպանում։
Նա ձեռքը դրեց Հայաստանի վրա։
— Մենք ապագա էինք պաշտպանում։
Սրահում կրկին լռություն տիրեց։
Այդ պահին քարտեզի վրա երևաց ևս մեկ պատկեր։ Մարդիկ։ Հոգնած մարդիկ։ Մարդիկ, որոնք այլևս չէին հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ վաղվան։ Մի ամբողջ հասարակություն, որի մեջ ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը կամաց-կամաց դարձել էր պաշտպանական մեխանիզմ։
Նժդեհը երկար նայեց այդ մարդկանց։
— Հարգելի ու պատվարժան մարդիկ՝ սա ամենավտանգավոր պատկերն է։
— Ինչո՞ւ,-հարցրեցին բոլորը միասին։
— Որովհետև զայրացած մարդը դեռ պայքարելու ուժ ունի, իսկ լատենտ, անտարբեր մարդը՝ ոչ։
Անդրանիկը գլուխը բարձրացրեց։
— Ժողովրդին կարելի է պարտության մեջ էլ պահել, եթե նա դեռ հավատում է, որ վաղը կարող է հաղթել։
Նժդեհը լրացրեց.
— Բայց եթե նրան համոզես, որ ոչինչ կախված չէ իրենից, արդեն պատերազմ պետք չէ։ Նա ինքն իրեն կկանգնեցնի։
Արտաշեսը լուռ նայեց քարտեզին։ Լևոնը՝ դատարկված Արցախին։ Գոշը՝ դատարանների փաստաթղթերին։ Շահամիրյանը՝ «իրական Հայաստանի» էկրանին։ Փիրումյանն ու Նազարբեկյանը՝ բանակին։ Անդրանիկն ու Նժդեհը՝ մարդկանց։
Իսկ Միկոյանը երկար ժամանակ ոչինչ չէր ասում։ Հետո ասաց.
— Հիմա ես հասկացա, թե որն է ձեր ամենամեծ խնդիրը։
Բոլորը նայեցին նրան։
— Դուք կարծում եք, որ իշխանությունը միայն երկիր է կառավարում, դա այդպես չէ։
— Ի՞նչ է անում,-հարցրեցին միաձայն։
Միկոյանը նայեց դատարկ սրահին։
— Իշխանությունը փորձում է որոշել, թե մարդն իր երկրի մասին ինչ պետք է մտածի։
Ոչ ոք չպատասխանեց։
— Իսկ երբ իշխանությունը սկսում է որոշել, թե մարդն ինչ պետք է հիշի, ում պետք է հարգի, ինչից պետք է ամաչի, ինչ հաղթանակ պետք է մոռանա, ինչ հայրենիք պետք է ընդունի և ինչ հայրենիք՝ մերժի, արդեն գործ ունենք ոչ միայն իշխանության հետ։
Նա շրջվեց դեպի քարտեզը։
— Գործ ունենք ինքնության համար պայքարի հետ։
Եվ այդ պահին բոլորը հասկացան, թե ինչու էին այդ գիշեր հավաքվել։
Ոչ թե Հայաստանի անցյալը ներկային դատելու համար, այլ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այն ժողովրդի հետ, որի պատմությունը, բանակը, հերոսները, հաղթանակները, հայրենիքի գաղափարը, Սփյուռքը և պետության նկատմամբ հավատը միաժամանակ սկսում են դառնալ քաղաքական վերաձևավորման առարկա։
Արտաշեսը վերցրեց քարտեզը։
— Մի բան միայն հիշեք։
Բոլորը շրջվեցին դեպի նա։
— Պետությունները երբեմն կորցնում են պատերազմներ, բայց ժողովուրդները պետությունները կորցնում են այն ժամանակ, երբ այլևս չեն հավատում, որ արժանի են ունենալու դրանք։
Այդ ժամանակ պատմության դուռը փակվեց։ Ոչ ոք չիմացավ՝ նրանք գնացին, թե վերադարձան իրենց ժամանակը։
Բայց քարտեզը մնաց սեղանին։
Սահմանները նույնն էին։ Անունները՝ նույնպես։
Միայն մի նախադասություն էր հայտնվել քարտեզի անկյունում.
«Հայրենիքը չեն հանձնում միայն սահմանին։ Այն առաջին հերթին հանձնում են մարդու գիտակցության մեջ»։
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով


















































