Քիչ առաջ ԱԺ նիստի ընթացքում կրկին միջադեպ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հարց տալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին, կիրառեց «գործ տալ» արտահայտությունը։ Լևոն Քոչարյանը մասնավորապես ասաց․ «Պարոն Ֆարմանյան, երբ Ձեր թեկնածությունն էինք քննում, ՔՊ պատգամավորների կողմից փորձ արվեց ՊԵԿ ամբողջ համակարգի ենթադրյալ ու իրական բացթողումները Ձեզ հետ կապել։ Այս համատեքստում պատգամավորներից մեկն ասաց, որ Ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացնի․ ժողովրդի լեզվով ասած՝ գործ տալու մասին ակնարկեց»։
Այս բառերը լսելով՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղկացուցիչ է»։ Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց․ «Մի միջամտեք ինձ, ես եմ ընտրում իմ խոսքը, լսեք մինչև վերջ, կհասկանաք, թե ինչ էի ուզում ասել»։ Վահագն Ալեքսանյանը հորդորեց անջատել Լևոն Քոչարյանի բարձրախոսն ու ասաց․ «Ձեզ հայտարարում եմ նախազգուշացում։ ՀՀ-ում չկա մի պատգամավոր, որ կարող է ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն այս դահլիճում անվանի «գործ տալ»։ Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի»։
ԱԺ նիստերի դահլիճում թեժ լեզվակռվի մեջ մտնելու համար ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսափողից ելույթ ունենալու հնարավորությունից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ կես կատակ կես լուրջ ասաց․ «Պարոն Ալեքսանյան, կարծում եմ՝ երեկոյան նորից VAR համակարգի կարիքը կզգանք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































