«Այն, ինչ անում են և ինչ արել է երեկ Նիկոլ Փաշինյանը, գիտակցված սադրանք է, որը հանգեցնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության խափանման»,– այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով երեկ ՔՊ-ականների կողմից Վեհափառին ավազանի անունով դիմելուն ու նրա հասցեին վիրավորական խոսքեր ուղղելուն, ինչից հետո իրենց խմբակցության պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստն ու դահլիճից դուրս եկան:
«Մեզ համար էլ դժվար չի, չէ՞, ամեն անգամ իր անունը տալու փոխարեն ասել՝ Ալլահշուքյուր Փաշինյան: Կարող ենք Փաշինյանին դիմել իր ավազանի անունով։ Բայց ամեն դեպքում մենք դա չենք անում, որովհետև եկել ենք ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։ Այստեղ և՛ իր վարքագիծն է, որը բացարձակ հակադիր է հանրային ծառայողի էթիկայի նորմերին, ու ԱԺ նախագահողի թերությունն է, որ չի կարողանում նիստերը նախագահել բնականոն ընթացքով, ինչը հանգեցնում է ԱԺ գործունեության տապալման»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում այսօր սկսված խուզարկություններին՝ Ղազարյանն ասաց, որ նախագահ Քոչարյանը մինչև այսօր ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն էր, իսկ մյուս նախագահները Բաքվի բանտերում են. «Նրա ձերբակալությունը պայմանավորված է այդ հանգամանքով։ Երեկ այստեղ հնչեցվեց ՀՀ, մեր գործող պետությունը տապալելու հանցավոր մտադրության մասին՝ այն պայմանականորեն անվանելով 4-րդ հանրապետության ստեղծման ազդարարում, ինչը իրավաբանորեն չի կարող գոյություն ունենալ։ Դրա հետ նաև խոսվեց Արցախի, առհասարակ դրա հիշողություններից հրաժարվելու մտադրությունների մասին։ Այդ համատեքստում է, կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվում են այդ գործողությունները։
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է թալանին, ապօրինի հարստությանը և այլն, դրանց պետք է հիշեցնել Փաշինյանի գլխավորությամբ, որ հիմա 2018 թվականը չէ։ Որ ինքը արդեն 8 տարի ՀՀ ղեկավարն է ու 4-րդ ժամկետում է Հայաստանը ղեկավարում։ Ինքը չորրորդ անգամ է գալիս ու այնպես է խոսում, ոնց որ առաջին անգամն է եկել՝ արդարությունը հաստատելու։ Մենք արդեն մտածում ենք՝ իրենց թալանածը ոնց ենք հետ բերելու, այդ իրենց 8 տարիների, որը հսկայական թալան է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































