«Մենք այս պահին ոչ թե պայքարում ենք Արցախի Հանրապետության ճանաչման, այլ ավելի շատ պայքարում ենք արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ արցախահայությունն ունենա իր հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այս պահին հիմնական տեսլականը սա է, եւ կարծում եմ՝ դա հիմնավորված է ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլ ընդհանրապես միջազգային կառույցների կողմից ընդունված բազմաթիվ որոշումներով»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձը, միջազգային մեխանիզմնե՞ր պետք է լինեն, Բալայանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այդ մանրամասները քննարկելու ու հանրայնացնելու անհրաժեշտություն չկա։ Բայց մեկ բան ակնհայտ է, որ մարդը որտեղ ապրում է, պետք է ունենա համապատասխան պայմաններ, որպեսզի կարողանա իրեն իր տանը զգալ։ Իսկ մանրամասները՝ կետերը, ճանապարհային քարտեզը, դա հետագայի հարց է»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի Ազգային ժողովին չի հաջողվում նիստ գումարել եւ ԱԺ նախագահ ընտրել, Բալայանը պատասխանեց․ «Ոչ թե չի հաջողվում, այլ խորհրդակցությունների շրջան է։ Այնպես չէ, որ այդ էջը փակված է։ Չէ, պարզապես խորհրդակցություններ են, տարբեր ուժերի հետ շփումների, հասարակության տրամադրությունների, կարծիքի փուլում ենք»։
Կարդացեք նաև
Վահրամ Բալայանը նշեց, որ այսօր Արցախի Հանրապետությունը ֆիզիկապես չկա, բայց այդ գաղափարը մարդկանց մոտ պահպանվում է, եւ պետք է զարգացնել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






















































