Բառերը քաղաքական կյանքում ստեղծում են իրականություն։ Երբ տարիներով մարդկանց սովորեցնում են, որ քննադատությամբ հանդես եկողը ոչ թե մրցակից է, այլ թշնամի, ապա ինչ-որ պահից սկսած այդ թշնամու նկատմամբ բռնությունը, վիրավորանքը, լռեցումը կամ իրավազրկումը սկսում են ընկալվել որպես ոչ թե անթույլատրելի վարք, այլ արդարացված պատասխան։ Այդպես խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը։ Հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր ներքին արգելակները։ Այն, ինչ երեկ թվում էր անընդունելի, այսօր դառնում է «քաղաքական պայքարի մաս», իսկ վաղը կարող է արդեն ընկալվել որպես «անհրաժեշտ պաշտպանություն»։
Այդ շղթան հատկապես վտանգավոր է փոքր հասարակությունների համար, որտեղ քաղաքական բևեռացումը արագորեն տեղափոխվում է ընտանիքներ, աշխատանքային միջավայրեր, ընկերական հարաբերություններ, համայնքներ և նույնիսկ սերունդների միջև կապեր։ Հայաստանի պարագայում այս երևույթը առավել ծանր հետևանքներ ունի նաև այն պատճառով, որ երկիրը վերջին տարիներին անցել է պատերազմների, տարածքային կորուստների, անվտանգային ցնցումների, սոցիալական հիասթափությունների և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության խորը ճգնաժամերի միջով։ Այդպիսի պայմաններում հասարակությունն առավել զգայուն է, ավելի խոցելի, ավելի արագ է բորբոքվում և ավելի դժվար է վերադառնում սթափ քննարկման դաշտ։ Երբ ազգային անվտանգության և պետական գոյության հարցերը քննարկվում են նույն պիտակավորող լեզվով, որով քննարկվում են ներքաղաքական վեճերը, հետևանքը դառնում է հատկապես վտանգավոր։ Այդպիսի միջավայրում ճշմարտությունը չի բացահայտվում, որովհետև բոլոր կողմերն ավելի շատ զբաղված են սեփական ճամբարի պաշտպանությամբ և հակառակ ճամբարի ոչնչացմամբ, քան իրական պատճառների ուսումնասիրությամբ։ Իսկ պետությունը, որը չի կարողանում իր ամենածանր փորձառությունները վերածել սթափ վերլուծության, դատապարտված է նույն սխալները կրկնելու վտանգին։
Առանձնապես ցավալի է, որ անհանդուրժողականությունը և բռնության լեզուն ներթափանցել են այն հաստատություններ, որոնք պետք է լինեին քաղաքական մշակույթի չափանիշ սահմանող վայրեր։ Ազգային ժողովը, որպես երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն, պետք է լինի ոչ թե միայն օրենքներ ընդունելու տեխնիկական հարթակ, այլ հանրային բանավեճի օրինակ։ Խորհրդարանը հենց այն վայրն է, որտեղ հասարակությունը պետք է տեսնի, որ ամենասուր տարաձայնությունները հնարավոր է քննարկել կանոններով, փաստարկներով, արժանապատվության պահպանումով և քաղաքական պատասխանատվությամբ։ Եթե խորհրդարանում հնչող խոսքը վերածվում է վիրավորանքի, եթե պատգամավորները միմյանց հետ հարաբերվում են ոչ թե որպես ժողովրդի տարբեր հատվածների ներկայացուցիչներ, այլ որպես թշնամական խմբերի մարտիկներ, եթե բանավեճը հաճախ փոխարինվում է փոխադարձ նվաստացմամբ, գոռգոռոցով կամ ֆիզիկական լարվածության դրսևորումներով, ապա այդ պատկերը ուղիղ ազդում է հասարակության վրա։
Քաղաքացիները՝ հատկապես երիտասարդ սերունդը, տեսնում են, որ երկրի ամենաբարձր քաղաքական հարթակում հաջողության լեզուն փաստարկը չէ, այլ կոպտությունը, հանդուրժողականությունը չէ, այլ ագրեսիան, ինքնատիրապետումը չէ, այլ ուժի ցուցադրումը։ Ու զարմանալի չէ, որ հետո նույն վարքը կրկնօրինակվում է սոցիալական ցանցերում, բակային խոսակցություններում, համալսարաններում, աշխատավայրերում, համայնքային ընտրություններում կամ նույնիսկ ընտանեկան միջավայրում։ Քաղաքական վերնախավը (ինչպիսին էլ այն լինի) միշտ ձևավորում է վարքագծի մոդել, անգամ եթե դա չի գիտակցում։ Եթե այդ մոդելը բռնության և արհամարհանքի մոդել է, ապա հասարակության վրա դրա ազդեցությունը երկարաժամկետ և քայքայիչ է։
Կարդացեք նաև
Այս խնդրի մեջ ամենաբարդ և ամենավտանգավոր հանգամանքներից մեկն իշխանության պատասխանատվության չափն է։ Ցանկացած քաղաքական ուժ, լինի իշխանություն թե ընդդիմություն, կարող է ընկնել պոպուլիզմի, վիրավորական հռետորաբանության և անհանդուրժողականության մեջ։ Սակայն իշխանությունն ունի առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետև ունի պետական լծակներ, ինստիտուցիոնալ հեղինակություն, օրակարգ թելադրելու հնարավորություն և ուժային ու վարչական համակարգերի վրա ազդեցություն։ Երբ որևէ ընդդիմադիր գործիչ կոշտ, երբեմն գուցե անպատասխանատու կամ վիրավորական խոսք է օգտագործում, դա վնասակար է քաղաքական մշակույթի համար։ Բայց երբ նույնը անում է իշխանության ներկայացուցիչը, կամ երբ իշխանության ղեկավարը բացահայտորեն կամ անուղղակիորեն խրախուսում է նման գործելակերպը, դրա հետևանքն անհամեմատ ավելի մեծ է։
Իշխանության խոսքը սովորական խոսք չէ։ Այն ընկալվում է որպես թույլտվություն, ազդակ, վարքագծի չափանիշ։ Եթե վերևից հնչում է արհամարհանք, ներքևում այն դառնում է ագրեսիա։ Եթե վերևից հնչում է պիտակավորում, ներքևում այն դառնում է հալածանք։ Եթե վերևից հանդուրժվում է բռնության կամ նվաստացման լեզուն, ներքևում այն կարող է վերածվել իրական բռնության։ Պետական պաշտոնյաների խոսքը պետք է ունենա հավել յալ պատասխանատվություն ոչ թե այն պատճառով, որ նրանք չպետք է քննադատեն կամ պաշտպանվեն, այլ որովհետև նրանց խոսքը ազդում է հանրային վարքի վրա։
Այստեղից է գալիս երկակի ստանդարտների մասին հանրային ընկալումը, որը հատկապես սուր է, երբ իշխանությունները հայտարարում են բռնության դեմ պայքարի, ընտանեկան բռնության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության կամ ժողովրդավարության մասին, բայց քաղաքական պրակտիկայում իրենք են կիրառում նվաստացման, պիտակավորման, ուժային ճնշման կամ ագրեսիվ խոսքի մեխանիզմներ։
Այդպես հասարակությունը շատ արագ նկատում է, որ պաշտոնական հռետորաբանությունն ու քաղաքական վարքը հակասում են միմյանց։ Եթե խորհրդարանում, հանրային ելույթներում կամ իշխանական քարոզչական միջավայրում նորմալացվում է ուժի, նվաստացման, սպառնալիքի կամ անարգանքի լեզուն, ապա դժվար է հանրությանը համոզել, որ նույն իշխանությունը սկզբունքորեն պայքարում է բռնության մշակույթի դեմ։ Բռնությունը չի սկսվում միայն հարվածից։ Այն սկսվում է մտածողությունից, որ դիմացինը արժանի չէ հարգանքի, որ նրան կարելի է լռեցնել, նվաստացնել, վախեցնել, որ ուժեղի կամ իշխանություն ունեցողի խոսքը ինքնին ճշմարտություն է։ Եթե այդ մտածողությունը քաղաքական մակարդակում հանդուրժվում է, ապա ընտանեկան, համայնքային կամ սոցիալական մակարդակում դրա դեմ պայքարը դառնում է կիսատ և ոչ համոզիչ:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































