Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործը՝ Պուտինի սեղանին

Ապրիլ 04,2013 13:25

«Հակակոռուպցիա» եւ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի գործունեությունն արդյունքներ է տալիս

«Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են ձեր երկրի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաեւ ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ն հետաքրքրված է այդ բացահայտումների եւ Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» ձեր երկրում՝ բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն: Խոսքը նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հիմնադրեց «Հակակոռուպցիա» շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային: Կազմակերպությունն արդեն որոշակի գործունեություն ծավալել է ՌԴ-ում եւ Եվրոպայում գործող համանման կազմակերպությունների հետ: «Երբ փոքր երկրից Ռուսաստանի Դաշնություն է գալիս նախկին պաշտոնյան եւ միանգամից հսկայական առեւտրի կենտրոն, զվարճանքի վայրեր է բացում՝ նշանակում է, որ նա ՌԴ-ի տնտեսության մեջ է ներդնում իր երկրից գողացած գումարները»,- ասում է տիկին Գալյուչենկոն՝ առայժմ ձեռնպահ մնալով անուններ հնչեցնել, քանի որ համարում է, որ առավել ճիշտ կլինի, եթե դա բացահայտի հետաքննությունը: Ի դեպ, այս խնդիրներով ժամանակին բավականին լրջորեն զբաղվել է նաեւ Հայաստանում եւ ՌԴ-ում ոչ անհայտ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը՝ համագործակցելով ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հետ:

«Հայաստանը ՌԴ-ի ստրատեգիական գործընկերն է, եւ Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում կայունության, արտագաղթը կանխելու, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար»,- ասում է տիկին Գալյուչենկոն՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ է իրենց կազմակերպությունը որոշել իր լուծելիք խնդիրը դարձնել Հայաստան պետությունից գողացված գումարների վերադարձը: Հատկանշական է, որ խոսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «յուրացրած» գումարների մասին, ինչն, ի դեպ, նա արել է հենց ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ»: Այժմ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը այդ փաստաթղթերը պատրաստվում է դնել ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին: Տիկին Գալյուչենկոյից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տրամաբանություն կա եւ ինչո՞ւ պետք է Վլադիմիր Պուտինը որոշի անկեղծանալ ու պատմել, թե ժամանակին ինչպես է հովանավորել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր երկրից գումարներ յուրացնելու հարցում: Անկախ ամեն ինչից՝ մեր զրուցակիցը գտնում է, որ ճիշտ  ճանապարհը հենց դա է. «Մենք հույս ենք կապում ՌԴ նախագահի անկեղծության հետ, քանի որ նա ընտրված է ժողովրդի կողմից, իսկ ժողովուրդը անկեղծ պատասխան է ակնկալում: Բացի այդ, նա այժմ ՌԴ-ում է սկսել կոռուպցիայի դեմ պայքարել»: Ի դեպ, այդ փաստերը փոխանցվելու են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կազմակերպության անդամներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, հարկ եղած դեպքում նաեւ պաշտոնական դիմումներ կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տիկին Գալյուչենկոն չի բացառում, որ այս գործընթացի արդյունքում անգամ պաշտոնապես հրապարակվի հայ չինովնիկների մի ցուցակ, ում մուտքը ՌԴ սահմանափակվի՝ կոռուպցիայի մեջ «թաղված» լինելու համար. «Կոռուպցիան, ցավոք, դարձել է ապրելակերպ: Մինչդեռ բոլոր պաշտոնյաները շատ հստակ պետք է հասկանան, որ նման պարագայում կարող են կոնկրետ պատիժներ կրել: Նման ցուցակներն անհրաժեշտ են»:

«Առավոտի» հարցին՝ եթե, այսպես ասած, գործը հասնի երկրների գործող նախագահներին, կոռուպցիայի սլաքները նրանց ուղղությամբ տանեն, ի՞նչ քայլեր կնախաձեռնեք, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի ղեկավար, գեներալ Վլադիմիր Մամաեւն ասաց՝ կստացվի ցավալի բախում իրականության հետ, քանի որ, մասնավորաբար, ՌԴ-ում ոչ թե օրենքի, այլ անհատի գերիշխանություն է: Այս առումով մեր զրուցակիցը բերում է Ֆրանսիայի օրինակը. ինչպես հայտնի է, Նիկոլա Սարկոզիի դեմ քրեական գործ է հարուցված: Պարոն Մամաեւը նաեւ հիշեցնում է, որ իր պաշտոնավարման առաջին շրջանում Վլադիմիր Պուտինը հրաման ընդունեց Ելցինի ընտանիքի անձեռնմխելիության մասին: Չի բացառվում, որ մյուս նախագահն էլ Պուտինի ընտանիքի անձեռնմխելիության մասին հրաման արձակի: «Բայց հրամանն օրենք չէ, իսկ օրենքի առջեւ բոլորն են հավասար: Ցավոք, դեռ այնպիսի Ռուսաստանում ենք ապրում, որ օրենքը դեռ գերակա չէ: Կարծում եմ՝ Հայաստանում էլ է այդպես»,- ասում է մեր զրուցակիցը:

Առաջիկայում Հայաստանում կհիմնադրվի ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի մասնաճյուղ, որը հայաստանյան «Հակակոռուպցիայի» հետ համագործակցելով՝ կփորձի ցույց տալ մեր նախկին ու ներկա պետական այրերի իրական դեմքը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930