Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի ուղու» ռուսական «քարքարոտ» ճանապարհը

Հուլիս 08,2026 11:00 Share

ՌԴն փորձում է TRIPP-ը ներառել ԵԱՏՄ իրավական շրջանակների մեջ

 TRIPP-ը՝ ՌԴ ազդեցության պահպանման նոր մարտահրավեր

Հարավային Կովկասում ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունները փաստում են, որ տարածաշրջանը կարող է դառնալ ուժային կենտրոնների մրցակցության առանցքային հարթակը։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված TRIPP (Trade and Regional Integration Promotion Program) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը ոչ միայն տնտեսական եւ ենթակառուցվածքային նախաձեռնություն է, այլեւ քաղաքական նոր իրողություն, որն առնչվում է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական հաշվարկներին։ Պատահական չէ, որ պաշտոնական Մոսկվան, ի դեմս արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի, մի քանի անգամ հրապարակայնորեն անդրադարձել է նախագծին՝ փաստացի ձեւակերպելով Մոսկվայի հիմնական ակնկալիքները։

Գալուզինի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Մոսկվան TRIPP-ը դիտարկում է ոչ թե առանձին տնտեսական նախաձեռնության, այլ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության համատեքստում։ Ռուս պաշտոնյան հետեւողականորեն պնդում է, որ նախագիծը չի կարող արդյունավետ իրականացվել առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության։ Նրա խոսքով՝ «TRIPP տրանսպորտային նախագիծը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, եւ Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի»։

Այս հայտարարությունը փաստացի արտահայտում է ՌԴ արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքներից մեկը՝ Հարավային Կովկասում որեւէ խոշոր ենթակառուցվածքային կամ աշխարհաքաղաքական նախաձեռնություն չի կարող իրագործվել առանց Մոսկվայի մասնակցության կամ առնվազն համաձայնության։ Ռուսաստանի համար խնդիրը միայն տրանսպորտային միջանցքի ստեղծումը չէ։ Խնդիրը վերահսկողությունն է տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են քաղաքական ազդեցությանը, անվտանգությանը եւ տնտեսական ներկայությանը։

Հատկանշական է, որ Գալուզինը TRIPP-ը կապում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի եւ Չինաստանի ռազմավարական շահերի հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ավարտից հետո Թեհրանը դժվար թե ընդունի ամերիկյան ներկայությունն իր հյուսիսային սահմաններին, իսկ որոշ փորձագետների կարծիքով Չինաստանը եւս դժգոհ կլինի, եթե Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող տրանսպորտային երթուղու մի հատվածը գտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո։ Այս ձեւակերպմամբ Ռուսաստանը փորձում է TRIPP-ը ներկայացնել ոչ միայն որպես հայ-ամերիկյան նախաձեռնություն, այլ որպես նախագիծ, որի իրականացումը կարող է հակասել տարածաշրջանի այլ խոշոր դերակատարների շահերին։ Այլ կերպ ասած, Մոսկվան ձգտում է ցույց տալ, թե իր դիրքորոշումը միայն ռուսական շահերի պաշտպանություն չէ, այլ նաեւ համընկնում է Իրանի եւ, որոշ չափով, Չինաստանի աշխարհաքաղաքական պատկերացումների հետ։

Ռուսաստանի մյուս առանցքային շեշտադրումը վերաբերում է Հայաստանի պարտավորություններին։ Գալուզինը հատուկ ընդգծում է, որ քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, TRIPP-ի շրջանակներում իրականացվող բեռնափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ԵԱՏՄ նորմերին համապատասխան։ Նրա խոսքերով՝ «Հայաստանով բեռների տարանցումը եւս պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին ու կանոններին համապատասխան, քանի դեռ Հայաստանը հայտարարում է, որ կառույցից չի պատրաստվում դուրս գալ»։

Այսինքն, Ռուսաստանը փորձում է TRIPP-ը ներառել արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն համակարգի՝ ԵԱՏՄ-ի իրավական շրջանակների մեջ, այդպիսով սահմանափակելով նախագծի ինքնուրույն քաղաքական եւ տնտեսական նշանակությունը։ Ասել է թե՝ պահպանել ՌԴ ազդեցության լծակները նույնիսկ այն դեպքում, երբ նախաձեռնությունն ամերիկյան է։

TRIPP-ի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման կարեւոր բաղադրիչներից մեկն էլ անվտանգության գործոնն է։ Գալուզինը հիշեցնում է, որ նախագծի երթուղին անցնելու է այն տարածքով, «որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ», ինչպես նաեւ հավելում է, որ հայկական իշխանությունների հայտարարություններով՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման հարց չի քննարկվում։

Այս հայտարարությունների համադրումը պատահական չէ։ Մոսկվան փորձում է ընդգծել, որ իր ռազմական ներկայությունը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը, հետեւաբար նաեւ նոր նախագծի անվտանգային միջավայրն անմիջականորեն առնչվում է ՌԴ ներկայությանը։

Միաժամանակ պաշտոնական Երեւանը փորձում է խուսափել TRIPP-ի շուրջ ռուս-ամերիկյան մրցակցության մեջ ներքաշվելուց։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, որ «այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձեւաչափով, կնքվել է համաձայնագիր, եւ դա իրականացման փուլում է», իսկ Ռուսաստանի հնարավոր ներգրավման վերաբերյալ քննարկումներ ներկայումս չեն ընթանում։ Նրա խոսքով՝ «Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում։ Մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա»։

Սակայն պաշտոնական Երեւանի այս զգուշավոր ձեւակերպումները չեն նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է հաշվի առնել իր գործող միջազգային պարտավորությունները։ Սաֆարյանը հաստատում է, որ քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նախագծի մաքսային եւ տարանցիկ գործընթացները կիրականացվեն միության գործող կարգավորումների շրջանակում։

Այսպիսով, պաշտոնական Երեւանը փորձում է միաժամանակ պահպանել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ եւ չխախտել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

ԵԱՏՄն՝ Մոսկվայի ազդեցության հիմնական գործիք

TRIPP-ի շուրջ ռուսական դիրքորոշումը չի կարելի դիտարկել առանձին՝ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունից։ Գալուզինի հարցազրույցի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ, չնայած վերջին տարիներին հարաբերություններում առաջացած լարվածությանը, Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իր ռազմավարական գործընկեր եւ Հարավային Կովկասում անվտանգության համակարգի կարեւոր տարր։ Գալուզինն ընդգծում է, որ Ռուսաստանի նպատակը երկկողմ հարաբերությունների խզումը չէ, այլ դրանց պահպանումն ու զարգացումը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Մոսկվան Հայաստանի նկատմամբ կիրառում է երկու փոխլրացնող մոտեցում. առաջինը գործընկերային հռետորաբանությունն է, որով ընդգծվում է պատմական, դաշնակցային բնույթը, տնտեսական փոխկախվածությունը եւ անվտանգության ոլորտում երկարամյա համագործակցությունը։ Երկրորդը՝ անուղղակի, բայց հստակ քաղաքական ուղերձն է՝ Հայաստանի արտաքին քաղաքական յուրաքանչյուր նոր նախաձեռնություն պետք է հաշվի առնի ՌԴ-ի շահերը եւ չհակասի արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն մեխանիզմներին։

Այս տրամաբանության շրջանակում առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ ռուսական մոտեցումը։ Գալուզինը բացահայտորեն մտահոգություն է հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման առնչությամբ՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը կարող է հակասել ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Ռուս պաշտոնյան փաստացի ազդարարում է, որ միաժամանակ երկու տարբեր տնտեսական ինտեգրացիոն համակարգերում լիարժեք մասնակցությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է ստեղծել իրավական եւ տնտեսական հակասություններ։

Այս հայտարարությունը Մոսկվայի համար միայն տնտեսական նշանակություն չունի։ ԵԱՏՄ-ն վաղուց դադարել է լինել բացառապես տնտեսական կառույց, այն վերածվել է Մոսկվայի ազդեցության պահպանման հիմնական քաղաքական գործիքներից մեկի։ Այդ պատճառով էլ Հայաստանի եվրոպական ուղղությամբ յուրաքանչյուր նոր քայլ ՌԴ-ում ընկալվում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական բազմավեկտորության դրսեւորում, այլեւ որպես սեփական ազդեցության աստիճանական սահմանափակման վտանգ։

Հատկանշական է, որ Գալուզինը միաժամանակ խուսափում է վերջնագրային ձեւակերպումներից։ Նա չի հայտարարում, թե Հայաստանը պետք է հրաժարվի Եվրոպայի հետ համագործակցությունից։ Նա անընդհատ շեշտում է, որ Երեւանի բոլոր քայլերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ կանոններին եւ չվնասեն արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն համակարգին։ Այսինքն, Մոսկվան ներկայումս նախընտրում է ոչ թե բաց հակադրությունը, այլ իրավական եւ տնտեսական լծակների միջոցով սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրելու հնարավորությունները։

Եթե համադրենք ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությունները, նա մի կողմից հաստատում է, որ TRIPP-ը ներկայում իրականացվում է բացառապես հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում եւ Ռուսաստանի ներգրավման վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն մյուս կողմից նա հստակ ընդգծում է, որ Հայաստանը չի հրաժարվում իր միջազգային պարտավորություններից եւ, քանի դեռ մնում է ԵԱՏՄ անդամ՝ բոլոր մաքսային եւ տնտեսական գործընթացները կիրականացվեն գործող իրավական նորմերին համապատասխան։

Սա էլ իր հերթին վկայում է Երեւանի որդեգրած հավասարակշռման քաղաքականության մասին։ Պաշտոնական Երեւանը մի կողմից փորձում է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ արեւմտյան գործընկերների հետ, մյուս կողմից՝ խուսափում է այնպիսի հայտարարություններից, որոնք կարող էին ընկալվել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վերանայում կամ ԵԱՏՄ-ից հրաժարվելու ազդակ։

Սակայն Ռուսաստանի ռազմավարական նպատակը դրանով չի սահմանափակվում։ Գալուզինի հարցազրույցում նկատվում է հետեւողական փորձ՝ բոլոր առանցքային թեմաները՝ TRIPP-ը, սահմանային անվտանգությունը, ռուս սահմանապահների ներկայությունը, Գյումրու ռազմաբազան, ԵԱՏՄ անդամակցությունը եւ տարածաշրջանային հաղորդակցությունները, ներկայացնելու որպես մեկ միասնական անվտանգության եւ համագործակցության համակարգի բաղադրիչներ։

Այսինքն, ուղերձը հստակ է՝ Հայաստանի անվտանգային, տնտեսական եւ տրանսպորտային հարցերը փոխկապակցված են Ռուսաստանի հետ, եւ ուղղություններից որեւէ մեկի արմատական փոփոխությունը ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա։

Այսպիսով, Գալուզինի հայտարարությունների ամբողջական վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է ոչ թե միայն առանձին նախագծերի նկատմամբ հետաքրքրության, այլ տարածաշրջանում երկարաժամկետ ազդեցության պահպանման ռազմավարության վրա։ TRIPP-ի շուրջ հնչող հայտարարությունները, ԵԱՏՄ-ի վերաբերյալ շեշտադրումները, եվրոպական ուղղության նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը եւ անվտանգության թեմայի մշտական ընդգծումը կազմում են մեկ ընդհանուր քաղաքական հայեցակարգ, որի հիմնական նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտորության պայմաններում Ռուսաստանի դերակատարության պահպանությունն է։

Հետեւաբար, տնտեսական, անվտանգային եւ քաղաքական փոխկապակցվածությունը շարունակելու է մնալ Մոսկվայի ազդեցության կարեւորագույն գործիքը Հարավային Կովկասում։

 Մոսկվայի համար TRIPP-ն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության բաղադրիչ է

Մ. Գալուզինի եւ Մ. Սաֆարյանի հարցազրույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ TRIPP-ի շուրջ ձեւավորված քննարկումները վաղուց դուրս են եկել զուտ տնտեսական-ենթակառուցվածքային նախագծի շրջանակներից։ Հարավային Կովկասում պայքար է ընթանում՝ ազդեցության աշխարհաքաղաքական պահպանման հարցում։

Ռուսաստանի համար TRIPP-ը միայն տնտեսական-տրանսպորտային նախաձեռնություն չէ, այլ՝ տարածաշրջանում ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության բաղադրիչ։ Այդ պատճառով Մոսկվան հետեւողականորեն փորձում է ամրագրել այն սկզբունքը, որ Հարավային Կովկասում որեւէ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագիծ չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության կամ առնվազն քաղաքական համաձայնության։

Գալուզինի հայտարարություններում բազմիցս շեշտվել է, որ ՌԴ-ի մասնակցությունը պայմանավորված չէ միայն տնտեսական հետաքրքրություններով. այն բխում է նաեւ անվտանգության, տարածաշրջանային կայունության եւ հաղորդակցությունների նկատմամբ երկարաժամկետ վերահսկողության պահպանման ռազմավարությունից։

Միաժամանակ ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան ձգտում է TRIPP-ը ներառել ԵԱՏՄ իրավական եւ տնտեսական դաշտում։ ԵԱՏՄ-ն այս համատեքստում հանդես է գալիս որպես Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առանցքային գործիք, որի միջոցով Մոսկվան փորձում է պահպանել իր դերակատարությունը նույնիսկ այն իրավիճակներում, երբ Հայաստանը զարգացնում է համագործակցությունը արեւմտյան գործընկերների հետ։

Պաշտոնական Երեւանն էլ, մի կողմից, ձգտում է խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ՝ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով, մյուս կողմից՝ խուսափում է այնպիսի հայտարարություններից, որոնք կարող էին ընկալվել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշման ազդակ։

Այսպիսով, առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերներից մեկը լինելու է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հավասարակշռումը։ TRIPP-ով արդեն իսկ նկատելի է արտաքին դերակատարների մրցակցությունը։

Գալուզինի եւ Սաֆարյանի հարցազրույցները, իհարկե, նաեւ փաստում են, որ Հայաստանն ինչ-որ առումով գտնվում է նույնիսկ շահեկան աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ յուրաքանչյուր խոշոր տնտեսական-ենթակառուցվածքային նախաձեռնություն ձեռք է բերում քաղաքական եւ անվտանգային նշանակություն։ Սակայն պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն նոր ծրագրերի արդյունավետ իրականացումից, այլեւ այն հանգամանքից, թե պաշտոնական Երեւանին կհաջողվի՞ պահպանել արտաքին քաղաքական հավասարակշռությունը՝ միաժամանակ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը, ազգային շահերը եւ տնտեսական զարգացման երկարաժամկետ նպատակները։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել