Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղը գազաֆիկացնելուց հետո էլ բնակիչները կշարունակեն տները ջեռուցել ավանդական եղանակով` վառելափայտով

Հոկտեմբեր 29,2014 17:38

Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասի բնակիչները բազմիցս են դժգոհել, որ արդեն մի քանի տարի է գազատար խողովակ է անցկացվել դեպի իրենց թաղամաս, բայց մարզկենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վաչագանը շարունակում է չգազաֆիկացված մնալ:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վերջերս մարզկենտրոնում ընթացիկ տարվա 9 ամսվա աշխատանքները ներկայացնելիս նշեց, որ այս տարի տոնեցին գազի մուտքը Վաչագան թաղամաս` ավելի ճիշտ գազատար խողովակի անցկացման աշխատանքների ավարտը: Վաչագան թաղամասը գազաֆիկացվել է դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, որն արժեցել է 10 մլն դրամ:

Աշոտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ Վաչագանի գազատարի շահագործումը հետաձգվում էր, քանի որ կատարված աշխատանքների մեջ մի շարք թերություններ կային, իսկ համայնքը հրաժարվում էր թերություններով հանդերձ ընդունել այն: «Համայնքը հետամուտ եղավ թերությունների վերացմանը, բայց համայնքն այդպես էլ չընդունեց այդ գազատարը որպես գույք` այնուհետեւ փոխանցելու նպատակով ԳԳՄ-ին, այլ ԳԳՄ-ն ընդունեց միանգամից կառուցողից», – ասաց պարոն Հայրապետյանը:

Ինչպես տեղեկացանք` Վաչագան թաղամասում այս պահին բնակիչները դեռ դիմումներ են ներկայացնում` բաժանորդ դառնալու համար: Թաղային լիազոր Սվետլանա Օհանջանյանի խոսքով` բաժանորդագրվելուց ու տներում գազի առկայության դեպքում նույնիսկ Վաչագանում շարունակելու են տները ջեռուցել վառելափայտով: Գազը հիմնականում կօգտագործեն խոհանոցում` ճաշ պատրաստելու համար, իսկ մինչ այդ ստիպված էին նույնիսկ ամռան շոգին ճաշ եփել վառարանի վրա եւ հույս չունեին, որ մի օր թաղամասը կգազաֆիկացվի, քանի որ գազատար խողովակի անցկացման աշխատանքների ավարտը երկար տեւեց:

«Գյուղական տները գազով հնարավոր չէ լիարժեք տաքացնել, պետք է շարունակենք փայտով` այդ մաքուր ջերմությամբ, տաքացնենք: Գյուղացին ի վիճակի չի գազով ջեռուցման ծախսը վճարել, թանկ է: Գյուղերում հիմնական ջեռուցման աղբյուրը վառելափայտն է, մարդիկ իրենց ձիով, էշով գնում են փայտ անում ու ձմռան ջեռուցման հոգսն անում», – նշեց Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասի լիազոր Սվետլանա Օհանջանյանը:

Վաչագանցիները վառելափայտ գնելու փոխարեն`փայտի հոգսն անձամբ են լուծում: Բնակիչների խոսքով` գյուղական այս բնակավայրում գյուղատնտեսությունը զարգացած չէ, հսկա հողատարածքներ չունեն, որ մշակեն, բերքը վաճառեն կամ փոխանակեն վառելափայտի հետ: Ինչպես իրենք են ասում` քարերի հետ են կռիվ տալիս, բայց չեն դադարում հիանալ ու Խուստուփ սարով, որից էլ ներշնչված շարունակում են ապրել Վաչագանում` էքսկուրսիաներ կազմակերպելով դեպի Խուստուփ սար, Գարեգին Նժդեհի գերեզման ու Հացին աղբյուր, որի ջուրը, ըստ թաղային լիազորի, տարին մեկ անգամ` հուլիսի 8-ին, բուժիչ է դառնում` հղումներ անելով այն գրքին, որտեղ հիշատակվում է նշված աղբյուրի բուժիչ հատկության մասին: Նա վստահեցրեց, որ ինքը տարիներ շարունակ հուլիսի 8-ին օգտվել է այդ աղբյուրի ջրից եւ արդյունքն էլ իր վրա զգում է` համոզվելու համար իր ասածների ճշմարտության մեջ, հրավիրեց հաջորդ հուլիսի 8-ին անձամբ այցելել այդ վայր եւ խմել բուժիչ ջրից:

Զրուցակիցս նշեց, որ տուրիստներ են այցելում ինչպես Խուստուփ սար, այնպես էլ Հացին աղբյուր: Վերադառնալով գյուղական կյանքին` Սվետլանա Օհանջանյանը ուրախությամբ նշեց, որ Վաչագանում փակ դռներ քիչ կան, ինչը պայմանավորված է քաղաքին մոտ գտնվելու հանգամանքով ու տրանսպորտի առկայությամբ, մարդիկ քաղաքի հետ կապը պահելով շարունակում են բնակվել Վաչագանում, իսկ տարբեր վայրերում ապրող վաչագանցիները շարունակում են նյութապես օգնել գյուղի զարգացմանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031