Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանում կտտանքների են ենթարկել «հավեսի համա՞ր»

Նոյեմբեր 06,2014 20:10

 

«Առաջին օրվանից էլ Հակոբն ասել է, որ իրեն կտտանքների են ենթարկել, փաստորեն, դա նկարել են հեռախոսով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող, այնուհետև երրորդ երկրից Հայաստան վերադարձած,  ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ առկա է տեսագրություն, որն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:

Ինջիղուլյանի եղբայրը նշեց, թե Հակոբը պատմել է, որ իրեն ծեծել են ու նկարել, բայց չէին մտածում, որ կբացահայտվի: Մեր հարցին` ի՞նչ է պատմում Հակոբը, որտե՞ղ են իրեն ծեծել, ովքե՞ր , ինչի՞ համար: Նրա եղբայրը պատասխանեց. «Հակոբը պատմում է, որ ցանկացած վայրում, որտեղ գտնվել է` թե այն տանը, որտեղ նրան պահել են,  թե ռազմագաղութում, որտեղ գտնվել է, իրեն կտտանքների են ենթարկել: Ըստ Հակոբի` եղել են վայրեր, որտեղ նկարել են, թե իրեն ինչպես են ծեծում: Իսկ ծեծողները զինվորականներ են եղել»: Հարցին` ինչո՞ւ էին ծեծում, ի՞նչ է պատմել Հակոբը, Հարութ Ինջիղուլյանը պատասխանեց. «Երևի թե կարող եմ ասել, որ հավեսի համար, քանի որ հակառակորդին ծեծելու համար առիթ պետք չէ: Իմ ձեռքն էլ ընկնի հակառակորդը, ես էլ կծեծեմ»:

Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը տեղեկացրեց, որ այս օրերին Հակոբ Ինջիղուլյանը այցելում է այն զորամաս, որտեղ բժշկական զննումից հետո շարունակելու է ծառայությունը: Ուստի այսօր ողջ օրը ևս Հակոբը գտնվում էր զորամասում, այդ պատճառով նրա հետ զրուցել չհաջողվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930