Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սուքիասյան. Հովհաննես Երիցյանը սանիկը սուտ հայտարարություն է արել

Հոկտեմբեր 09,2015 21:25

Արթուր Սուքիասյանի կարծիքով՝ խախտվել է Գայանե Թումասյանի սեփականության իրավունքը

Ավան եւ Նոր-Նորք համայնքների  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ՀՀ քաղ. ավիացիայի  վարչության նախկին  պետ Հովհաննես Երիցյանի գործողություններից տուժած եւ իր սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը ընդդեմ Ավան եւ Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ  Սպարտակ Պողոսյանի կայացրած  թիվ 17112714 քր. գործի  կարճման որոշման:

Դատական նիստի ընթացքում Գայանե Թումասյանի պաշտպան Արթուր Սուքիասյանը ներկայացրեց բողոքը: Նա նշեց, որ Լուսաբեկ Սամվելյանը եւ Գայանե Թումասյանը ամուսնացել են 1974 թվականին եւ համատեղ կյանքի ընթացքում գնել են առանձնատուն Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Այնուհետեւ Լուսաբեկ Սամվելյանը փոխառությամբ գումարներ է վերցրել Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկությունից, եւ առանձնատան սեփականության իրավունքը փոխանցվել է կազմակերպությանը՝ պայմանով, որ պարտքի գումարը վերադարձնելու պահին առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվի Գայանե Թումասյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին:

2008 թվականին Լուսաբեկ Սամվելյանը զբաղվել է շինարարությամբ, եւ վերջինիս մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ, այդ ժամանակ Արտակ Մարտիրոսյանի միջոցով նա ծանոթացել է Վահե Վարդանյանի հետ, վերջինից էլ Լուսաբեկ Սամվելյանը 10 տոկոս տոկոսադրույքով գումար է վերցրել, որի տոկոսները սկզբնական շրջանում կարողացել է վճարել, իսկ որոշ ժամանակ անց ֆինանսական խնդիրներ են առաջացել, եւ նա չի կարողացել վճարել: Այդ ժամանակ Վահե Վարդանյանի միջոցով Լուսաբեկ Սարիբեկյանը ծանոթացել է նրա կնքահայր Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս էլ առաջարկել է փոխառությամբ տրամադրել մեծ գումար եւ որպես պարտքի վերադարձման երաշխիք պահանջելով առանձնատունը: Արթուր Սուքիասյանը նշեց, որ Լուսաբեկ Սամվելյանը համաձայնել է միայն առանձնատան իր բաժնեմասի մասով, եւ Հովհաննես Երիցյանին հայտնել է, որ կինը չի համաձայնի գործարքին:

«2009 թվականի հոկտեմբերի 26-ին Վահե Վարդանյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի միջեւ կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր, որի համաձայն Վահե Վարդանյանը եւ Լուսաբեկ Սամվելյանին տրամադրել է 156 միլիոն դրամ, որպես փոխառության պայմանագրի նպատակ պայմանագրում նշվել է, որ Լուսաբեկ Սամվելյանը գումարը վերցրել է առանձնատունը վաճառելու նպատակով: Նպատակային փոխառության պայմանագրով հստակ երեւում է, որ փոխառությունով տրամադրվող գումարի եւ առանձնատան առուվաճառքի միջեւ գոյություն ունեցող կապը, մասնավորապես՝ այն, որ իրականում ոչ թե տեղի է ունեցել առանձնատան առուվաճառք, այլ որ առանձնատունը փոխանցվել է Հովհաննես Երիցյանին որպես փոխառության պայմանագրով ստանձնած պարտականության կատարման երաշխիք: Այսինքն՝ առանձնատան եւ այնտեղ գտնվող գույքի արժեքը Հովհաննես Երիցյանը չի վճարել»,- ասաց նա:

Արթուր Սուքիասյանը հավելեց, որ նույն  օրը Լուսաբեկ Սամվելյանը Վահե Վարդանյանին տվել է լիազորագիր, որով նա կարող է Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկատիրությունից գնել եւ վաճառել առանձնատունը: Օրեր անց Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկատիրության եւ Լուսաբեկ Սամվելյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ նոյեմբերի 6-ին կնքվել է մեկ այլ առուվաճառքի պայմանագիր այս անգամ Լուսաբեկ Սամվելյանի եւ Հովհաննես Երիցյանի միջեւ: Գործարքում որպես Լուսաբեկ Սամվելյանի ներկայացուցիչ հանդես է եկել Վահե Վարդանյանը. «Վահե Վարդանյանը քաջ տեղյակ լինելով առանձնատան ձեռքբերման գործընթացից, մասնավորապես՝ իմանալով, որ առանձնատունը ձեռք է բերվել Լուսաբեկ Սամվելյանի եւ Գայանե Թումասյանի համատեղ ամուսնության ընթացքում եւ հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը նոտարական գրասենյակում սուտ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ»:

Փաստաբանը ընդգծեց, որ Գայանե Թումասյանը զրկվել է իր գույքից եւ գույքը վաճառելու համաձայնություն չի տվել, այսինքն՝ խախտվել է սեփականության իրավունքը: Անդրադառնալով քննիչի սխալներին՝ Արթուր Սուքիասյանն ասաց, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը սահմանել է գործողությունների շրջանակ, որը պետք է վարույթ իրականացնող մարմինը կատարեր, սակայն այդ գործողություններից ոչ մեկը չի կատարվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031