ՀԱՄԱՌՈՏ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ 7.06.2026Թ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ութ տարիների ապազգային կառավարման, որի հետևանքներից են, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի մասնակի օկուպացիան, այդուհանդերձ Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի, մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ դե ֆակտո` Նիկոլ Փաշինյանը, 2026թ. հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի մեջ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է առավելագույն թվով ձայներ, այն է՝ 727.820 քվե:
Պետք է նշել, որ հիշյալ թիվը բազմաթիվ բացասական եզրակացությունների տեղիք տվող ցուցանիշ է: Շարադրանքը չծանրաբեռնելու նկատառմամբ ձեռնպահ մնալով այդպիսի եզրակացությունների ներկայացումից՝ անհրաժեշտ է, սակայն, նշել առնվազն մեկ առանցքային եզրակացություն. Հայաստանի Հանրապետության 727.820 քաղաքացիներ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ որի՝ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:
Սա ոչ միայն ողբերգություն է, այլև՝ ամոթ, խայտառակություն ու խարան հազարամյակների արմատներ ունեցող, համաշխարհային քաղաքակրթության մեջ հսկայական ներդրում ունեցած հայ ժողովրդի համար:
Անհրաժեշտ չեմ համարում ավելին գրելու, հասկացողը վստահ կհասկանա գրվածի իմաստն ու խորությունը:
Կարդացեք նաև
Քաղաքական գործիչները և, ոչ միայն, ապագայում իրենց թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական քայլերը ծրագրելիս, պետք է նկատի ունենան, որ Հայաստանում կան առնվազն 727.820 քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ hայոց hայրենիքի անբաժանելի մասը հանդիսացող, հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը պատկանում է Ադրբեջան անունով 108-ամյա արհեստածին, կեղծ կազմավորմանը:
- Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծված կոնֆիգուրացիայի պայմաններում, ըստ որի՝ Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, նպատակահարմար կլինի, որ նշված դաշինքները չվերցնեն պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում առաջիկա հինգ տարիներին խորհրդարանում նրանց սպասվելու է առնվազն այն ճակատագիրը, ինչը որ ունեցան, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում չգրանցելով որևէ արդյունք:
Անշուշտ, մանդատներից հրաժարումը Նիկոլ Փաշինյանին չի կաշկանդելու անել այն, ինչը նա մտադիր է և ծրագրել է, սակայն չվերցնելով մանդատները՝ Ազգային ժողովը և Նիկոլ Փաշինյանը զրկվելու են թե՛ ներքին և թե՛ արտաքին լեգիտիմությունից: Իսկ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, որ անզեն աչքով անգամ տեսանելի է հանրության շրջանում թևածող լուռ անհամաձայնությունը ստեղծված հետընտրական քաղաքական իրավիճակի հետ: Թե ե՞րբ այդ անհամաձայնությունը կվերափոխվի, ստանալով գործնական տեսք, ցույց կտա ժամանակ:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ


















































