Լրահոս
Օրվա լրահոսը

0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի

Փետրվար 03,2016 12:30

0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի:
Պատմում են, որ աղմուկով եմ ծնվել, ասում են շատ բարձր եմ ճչացել: Մեզանից ոչ-ոք չի հիշում, թե ինչպես է ծնվել: Մեզ պատմում են, մենք էլ ժպիտով լսում, հարցեր ենք տալիս պատմողներին ու ակնկալում լսել նոր մանրամասներ մեր ծննդյան հետ կապված, կարծելով, թե հարյուրերորդ անգամ պատմելիս երեւի էլի մի նոր բան կհիշեն: Եվ համարյա ջնջված հիշողությամբ մի փոքր էլ հորինելով արդեն հարյուրմեկերորդ անգամ պատմում են մեզ մեր ծնվելու պատմությունը։ Եվ շատ կարեւոր է, թե ով է պատմում այն: Հարազատ, բարեկամները այդ իրադարձությունը հիշում են յուրովի եւ ամեն մեկը կարեւորում է իր հիշածը:

Ինչեւէ: Ես աշխարհ եկա: Ծնվեցի Երեւան քաղաքում: Սիլաչի թաղամասի ծննդատանը: Քաղաքի այդ օրվա հերթապահ հիվանդանոցում: Ինձնից առաջ ծնվածները արդեն ծնվել ու ապրում էին այդ քաղաքում, որտեղ ես էլ պետք է ապրեի ու մեծանայի: Քայլեի պիտի նրա փողոցներով, սիրահարվեի իմ քաղաքին ու դառնայի երեւանցի: Ինձնից հետո ծնվածներն էլ պետք է ապրեին ու մեծանային նույն քաղաքում: Սերունդներ: Մեր մեծերը, իմ հասակակիցները եւ կրտսեր սերունդը:

Մեր ավագները արդեն երեւանցու մշակույթ էին ձեւավորել ու ձեւավորում: Կառուցել ու կառուցում էին Երեւանը: Շենացրել ու շենացնում էին այն քաղաքը, որտեղ մենք պետք է ապրեինք:

Ես այն ժամ չգիտեի, որ Երեւանում ծնվելը դեռ չի նշանակում լինել երեւանցի: Չգիտեի, նաեւ, որ երեւանցին տեսակ է: Ոչ մի այլ բնակավայրում ծնվածներից ոչ առավել, ոչ պակաս: Ոչ լավ, ոչ էլ վատ: Ուղղակի տեսակ, պարզապես երեւանցու տեսակ: Ես չգիտեի, որ ծնվելուց զատ դեռ պետք է դառնալ երեւանցի: Անգամ ծնողների երեւանցի լինելը դեռ ոչ մեկին չէր տալիս իրավունք երեւանցի կոչվելու: Ինքդ պետք է դառնայիր: Քո ապրելակերպով, այդ քաղաքի լավն ու վատը ընդունելու կարողությամբ, Երեւանի չգրված օրենքները ընդունելու, կենցաղն ու մշակույթը քոնը դարձնելու ու նորացնելու ցանկությամբ, կրթությամբ, դաստիարակությամբ(թեպետ չեմ սիրում այդ բառը), Երեւանը սիրելու քո անսահմանությամբ: Հետո ավելի ուշ պետք է հասկանայի, որ երեւանցի չեն լինում գրանցումով, ոչ էլ ծնունդով: Այդ հիմա ես արդեն գիտեմ, որ շատ շատերը ծնվեցին ու ապրեցին Երեւանում ու չդարձան Երեւանցի եւ հակառակը:

Artur_Elbakyan-2
Եվ այդպես ես ծնվեցի, եւ այդ օրը ինձ հետ Երեւանի տարբեր ծննդատներում էլի շատերը ծնվեցին ու հետո ավելի ուշ մենք երեւանցիներով իրար պետք է հարցնեինք, թե ով, որ ծննդատանն է ծնվել: Դա երեւանցիների կարեւոր հարցերից է եղել միշտ: Այս կամ այն ծննդատանը ծնվելը ասես` այցեքարտի նման բան լիներ երեւանցիների համար: Ես դեռ չգիտեի, ինչ լավն է այն քաղաքը, որտեղ պետք է ապրեի: Ես չգիտեի, որ երբ առաջին անգամ տեսնեմ հրապարակի մեծ շատրվանը, պետք է պոկվեմ մորս ձեռքից, վազեմ դեպի շատրվանը ու մանկական հիացմունքով բղավեմ. «Վաաայ ֆանտաաաան»: Չգիտեի, որ դպրոց պետք է հաճախեի ու դպրոցից զատ Երեւանի փողոցներում ու բակերում կյանքի դպրոց պետք է անցնեի: Չգիտեի անգամ, որ ինձ արդեն ծննդատանը անուն են տվել, եւ որ ես անուն ունեմ ու ազգանուն:

Ես չգիտեի, որ հայրս մեզնից հեռանալու է, եւ ես մեծանալու եմ առանց հոր:
Ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ Երեւան քաղաքի որ մասում եմ ապրելու:
Չգիտեի, որ մեր տունը Կոմպոզիտորների տան եւ Կոնդ թաղամասի հարեւանությամբ է գտնվում: Այնտեղ էինք ապրում:

Ծննդատնից ինձ բերեցին տուն: Հավաքվել էին նորածնին տեսնել ցանկացող հարազատ-բարեկամները ու մեր ընտանիքի մտերիմ մարդիկ, որոնց բնական է այն ժամանակ ես դեռ չէի ճանաչում: Ավետ «ձյաձյան» (այն ժամանակ Երեւանում տղամարդկանց «ձյաձյա» էին ասում, իսկ կանանց «տյոտյա») նայեց ինձ ու վստահ ասաց. «Էս երեխան երաժիշտ է դառնալու… մի խոսքով ասեմ` արվեստագետ»: Աբո «ձյաձյան», որ վիճել չէր սիրում ու հարգում էր Ավետ «ձյաձյայի» կարծիքը, համաձայնեց իր հետ: Ընդդիմախոսեց ժիրիկ «ձյաձյան». «Ինչ իմանաս, կարող է մեծանում ու գիտնական է դառնում»: Ապագա կնքահայրս, որ շատ կարդացած մարդ էր ու իր կինը` ապագա կնքամայրս, միասին ասացին. «Կարեւորը, որ մեծանա ու լավ մարդ դառնա»: Ծնողներս զմայլված ինձ էին նայում, երկու մորաքույրս հուզված աչքալուսանքի պատրաստություն էին տեսնում: Իսկ մեր բարեկամ ու նաեւ հարեւան Ռուբեն պապը անընդհատ բոլորից պահանջում էր, որ փակեն սենյակի փոքր պատուհանը, որպեսզի երեխայի վրա քամի չփչի: Միայն ղարսեցի Հայաստան տատս, որ կոտորածից հազիվ էր փրկվել, լուռ նստած նայում էր բոլորին ու ձայն չէր հանում: Երեւի մտովի հիշում էր իր երկու զավակներին, քեռիներիս`Արշավիրին ու Աշոտին, որոնք պատերազմից չվերադարձան տուն: Կամ էլ հիշել էր իր ամուսնուն՝ Զաքար պապիս, ում աքսորել էին ու հետո գնդակահարել: Ու երեւի հիմա մտովի զրուցում էր նրանց հետ ու լուր տալիս, որ ես ծնվել եմ ու որ ես պետք է ծխեցնեմ մեր օջախի ծուխը:

Հայաստան տատս միայն ցածր շշնջաց. «Շնորհակալ եմ քեզ, Տեր Աստված: Թող քո օրհնանքը իմ թոռան գլխից անպակաս լինի»: Մինչ իմ հարազատները քննարկում էին իմ ապագան ու վիճում, թե որ կողմին եմ ավելի նման՝ հայրական, թե մայրական, ես արդեն կերել էի իմ հասանելիք կաթը ու ժպիտը երեսիս խաղաղ քնած էի: Ու ես չգիտեի, որ այդ օրը իմ կյանքի առաջին օրն է: Կյանքիս առաջին օրը իմ քաղաք Երեւանում…

ԱՐԹՈՒՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Հատված «Մեր մասին» գրքից:
. Հեղինակի բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29