Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կմասնակցի Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին

Մայիս 18,2016 23:44

«Անկախ կենսապատկեր». Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում այս խորագիրն է կրելու Հայաստանի ազգային տաղավարը, որի ցուցադրության հայեցակարգը մայիսի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանում ներկայացրեց տաղավարի համադրող, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Հայաստանի տաղավարը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին, տեղակայված է Վենետիկի Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթում:

Սարհատ Պետրոսյանի փոխանցմամբ՝ հայկական տաղավարը կներկայացնի Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա:

«Հայկական տաղավարը կկենտրոնանա 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա: Փորձելու ենք յուրովի ամփոփել հետանկախության շրջանի մեր անցած ճանապարհը՝ չկենտրոնանալով միայն ճարտարապետության վրա: «Անկախ կենսապատկեր» խորագրի ներքո փորձելու ենք մտորել, հասկանալ, թե վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի կենսապատկերն ինչ փոխակերպումների է ենթարկվել՝ այդպիսով վերարժևորելով անցած ուղին և միաժամանակ խորհելով ապագայի մասին»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Ցուցադրությունը կտևի շուրջ 6 ամիս, սակայն առաջին օրվա տաղավարը էապես կտարբերվի վերջին օրվա տաղավարից՝ կախված այդ ամիսների ընթացքում հետազոտող հինգ խմբերի իրականացրած աշխատանքներից ու դրանց արդյունքներից: Այլ խոսքով ասած՝ տաղավարի բացման օրն այցելող մարդիկ մի բան կտեսնեն, նոյեմբերին այցելողները՝ այլ բան:

Հետազոտությունների թեմա են, օրինակ, հայկական գերեզմանները, «առաջ տրված» տները, Մեծամոր քաղաքը և այլն:

Հավելենք, որ Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին ներկայացված կլինեն տարբեր պետությունների ճարտարապետական խմբեր ներկայացնող 150 տաղավարներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031