Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ անդամ երկու երկրներ ձգտում են ԱլԳ գագաթնաժողովում ադրբեջանանպաստ ձեւակերպումներ մտցնել ԼՂ հարցով. Դավիթ Շահնազարյան

Հոկտեմբեր 16,2017 22:00

«Վերջին շաբաթներին Ալիեւն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիեւի նպատակը: Երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց եւ նախագահների 2009թ. հայտարարություններին։ Երկու տարի առաջ այդ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Ալիեւը, ապա՝ Մամեդյարովը լքեցին Ռիգայի գագաթնաժողովը:

Հիմա Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումն արմատապես փոխել:  Չեմ կարծում, որ Ադրբեջանը հաջողության կհասնի, բայց հստակ տեղեկություններ ունեմ, որ ԵՄ անդամ երկու պետություններ, առայժմ թույլ տվեք չասել, թե դրանք որ երկրներն են, Ադրբեջանի այդ նպատակի իրագործման ուղղությամբ աշխատանքներ են տանում», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Այսինքն, Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ կա՞ն ԵՄ երկրների միջեւ, հարցրեցինք պարոն Շահնազարյանին:

«Այո: Խնդիրը ԵՄ-ում է, եւ ոչ Մոսկվայում: Առաջին խոչընդոտի մասին արդեն ասացի: Կա նաեւ երկրորդ խոչընդոտը, որը համարվում է տեխնիկական: ԵՄ անդամ երեք պետություններ (նորից թույլ տվեք չնշեմ այդ երկրները), ըստ իմ տեղեկությունների՝ դեռեւս չեն թարգմանել համաձայնագրի տեքստն իրենց ազգային լեզուներով: Պետք է աշխատանք տանել այդ երկրների հետ, որոնք մինչեւ հիմա ձգձգում են տեքստի թարգմանությունը», պատասխանեց մեր զրուցակիցը:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հոկտեմբերի 17-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031