Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աստիճանաբար կորցնում ենք հայի դասական կերպարը». Աբգար Ափինյան

Փետրվար 21,2018 20:03

«Հայոց լեզուն սիրո լեզու է, դրա հիմնական արժանիքը սիրո արտահայտման մեջ է: Ես հիմա նույնիսկ չեմ կարողանում կարդալ ժամանակակից գրականագիտական հոդվածները դրանց տախտակային ոճի պատճառով: Այնտեղից լրիվ դուրս են մղել սերը». ասաց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը փետրվարի 21-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Ասուլիսը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան: Այն մայրենիի իմացության և գործածության արդի խնդիրներին էր վերաբերում:

Աբգար Ափինյանը կարևորեց հայկական կինոյի ու արվեստի ունեցած դերը Մայրենի լեզվի զարգացման և հղկման գործում: «Ցավոք, նշված բնագավառներում այսօր նահանջ է նկատվում: Ավելի անվերահսկելի է դարձել արձակի բնագավառը: Բարձր, ոգեղենիկ հայերենին հիմա փոխարինում է հասարակ, շարքային, անհետաքրքիր լեզուն: Հայերենն ամենաշատը փչանում է ներկայիս սերիալներում, երգերում: Սա շատ մտահոգիչ է», ասաց պարոն Ափինյանը:

Նա կոչ արեց լրագրողներին խոսափող տրամադրել ոչ թե բոլորին՝ առանց բացառության, այլ միայն մեր մշակույթի և արվեստի լավագույն գործիչերին:

Հոգեբան, «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ-ի անդամ Հրաչյա Հովհաննիսյանը կարծում է, որ կարևոր է դիտարկել լեզվի կենդանի բնույթը, այսինքն, թե ինչպես է այն արտահայտվում անհատի խոսքում: Կախված նրանից, թե ինչպիսի խոսքով է հաղորդվում նյութը, դրա մասնագիտական որակը կարող է շահել կամ տուժել:

Այն հարցին, թե որքանով ենք մենք օտարախոս, Աբգար Ափինյանը պատասխանեց, որ մենք օտարախոս չենք, մենք պարզապես չունենք հեղինակավոր առաջնորդ մտավորական ասպարեզում: Մեզ մտքի զորավարներ են պետք: Այսօր, երբ այդ դերը կատարում են լրագրողները, մամուլը վատ ազդեցություն է սկսում թողնել արվեստի բնագավառի վրա:

Ըստ պարոն Ափինյանի՝ մենք աստիճանաբար կորցնում ենք հայի դասական կերպարը. երբ մարդը սկսում է խոսել անգրագետ հայերենով, նրա մտածողությունն էլ է տուժում դրանից: Այդ ամենից խուսափելու համար պետք է խոսել միայն դասական հայերենով:

Հրաչյա Հովհաննիսյանը շեշտեց, որ լեզվի մեջ պարզությունն ու մատչելիությունը ամենևին չեն հակասում գեղեցիկին և ճշտին, բայց այն տեղերում, ուր պետք է խոսեն ճիշտ ու ներկայանալի հայերենով, անում են հակառակը: Պարոն Ափինյանն էլ հավելեց, որ իրեն անհանգստացնում է, թե ինչպես են խոսում Ազգային ժողովում: Յուրաքանչյուր պատգամավոր նախ և առաջ պարտավոր է խոսել ու մտածել ճիշտ հայերենով: Այն բռնությունը, որ տեղի ունեցավ քաղաքապետարանում օրեր առաջ, նույնպես լեզու է: Քաղաքական ոլորտում պետք է գերակշռի խաղաղության լեզուն: «Տնտեսագիտական հաշվարկները մեզ օգուտ չեն տալիս, մեզ այժմ պետք է պոետիկ Հայաստան». իր խոսքն այսպես ավարտեց Աբգար Ափինյանը:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728