Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակվել է «Հայաստանի Պատմություն» գրքաշարի երրորդ հատորը

Մարտ 14,2018 20:10

Լույս տեսավ «Հայաստանի պատմություն» գրքաշարի Գ հատորը՝ «Արծկե»-ն: 36-հատորյա գրքաշարից արդեն լույս տեսած հատորներն են «Հայոց Ձորը» և «Սալմաստը»:

Գրքի հեղինակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մարտի 14-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց.

«Մեր հիմնադրամը տարբեր նախագծերի վրա է աշխատում, բայց մեր «գործերի գործը» Հայաստանի պատմության գրքաշարն է, որի հիմքը դրվել է առաջին հատորով՝ 2015 թվականին»:

Գործի դանդաղելը կապված է միայն հովանավոր չունենալու հետ: Եվ Սամվել Կարապետյանը բացատրեց, որ գրքաշարի մյուս գրքերն էլ պատրաստ կլինեն հովանավորություն ստանալուց 3-4 ամիսների ընթացքում:

Հրատարակված երեք հատորներից միայն «Արծկեն» է պետպատվերով: «Գրքերի էլեկտրոնային տարբերակներն էլ ենք պատրաստում, շուտով այն էլ կշրջանառենք: Միայն 1000 օրինակ տպված գիրքը քիչ է»:

Հատորյակի խորագիրն է «Հայրենիքը գավառ առ գավառ և գյուղ առ գյուղ»: «Արծկե գավառի բոլոր գյուղերը ներկայացված են: Դրանց մի մասը այժմ հայաբնակ են, իսկ մյուս մասը թուրքաբնակ ու քրդաբնակ: Ամեն ինչ չէ որ ներկայացված է, քանի որ ցեղասպանությունից 100 տարի անց մեզ միայն փշրանքներ են մնացել»:

Սամվել Կարապետյանը ասաց, որ ամեն գրքի հովանավորություն ստանալուց հետո նրանք նորից այցելում են տվյալ գավառը՝ վերջին լրացումներն անելու: «2004-ին, երբ մենք գնացինք այդ տարածքը հուշարձանները կային, իսկ հիմա դրանց հետքն էլ չկա, մեր ունեցած լուսանկարներն էլ համարվում են արխիվային»:

Այն մասին, թե այսօր ինչ վերաբերմունք ունեն մեր հարևան երկրները հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, նա ասաց, որ Ադրբեջանը պետական ծրագրով, բանակի ուժի գործածմամբ, աշխատում է ձերբազատվել: Որովհետև նրանք այդ հուշարձանները դիտարկում են որպես իրական պատմությունը մատնող ապացույցներ:

Թուրք ժողովրդի մեջ սերմանված է այն գաղափարը, որ հայերի սարքած ամեն եկեղեցու, գերեզմանի և մատուռի մեջ ոսկի կա, դրա համար էլ նրանք քանդում են դրանք: Ինչ վերաբերում է Վրաստանին, այնտեղ այնպիսի վերաբերմունք է, ինչպիսին Թուրքիայում, իսկ Իրանը միակ մշակութակիր երկիրն է, որ համապատասխան ձևով է վերաբերվում մեր հուշարձաններին:

Ինչպես Ս. Կարապետյանն է ասում, «Իսկ հայ երիտասարդը չունի համապատասխան գիտելիք մեր պատմամշակութային արժեքները գնահատելու համար, իսկ այդ գիտելիքը պետք է ձևավորվի դպրոցական տարիքից»:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031