Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ

Ապրիլ 14,2018 12:21

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։

Նշենք, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է Եվրոպայի 2018թ. մշակութային մայրաքաղաք, և միջոցառումների շրջանակներում մեծ շուքով ու պատկառելի ներկայացվածությամբ է անցկացվելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։

Փառատոնի բացման գալա համերգը կայանալու է ապրիլի 16-ին. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները։

Փառատոնն ընդգրկում է 18 համերգային ծրագիր՝ հետաքրքիր ձևաչափերով, փառահեղ երկացանկով ու անվանի մենակատարներով։

Երկշաբաթյա երաժշտական տոնի ընթացքում ներկայացվելու են ինչպես համաշխարհային կոմպոզիտորական արվեստի դասական ներկայացուցիչների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Կհնչեն Մոցարտի, Շտրաուսի, Վիվալդիի, Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Բիզեի, Մենդելսոնի, Խաչատրյանի, ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Ալեքսեյ Շորի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային մեծության մենակատարներ՝ Մաքսիմ Վենգերով, Ռեյ Չեն, Նիկոլայ Լուգանսկի, Դենիս Կոժուխին, Սալվատորե Ակկարդո, Անդրեաս Օտենսամեր, Ջուլյա Զիլբերքվիթ, Նարեկ Հախնազարյան և այլք։ Հայաստանյան նվագախումբը հանդես կգա ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Սերգեյ Ստադլերի, Դմիտրի Սիտկովեցկու, Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։

Փառատոնային մեկ երեկոյի ընթացքում համատեղ կներկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ կատարելով Արամ Խաչատրյանի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Կնշվեն նաև դասական երաժշտության երախտավորների հոբելյաններ՝ Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակը, Արամ Խաչատրյանի 115-ամյակը։

Ապրիլի 18-30-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։ Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի հոբելյանը կնշանավորվի առանձին համերգով. Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը խաչատրյանական երաժշտության երեկո կնվիրի փառատոնի ունկնդիրներին. կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Այման Մուսահաջաևա), «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։ Ի դեպ, Խաչատրյանի երաժշտությունը հնչեցվելու է նաև փառատոնի այլ համերգային երեկոների ընթացքում։ Իսկ ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը կղեկավարի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը։ Հայկական մշակույթի օրերի ընթացքում ներկայացվելու է նաև Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արտավազդ Փելեշյանի և այլոց արվեստը։

Փառատոնի հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին։

Աշխարհի տարբեր ծայրերից Վալետա ժամանած դասական երաժշտության խստապահանջ ու նրբաճաշակ երկրպագուները երկու շաբաթ շարունակ գրեթե ամեն օր (13 համերգ) հնարավորություն կունենան ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը փառատոնային համերգների ընթացքում մատուցելու է դասական երաժշտության հարուստ ներկապնակ, բարդագույն ստեղծագործություններ՝ աշխարհին ի ցույց դնելով հայկական բարձր կատարողական արվեստը, ինչպես նաև՝ հայկական նվագախմբի ինքնատիպ հնչողությունը։

Փառատոնը և Սիմֆոնիկ նվագախմբի համերգները կլուսաբանեն աշխարհի առաջատար մեդիաընկերություններ: Ապրիլի 22-23-ի համերգները կհեռարձակվեն «Medici.tv»-ով, իսկ մնացյալ ծրագրերը կցուցադրվեն Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 1-ի համերգը կհեռարձակի Euronews-ը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30