Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ, որ դժվար թե հարուցվի

Ապրիլ 03,1998 00:00
trucik

Ասում են, սուտը 40 օրվա կյանք ունի։ Բայց դա երեւի այն դեպքում, եթե դեմն առնող չկա։ Նման մի բան հայտնվեց ընտրությունների օրը՝ թռուցիկի տեսքով։ Անկախ բովանդակությունից, հայտնվելու օրը օրենքի խախտում էր։ Բովանդակությունն, իր հերթին, Աղվան Վարդանյանի կողմից որակվեց որպես զրպարտանք։ Ըստ Կարեն Դեմիրճյանի շտաբի, այդ առիթով նույնիսկ քրեական գործ է հարուցվել։

Փորձենք պարզել, թե ում դեմ է այն լինելու։ Եթե թռուցիկը ստեղծվեր Կարեն Դեմիրճյանի շտաբում եւ բաց թողնվեր հենց ընտրությունների օրը, ապա պետք է ենթադրել, որ այնտեղ անգրագետներ են հավաքված, ինչը չի համապատասխանում իրականությանը: Թռուցիկը կարող էր ստեղծվել Կարեն Դեմիրճյանին օժանդակող, բայց նրա շտաբի հետ կապ չունեցող մարդու (մարդկանց) կողմից։ Բայց այդ անանուն «բարերարը», եթե այդքան աշխատանք է կատարել՝ մի ողջ էջ գրելով եւ տպելով, կարող էր ընդամենը զանգահարել շտաբ եւ իր գաղափարի իրականացման թույլտվությունը (ՊՏոՐՏ) ստանալ։ Թեեւ քաղաքական նման ակտիվություն ցուցաբերողը պետք է որ հիշեր ընտրությունների օրը քարոզչություն անելու արգելքի մասին։ Հատկապես, որ նախորդ փուլից անցել էր ընդամենը երկու շաբաթ։

Ստացվում է, որ թռուցիկի հեղինակը դեմիրճյանական ճամբարից չէր։ Կա երրորդ տարբերակը. հեղինակը պատկանում է ո՛չ այս, ո՛չ այն կողմին։ Նրա նպատակը մրցակիցների միջեւ սեպ խրելն է։ Եվ այդ խայծը կուլ տրվեց քոչարյանական շտաբի կողմից։ Բայց դա նշանակում է, որ այդ շտաբում հավաքված են միամիտներ, ինչը եւս ենթադրելի չէ։ Եվ կրկին ներողություն ենք խնդրում նման կասկածի համար։

Մեզ մնում է վերադառնալ եւ ենթադրել, որ կատարվածը սուտ էր (ոչ անմեղ), եւ դրա հեղինակը գտնվում է քոչարյանական ճամբարում։ Եվ այն արվել է հետեւյալ նկատառումներով։ Շատ լավ իմանալով, որ իրենց օգտին, չնայած բոլոր հայտարարություններին, խախտումներ, այնուամենայնիվ, կատարվելու են, նրանք նախահարձակ են լինում «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» նշանաբանով։

Առինջ գյուղում, օրինակ, ընտրություններն անց են կացվել մարտի 28-ին։ Քվեաթերթիկները տարվել են տները եւ լրացվել՝ տանողներին ի տես։ Արդյունքում՝ 2712 ձայնից 12-ը «թողնվել» է Կարեն Դեմիրճյանին։ Գյուղը «նայող» Դոդի Գագոյի անունը նույն պատճառով թերթերի էջերում էր հայտնվել առաջին փուլից հետո (այս տեղեկության ճշգրտությունը թողնում ենք հեղինակի խղճին -խմբ)։

Երկրորդ նպատակը. քարոզչություն անելու հնարավորություն է ստեղծվում (դրանում մեղադրելով մրցակցին)։ Ընդ որում, գործողության մեջ է դրվում բումերանգի օրենքը. տեսեք ինչքան վատն է այդ թիմը. նա անարդարացիորեն զրպարտում է մեր թեկնածուին։ Իմիջիայլոց, եթե ընտրություններն անցկացվեին համակարգիչներով, կարելի կլիներ պարզել, թե հեռուստատեսային այդ շոուն ինչ ձեւով է ազդել ընտրությունների հետագա ընթացքի վրա։ Ստացվում է, որ հարուցվելիք քրեական գործն ուղղվելու է հենց հարուցողի դեմ («ում օգտին էր թռուցիկը» վերլուծության հիման վրա)։ Եվ զարմանալի չէր լինի, եթե դա չարվեր (գործ հարուցելը) կամ այն կասեցվեր կես ճանապարհին։ Թռուցիկի պատմությունն արել էր իր գործը, եւ պետք էր այն թաղել։ Իսկ քաղաքականությունը կրկին մնացել էր անբարոյական։

ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930