Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Մայիս 15,1998 00:00
karavarutyun

Որոշակի իրադարձության առկայության պայմաններում խորհրդարանական ճեպազրույցների մարաթոնը բավական հետաքրքիր է լինում։ Ափսոս, որ միաժամանակ 5 ճեպազրույց ներկայացնելու պատճառով ստիպված են բավական համառոտ անդրադառնալ դրանց։

«Կարելի էր ոչ թե 64, այլ 72 ստորագրություն հավաքել»

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանի ճեպազրույցից նախ մեջբերենք «Առավոտի» հարցերին տրված պատասխանները։

Հետաքրքրվեցինք, թե համապատասխան հանդիպումների ընթացքո՞ւմ են պարզել, որ չէին գտնվի այն 14 պատգամավորները, որոնք գումարվելով «Հանրապետության» 50 պատգամավորներին՝ կարողանային անվստահության խնդիր արծարծել։ Բաբկեն Արարքցյանը պարզաբանեց, որ սա ոչ թե համապատասխան քանակի ստորագրություններ հավաքելու, այլ քաղաքական անվստահության հարց է, եւ խորհրդարանում այսօր չկա իշխանությունների դեմ մեծամասնություն։ Մեր հաջորդ հարցը հետեւյալն էր, թե ի վերջո կառավարության ծրագրի ո՞ր տարբերակին հավանություն տվեց խորհրդարանը։

Բաբկեն Արարքցյանը մայիսի 12-ի նիստից առաջ ներկայացված տարբերակի կողմնակիցն էր, քանզի նախորդ օրը բաժանված տարբերակում մասնավորապես արտաքին քաղաքականության վերաբերյալ այնպիսի մոտեցումներ էին արձանագրված, որ «ավելի լավ էր ոչինչ գրված չլինի, քան այն, ինչ գրված է առաջին ծրագրում: Ի դեպ, ես առաջին ծրագրի շնորհիվ նաեւ մի հայտնագործություն կատարեցի։ Պարզվում է, որ մեր սփյուռքն 80 տարվա պատմություն ունի ընդամենը»:

Ճեպազրույցում հնչած հարցերի մի համախումբ էլ վերաբերում էր ՀՀՇ վարչության նախագահի ստացած վստահության քվեին։ Բաբկեն Արարքցյանը պարզաբանեց, որ ոչ ինքը, ոչ էլ Կարապետ Ռուբինյանն այդ նիստին չեն եղել։ Սակայն առավելաբար ընդհանրական մտքեր ասաց փոխված իրավիճակի, կուսակցությունում առկա բազմաթիվ խնդիրների եւ այլնի մասին. «Շատ բնական իրավիճակ է, ինչ է պատահել։ Ու մենք էսպես վանկա-վստանկա չենք, որ ընկնենք ու միանգամից ոտքի կանգնենք»։

«Դժոխքի ճանապարհը բարի մաղթանքներով է պատված»

Այս միտքը հիշեցրեց Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը՝ կառավարության ծրագիրը բարի ցանկությունների հավաքածու անվանելով։ Բայց երբ հետաքրքրվեցինք, որ մի՞թե դժոխք ենք գնում՝ ծիծաղելով հրաժարվեց։ ՀԿԿ-ն պատգամավորական այն երեք կազմավորումներից է, որոնք խորհրդարանում չհրապարակեցին իրենց պաշտոնական դիրքորոշումը ծրագրի վերաբերյալ։ Այս ճեպազրույցը փոքր-ինչ լրացրեց այդ բացը։ Կարճ ասած, կոմունիստների դիրքորոշումը հանգում էր «եւ, եւ» բանաձեւումին՝ դրական ու բացասական գնահատականները միատեղվում էին այն վճռով, թե «բոլոր դեպքերում կառավարությանը պետք է ժամանակ տալ», «կողջունենք, եթե ինչ-որ բան հաջողվի»։ Մի հետաքրքրական դիտարկում կար, որ կառավարության ծրագիրը որոշակիության իմաստով տարբերվում է Քոչարյանի նախընտրական ծրագրից։

«Ժամանակավոր կառավարության ժամանակավոր ծրագիր»

Այս գնահատականն էլ ԻՄ խմբակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանինն էր։ Հիմնավորումը հետեւյալն էր, թե այս կառավարությունն ու իր ծրագիրը ժամանակավոր են, քանզի խորհրդարանական ընտրություններից հետո պիտի նոր կառավարություն ձեւավորվի։ «Առավոտի» հարցն էր, թե որտեղի՞ց նման համոզվածություն, ո՞վ է նման խոստումներ տվել։ Պրն Զեյնալվանդյանը մանրամասնեց, որ դա ուղղակի իրենց տեսակետն է, որ ի վերջո ԱԺ-ում ուժերի դասավորությունը պիտի անդրադարձ ունենա կառավարության վրա. «եւ այդ տեսակետին մեզ դրդել է առողջ բանականությունը, որը գործում է ամբողջ աշխարհում»։ Հետաքրքրվեցինք, որ եթե նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ԱԺ-ի դիրքորոշումները հաշվի չառնվեն, եւ շարունակի գործել այս կառավարությունը՝ արդյոք ԻՄ-ը կհայտարարի՞, որ Հայաստանում առողջ բանականությունը պետական համակարգում գործոն չէ։ Պրն Զեյնալվանդյանը հարցին այլ «կտրվածքով» պատասխանեց. «Եթե նոր ԱԺ-ում այնպիսի ուժեր մեծամասնություն կազմեն, որոնք բանակցությունների ընթացքում որոշեն, որ թեկուզ հենց այս նույն կառավարությունը պիտի շարունակի աշխատանքները՝ թող շարունակի»։

Անպատասխան հարցեր

«Երկրապահ» խմբի ճեպազրույցում առավել ուժգնությամբ քննարկվեցին նախորդից բաց մնացած որոշ հարցեր։ Ասենք, թե ովքեր էին այն անհայտ մնացած 3 պատգամավորները, որոնք ըստ խմբի ղեկավար Սմբատ Այվազյանի, պիտի համալրեին «Երկրապահը»։ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանը տեղյակ չէր։ Քանի որ ճեպազրույցների «ժառանգականության» սկզբունքը տվյալ դեպքում խախտվել էր՝ լրագրողները որեւէ նոր տվյալ չկարողացան հայթայթել նաեւ «Երկրապահի» ստեղծելիք կուսակցության վերաբերյալ, որի հենքը մտավորականությունն է լինելու (ըստ հայտարարվածի)։

Վերջապես ապարդյուն փորձեցինք պարզել, թե ինչպես ստացվեց, որ հակառակ Գայանե Սարուխանյանի թեկնածությունը պաշտպանելու հայտարարության՝ «Երկրապահն» այս հարցում էլ միասնականորեն հանդես չեկավ։ Ըստ էության, պրն Մարտիրոսյանը միայն հերքեց խորհրդարանական շրջանակներում բավական տարածուն այն ասեկոսեն, թե Գայանե Սարուխանյանի թեկնածությունը Վազգեն Սարգսյանն էր խմբին առաջարկել, եւ նման ձախողումը որոշ տարաձայնությունների առիթ է դարձել։

«Հայրենիքի» գերակայությունները

Արդյոք «Հայրենիքը» չբարձրաձայնեց իր դիրքորոշումը կառավարության ծրագրի վերաբերյալ, քանի որ այդ հարցը ստորադասվո՞ւմ էր ընտրական օրենսգրքին։ Մեր այս հարցին ի պատասխան Սոս Գիմիշյանը նշեց, թե այդ ծրագիրը երկրորդական չեն համարում ու խմբի տրամադրությունները փոխանցեց, մասնավորապես նշելով. «Ձեւավորվել է իշխանություն, ինչ եղել՝ եղել է։ Ժողովուրդը սպասելիքներ ունի այս իշխանություններից։ Ու մենք չենք ուզում աշխատանքներին խանգարել»։

Իսկ Էդվարդ Եգորյանը հայտարարեց, թե ամենակարեւոր քաղաքական խնդիրը Հայաստանի ապագայի համար իրոք ընտրական օրենսգիրքն է, որը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կառավարության ծրագիրը. «Տեսական դրույթները ճիշտ են՝ ազատ շուկայական հարաբերություններ, ժողովրդավարություն եւ այլն։ Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք դա նրանց համար իրական գործունեությա՞ն, թե՞ աչքակապության ծրագիր է։ Եթե առաջինն է՝ կաջակցենք. եթե երկրորդն է՝ կաշխատենք դա ցույց տալ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031