Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴԻԶՄԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՔԸ

Մայիս 22,1998 00:00
erexa

Այն, ինչի մասին կպատմեմ, չընդունեք իբրեւ հերթական սենսացիայի հետեւից գնալու ինքնանպատակ փորձ։ Սա այն դեպքն է, երբ լռելը շատ վիրավորական է նախ՝ հայ մարդու, եւ հետո՝ նույն ամերիկացու համար։ Ազգերի եղբայրության եւ բարեկամության ոգեշունչ պաշտպանները թող ավելորդ մոլորության մեջ չըկնկնեն եւ չմտածեն, թե մենք դեմ ենք այդ արժեքներին։ Պարզապես, մենք վստահ ենք, որ փոխադարձ հարգանքն ամենեւին երկրորդական չէ այս հարաբերություններում։ Վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատան հասարակության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մորգան Լիդիկն ասաց. «Միացյալ Նահանգներում մենք կարծում ենք, որ լրագրողները հնարավորին չափ շուտ պետք է տեղեկատվություն հաղորդեն, վստահ լինելով իրենց հաղորդած փաստերի հավաստիությանը»։

Ներքոհիշյալ փաստը մի փոքր ուշացումով հրապարակելու պատճառը (դեպքը կատարվել է ապրիլի 28-ին) տուժող կողմի անհանգստությունն էր եւ այն, որ նրանց, մեղմ ասած՝ վախեցրել էին երկու ժողովուրդների բարեկամությամբ։ Կատարելով լրագրողի մեր պարտքը, հրապարակում ենք փաստը, ակնկալելով, որ ամերիկացի մեր բարեկամները կկարողանան ճիշտ հասկանալ մեր վրդովմունքը։ Այսօր Մորգան Լիդիկի՝ հայաստանյան երեք տարվա աշխատանքային կենսագրության վերջին օրն է եւ զարմանալի դիպվածով նրա կողմից կատարված չարամիտ արարքը հրապարակում ենք հենց այսօր։ Ապրիլի 28-ին, իր բնակության վայրի տարածքում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մորգան Լիդիկը դաժանաբար ծեծի է ենթարկել երկու տասնամյա հայ տղաների՝ Արմանին եւ Արտյուշային։

Առիթը ամերիկացի «քեռու» բակի ծիրանի ծառերն էին։ Ծառի ճյուղը տունը շրջապատող հաստ պատից այն կողմ էր թեքվել, եւ թաղի երեխաները երբեմն քաշքշում էին այդ ճյուղը։ Այդ բանն ակնհայտորեն դուր չէր եկել Մորգան Լիդիկին, եւ վերջինս էլ երեխաներին ներս կանչելով բակ, սկսել է իր ձեռնափայտով ծեծել։ Չբավարարվելով ձեռնափայտի հարվածներով, Լիդիկը 10-ամյա Արմանի գլուխը բռնելով մի քանի անգամ հարվածում է մետաղյա սյանը։ Ամերիկյան կինոնկարներից ծանոթ այս տեսարանին ականատես են լինում հարեւանները, սակայն չեն կարողանում ազատել երեխաներին, քանի որ տունը շրջապատող պատը շատ բարձր էր եւ դուռը կողպված։ Երեխաների լացուկոծը, չծեծելու խնդրանքը հաշվի չառնելով, Լիդիկը շարունակում է իր գործը, մինչեւ որ անծանոթ մի երիտասարդ ցույց տալով ինչ-որ վկայական, երեխաներին ազատում է ամերիկացու ձեռքից։ Արդյունքում, երկու հայ երեխա ստանում են ուղեղի ցնցում, քթի հեմատոմա, նեւրոզ, սթրես, գիշերամիզություն։

Այսքանն արդեն այսօր է հայտնի, իսկ թե ինչպիսին կլինի երեխաների առողջական վիճակը որոշ ժամանակ անց, նաեւ՝ հասուն տարիքում, դժվար է ասել։ Տուժած երեխաների ծնողները դիմել են ե՛ւ Լիդիկին (ի դեպ, վերջինս, ծնողների վկայությամբ չափազանց արհամարհական վերաբերմունք է արտահայտել), ե՛ւ ԱՄՆ դեսպանատուն, ե՛ւ ԱԳՆ, ե՛ւ Արաբկիրի դատախազություն։ Միայն վերջին ատյաններին դիմելուց հետո, դեպքից բազմաթիվ օրեր անց (մայիսի 18-ին) դեսպանատան առաջին քարտուղարը, իրավաբանը, պահպանության ծառայության պետը եւ թարգմանչուհին այցելում են տուժած երեխաների ծնողներին։ Վիրավորականն ու տարօրինակն այն է, որ «հյուրերը» եկել էին ոչ թե ցավակցություն կամ ներողություն հայտնելու, կամ էլ գոնե կրած նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման առաջարկով, այլ՝ հայ-ամերիկյան կապերի մասին խոսելու։ Իսկ Արաբկիրի դատախազության ներկայացուցիչները խորհուրդ են տվել աղմուկ չհանել, քանի որ «դուք փոքր մարդիկ եք եւ ոչ մի բանի չեք հասնի»։

Մեկ այլ առիթով Մորգան Լիդիկն ասել է, թե «ԱՄՆ-ի հիմնադիրները վստահ էին, որ եթե կառավարությանը հանգիստ թողնեն, ապա նրանք կսահմանափակեն մարդկանց իրավունքները»։ Հավանաբար, հենց այս «սահմանափակումից» վախենալով է իր՝ Հայաստանում գտնվելու վերջին օրերն այսպես «փառահեղ զարդարել» պարոն ամերիկացին։ Թե չէ ո՞վ նրան կթողնի Ամերիկայում սեփական մոլուցքին ազատություն տալ եւ երեխաներ ծեծել։ Երեխաների իրավունքների հռչակագրի մասին առավել հաճախ ամերիկացիներն են խոսում։ Ինչպիսի՜ մարդասիրություն… Իսկ դեսպանատանն ամեն ինչ խաղաղ է։ Այսօր Մորգան Լիդիկի հայաստանյան շրջանի վերջին օրն է։ Թե ի՞նչ է տանելու նա իր հետ, դժվար է ասել, սակայն ուզում եմ, որ երկու հայ երեխաների վախեցած աչքերը, աղաչանքը, հիվանդ ու ծեծված մարմինների հիշողությունն ուղեկցի նրան հետագա կյանքում եւ երբեք հանգիստ չտա։ Մենք սիրում ենք խոսել ժողովուրդների բարեկամությունից, եւ ձգտում ենք պահպանել մեր բոլոր բարեկամներին, սակայն նրանք էլ, պարտավոր են հարգել մեր իրավունքները գոնե մեր սեփական հողի վրա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031