Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՐՎԱԾ, ԱՆՄԵՂ ՇՐՋԱՊԱՏ

Հունիս 25,1998 23:31
Vasak Darbinyan

«Վերջին 6-7 տարվա բոլոր թերություններում մեղադրեցինք նախկին նախագահին, իսկ մյուսները՝ այդ շրջապատը ոնց որ մաքրվեց, բայց ես համոզված եմ, որ շատ հարցերի վերաբերյալ, այն, ինչ որ արվում էր, դրանք իմ մոտեցումները չէին, մյուսներին ձերբազատում եք մեղադրանքներից»։ 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «Ազգ», 23 հունիսի

Նախկին նախագահի առնվազն վերջին մեկ տարվա շրջապատում, եթե հիշում եք, իրենց «համեստ» տեղն ունեին Ռոբերտ Քոչարյանը (վարչապետ), Սերժ Սարգսյանը (ՆԳ եւ ԱԱ նախարար), Վազգեն Սարգսյանը (պաշտպանության նախարար), Արմեն Դարբինյանը (ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար), Գառնիկ Նանագուլյանը (… եւ զբոսաշրջիկության նախարար), Խոսրով Հարությունյանը (նախկին վարչապետ), Վահրամ Ավանեսյանը (վարչապետի գլխավոր խորհրդական), Գագիկ Մարտիրոսյանը (էներգետիկայի նախարար), Վլադիմիր Մովսիսյանը (գյուղատնտեսության նախարար), Վարդան Օսկանյանը (առաջին փոխարտգործնախարար), Գագիկ Ստամբոլցյանը (առողջապահության նախարար), Սարգիս Շահազիզյանը (բնապահպանության նախարար), Պավել Ղալթախչյանը (սեփականաշնորհման նախարար), Գագիկ Եգանյանը (սոցապ փոխնախարար) եւ շատ ուրիշներ: Բոլորը ոնց որ թե լավ էլ մաքրվել են ու ձերբազատվել նախկին վարչախմբին ուղղված մեղադրանքներից։

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

«Հիմա մեզ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ասեն՝ ես Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզից եմ, ոչ թե այս կամ այն երբեմնի շրջանից։ Դրա համար տարիներ են պետք, 10-20-30 տարի»։

ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆ ՀՀ տարածքային կառավարման նախարար, «Ազգ», 20 հունիսի

Ահա այսքան դանդաղ են խոսում մարդիկ։ Մինչեւ հասկանում են, թե որտեղից են իրենք՝ տասնյակ տարիներ են անցնում։
Ու երեւի մի 100-200-300 տարի էլ պետք է, որ մարդիկ ասեն՝ ես Հայաստանից եմ, հայ եմ, ոչ թե Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզից։

ԿՈՆՅԱԿԸ ՓՐԿՎԵՑ. ԲԱ ՄՆԱՑԱ՞ԾԸ

«Ինվեստորի քաղաքացիությունը նշանակություն չունի, անգամ Թուրքիայի քաղաքացի դա կարող է լինել»։

ԳԱՌՆԻԿ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար, «Հայոց աշխարհ» 23 հունիսի

Դեռ լավ է, որ գոնե կոնյակի գործարանը ֆրանսիացիներին վաճառեցինք։ Կարող էր, չէ՞, գտնվել մի թուրք, որը գներ այդ գործարանն ու ներդրումներ կատարեր Հայաստանում։

ՀԻՐԱՎԻ՝ ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾԱՐՔ

«Հայաստանն այսօր գտնվելով ռիսկայնության տեսակետից 150-160 տեղում, այս առումով (բացասական իմաստով) խիստ տարբերվում է։ Եվ միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե, 0 դոլար արժե»։

ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, «Առավոտ», 16 հունիսի

«-Պրն Ռուկու (Երեւանի կոնյակի գործարանի նոր կառավարիչն է- Վ. Դ.), Հայաստանը ռիսկի գոտի է. դա ձեզ չի՞ վախեցնում։
-Ո՛չ։ Հայաստանը ռիսկի գոտի է այնքան, որքան Ռուսաստանը, որտեղ մենք արտադրում ենք օղի, Չեխիան, Կուբան»։

ԺԱՆ ՖՐԱՆՍՈՒԱ ՌՈՒԿՈՒԻ հետ հարցազրույցից, ՀՀ, 24 հունիսի

Լավ խաբեցինք ֆրանսիացիներին։ 0 դոլարանոց ապրանքը փաստորեն «սաղացրինք» 30 մլն-ով։ Թե դրանք՝ այդ ֆրանսիացիները, ինչ են հասկանում ռիսկի գոտիներից։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930