Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ

Հուլիս 07,1998 15:27
karabaxh

Արդեն հաղորդել ենք, որ հուլիսի 4-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ լրագրողների համագումարը, հանդիսավոր նշվեց «ԼՂ Հանրապետություն» թերթի 75-րդ եւ ԼՂ հեռուստատեսության հիմնադրման 10-րդ տարեդարձը։ Համագումարը տեղի ունեցավ ԼՂՀ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախաձեռնությամբ, նրա պետ Ժաննա Կիրկորովայի կազմակերպչական, արհեստավարժական, գեղագիտական եւ այլ բազմաթիվ նվիրական ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ։

Ժուռնալիստների համագումարին իր ողջույնի խոսքն էր ուղղել ԼՂՀ նախագահ եւ նախկին լրագրող Արկադի Ղուկասյանը։ Բարձրաստիճան մյուս պաշտոնյաների հետ այդ օրը Երեւանից ժամանած նախագահը մասնակցեց նաեւ Սպենդիարովի անվան թատրոնի շենքում տեղի ունեցած հանդիսավոր նիստին։ Հուլիսի 3-ին Ստեփանակերտ էին ժամանել Հայաստանի մի խումբ լրագրողներ, որոնք մասնակցեցին համագումարի աշխատանքներին եւ մյուս ավելի հաճելի միջոցառումներին։

Լրագրողների համագումարում որոշում ընդունվեց մինչեւ հուլիսի վերջ անցկացնել ԼՂՀ ժուռնալիստների միության համագումար։ Նույն համագումարում որոշում ընդունվեց հիմնել «Ստեփանակերտի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Ակումբի նախագահ ընտրվեց ԼՂՀ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարյանը։ Համագումարի ավարտից հետո լրագրողները մեկնեցին Շուշի (ուր հուլիսի 19-ին տեղի է ունենալու Ղազանչեցոց եկեղեցու օծման արարողությունը) եւ կարճատեւ զրույց ունեցան Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հուլիսի 5-ին Հայաստանից ժամանած լրագրողների խումբը վերադարձավ Երեւան։ … Առայժմ ներկայացնելով մեր լուսանկարչական ռեպորտաժը Ստեփանակերտից, խոստանում ենք ներկայացնել ավելի լուրջ մանրամասներ՝ ավելի լուրջ խնդիրների շուրջ։

Տիգրան Նաղդալյան

«Ինձնից էլ լավ նվե՞ր,- ասաց ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը, երբ հարցրինք, թե ի՞նչ է բերել հոբելյարին (ԼՂ հեռուստատեսությանը)։ Եվ հավելեց,- մեծ գաղափարներ, որ պիտի մեր գործընկերների հետ քննարկենք եւ իրականացնենք»։ Սա բանկետից առաջ էր։ Իսկ ահա թե ինչպես սկսեց երիտասարդ պաշտոնյային նվիրված բաժակաճառը անվանի մտավորական Զորի Բալայանը. «Դու բազմացնող մի քսերոքս ես մեզ համար քո ամբողջ գործունեությամբ… Խնդրում եմ գեղեցիկ ծափահարություններ»։

Ոտքով քայլելու առավելությունը

«Ի՞նչ է վճարելու էս կադրի համար Արամը»,- ակնկալելով պատասխան, հետաքրքրվեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Բայց պատասխան չտրվեց։ Կադրում ոտքով քայլող ԼՂՀ իշխանությունն է. Աժ նախագահ Օլեգ Եսայանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ վարչապետ Ժիրայր Պողոսյանը։ Վարչապետը խոստովանեց, որ «Առավոտը» կարդում է եւ կարծես ուրախ էր, որ իր մասին լավ ենք գրում, իսկ ԼՂՀ նախագահը ափսոսանք հայտնեց, որ զուր էր զայրացել երկու տարի առաջ մեր հարցազրույցի համար, որովհետեւ «Էսօր իմ մասին ինչ ասես գրում են»։ Իսկ մենք ուղղակի որսացինք այս մի պահը։

«Պարադիզ»՝ այսինքն դրախտ

Այս կինը, որին հանդիպեցինք Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայում, անշուշտ չգիտեր, որ հուլիսի 4-ին Ստեփանակերտում երկու հայոց պետությունների ժուռնալիստները կարեւոր միջոցառման էին հավաքվել։ Տարեց այս կինը փող էր մուրում։ Չգիտեր նաեւ, թե ինչ նվեր էին բերել «Պարադիզի» նոր հայերը հերոսական Արցախին։ Ու քանի որ նրանք (Մարտուն Ադոյան, Սամվել Մանասարյան ու նաեւ Արթուր Ասոյան) միայն «Առավոտին» խոստովանեցին նվիրատվության բովանդակությունը, ասենք. «Պարադիզը» ԼՂ հեռուստատեսությանը տրամադրել է հայերեն թարգմանված 150 գեղարվեստական ֆիլմ (ռուսական, հայկական եւ այլն), մուլտծրագրերի մի քանի սերիալներ, ինչպես նաեւ կանադական 380-սերիանոց մի ֆիլմ՝ «Անտանելլան», «Եվ դա դեռ սկիզբն է»,- խոստացան «Պարադիզի» գործարարները։
Այս ամենի մասին ինչպե՞ս իմանար ղարաբաղցի տարեց կինը, որին հանդիպեցինք Ազատամարտիկների պողոտայում։

Ղարաբաղյան ծագում

Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի այս շենքում էր անցկացվել ԼՂՀ լրագրողների համագումարը։ «Երեւի միացումը մեզանից, լրագրողներից պիտի սկսվի»,- աշխատանքը սկսելուց առաջ լավատեսորեն ասաց Ժաննա Կիրկորովան, որը սակայն չկա լուսանկարում։
Բայց բանկետի ժամանակ չգիտես ինչու սկսվեց արմատների որոնումը։ «Ես էս տղային դաս եմ տվել»,- բացականչեց «ԼՂ Հանրապետություն» թերթի աշխատակցուհի Նվարդ Ավագյանը, Տիգրան Նաղդալյանին ուշադիր զննելուց հետո։ Նվարդը, տարիներ առաջ, դասավանդել է Դաշտային Ղարաբաղի Դաշքեսան գյուղում։ «Առավոտի» թղթակից Ռուզան Իշխանյանը (առաջին շարքի կենտրոնում) իսկույն գտավ Տիգրանի արմատները, որոնք իրոք Դաշքեսանից են։ Իսկ երբ պարզվեց խնջույքին ներկա Բորիս Նավասարդյանի ծագումը եւ լրագրողներից մեկը հիշեց, որ Արամ Աբրահամյանի նախնիներն էլ են Շուշիից, մեր համերաշխ խմբից մեկն արձանագրեց. «евреи, евреи, кругом одни евреи»,- ու խեթ նայեց իմ կողմը։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031