Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխատեսումները հիմնականում իրականացել են, սակայն ՆԳ ղեկավարությունը լիովին բավարարված չէ»

Հուլիս 25,1998 23:46
ngn

Երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով 1998 թ. առաջին վեց ամիսների վերլուծությունների արդյունքները։

Նվազում                 

Հանցագործության դեպքերի նվազման շարժընթացը զարգացում ստացավ այս վեց ամիսների ընթացքում։ Եթե 1997 թ. առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 6445 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4961։ Զգալիորեն նվազել են ծանր հանցագործությունները։ Պրն Սարգսյանի հավաստմամբ, դրական արդյունքներ է տալիս որոշ դրսեւորումների դեմ ծավալված «անհաշտ պայքարը», ասենք՝ այս մեկի. «Մենք չենք բացառում նաեւ, որ առանձին դեպքերում միլիցիայի որոշ աշխատակիցներ (այդ թվում՝ ղեկավարներ) դեռեւս չձերբազատվելով այնպիսի արատավոր գործունեությունից, ինչպիսին է հանցագործ դեպքերը թաքցնելը կամ ժամանակին չգրանցելը, փորձում են արհեստականորեն բարելավել իրենց աշխատանքային ցուցանիշները՝ դառնալով սեփական գործելակերպի գերին»։

Ս.Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց մի քանի փաստերի վրա. նվազել են անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները (գրանցվել է 41 դեպք՝ նախորդ տարվա 50-ի դիմաց)։ 335 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (այդ թվում՝ անձնական ունեցվածքի հափշտակությունները՝ գողության, կողոպուտի, ավազակության, խարդախության միջոցով)։ Զինվորական ծառայությունից խուսափողների թիվը եւս նվազել է (2,5 անգամ)։ Այսուհետ քրեական հանցագործության դեմ ընդհանուր պայքարի շրջանակներում շեշտը դրվելու է տնտեսական հանցագործությունների. ստվերային տնտեսության, մաքսանենգության, կաշառակերության դեմ պայքարի վրա՝ ակտիվորեն մասնակցելով իրավապահ այլ մարմինների հետ, առաջին հերթին՝ դատախազության։ Այս 6 ամիսների ընթացքում պետությանը հասցված վնասից վերականգնվել է 2 մլրդ 212 մլն 791 հազար դրամ։

Անբավարարվածություն

«Թող թյուր կարծիք չկազմվի, թե նախարարության ղեկավարությունը լիովին բավարարված է կատարված աշխատանքով, բնավ էլ ոչ։ Մենք այս ամսվա վերջին կունենանք մեր՝ նախարարության կոլեգիայի նիստ, որտեղ կքննարկենք 6 ամսվա արդյունքները եւ որտեղ խիստ գնահատականի կարժանացնենք այն մարզային վարչությունների եւ շրջանային վարչությունների աշխատանքը, որոնք մինչեւ հիմա չեն կարողացել վերակառուցվել։

… Ակնկալում ենք օրենսդիր, գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների, չորրորդ իշխանության՝ ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը, հաստատ համոզված լինելով, որ ե՛ւ մենք, ե՛ւ լրագրողները, որ լուսաբանում են հանրապետությունում իրավակարգին վերաբերող խնդիրները, ունեն մեկ նպատակ՝ ապահովել մեր քաղաքացիների արժանապատիվ եւ անվտանգ կենսագործունեությունը»։
Այնուհետեւ նախարարը խնդրեց առավել սերտորեն համագործակցել ՆԳՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հետ, քանզի երկուստեք մի նպատակ կա։ Իսկ ՆԳ եւ ԱԱ մարմինների առջեւ դրված բարդ խնդիրները կատարելու համար անհրաժեշտ է գոնե 3 լուրջ հարց լուծել. օրենսդրական դաշտի կատարելագործումն ու ավարտումը, ՆԳ եւ ԱԱ մարմինների տեխնիկական վերազինումը եւ երրորդ՝ աշխատակիցների սոցիալական հարցերի լուծումը (ինչպես հետո նշեց նախարարը, վերջինի կարիքն ավելի շատ ունի ՆԳ համակարգը)։

Հարցադրումների պատասխանները՝ միայն հայերեն

Քանի որ, ինչպես NTV-ի թղթակցին ասաց Ս.Սարգսյանը. իր ռուսերենը «վատ է»։ Մի բան էլ ասեմ. իմիջիայլոց. Ս.Սարգսյանի կարծիքով թղթակցին չի կարելի համեմատել գրողի հետ։ Պրն նախարարը երեւի նկատի ուներ մի փաստ, որ թղթակիցը գրող է, բայց գրողը թղթակից չէ, ինչպես եւ՝ շիշը փող է, բայց փողը շիշ չէ (ինքնըստինքյան շիշը փողի հետ համեմատել չի կարելի)։ Ավելի լուրջ։ Ս.Սարգսյանը ժխտեց այն փաստը, որ հանցագործները պետությանը հասցված վնասը վերականգնելուց հետո բաց են թողնվում. «Ես երբեք չեմ թաքցրել, եւ հիմա էլ չեմ թաքցնում, որ մենք հաճախ ենք օգտագործում օրենքի այն թեզը, որն ասում է. այո՛, հասցված վնասի վերականգնումը մեղմացուցիչ հանգամանք է։ Եվ չեմ կարծում, որ եթե տնտեսական հանցագործություն կատարած անհատներից բոլորին մենք տանենք բերդեր, գաղութներ, դրանով հասարակությունն օգուտ կստանա, եւ շատ ավելի քիչ կլինի այն օգուտը, որ հիմա նրանք են բերում։ Կարծում եմ, որ դա օգտակար է»։ Նա ժխտեց նաեւ Վանո Սիրադեղյանի այն հայտարարությունը, թե Վահան Հարությունյանը ոչ մի տեղ փախած չի եղել։ Փաստն այն է, որ Վ.Հարությունյանը ձերբակալվել է իր տանը, բայց դա չի նշանակում, որ նա դրանից առաջ իր տանն է եղել։

Իսկ հայտնի սպանությունների առթիվ մանրամասներ կհրապարակվեն, բայց ոչ հիմա, որովհետեւ քննության տվյալները հրապարակելը ճիշտ չէ։ Սակայն նշենք, որ այդ սպանություններից մնացել են 3-4-ը, որ բացահայտված չեն։ Ավելի շուտ արված այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ ԱԺ պատգամավորների մեջ, բացի Նվեր Չախոյանից, կան եւս 3-ը, նախարարը հավելեց, որ վերջիններիս նույնպես կձերբակալեն հենց ԱԺ-ում՝ ի դեպ, մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Եվ վերջում մի ուրախալի նոտա. Բուլղարիայում (որի բնակչությունը երկու անգամ է շատ Հայաստանի բնակչությունից) 1997 թ. գրանցվել է 240 հազար հանցագործ դեպք։ Մինչդեռ Հայաստանում այդ թիվը հասնում է միայն 12 հազարի։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031