Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳԻՇԵՐ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒՄ. «ՀԱՏԱԿԸ» ԿՈՂՔԻՑ

Օգոստոս 21,1998 00:00
oxakazev aygi

Ես պետք է շրջանցեի Օղակաձեւ այգին եւ պետք է շրջանցեի գիշերով։ Սակայն չգիտեի, որ այգում իսկական «առավոտ է», իսկ առավոտը հենց այնպես շրջանցել… չի լինի։

Ժ. 1.00-ն անսովոր ժամ է շատերի համար։ Կանոնիկ կյանքով ապրողներին այնպես է թվում, թե այդ ժամին կյանքը կանգ է առնում փողոցներում, թե մարդկանց հետ քուն են մտնում շենքերը, խաղահրապարակները, շները… եւ որ, հատուկենտ վառվող լույսերն ինչ-որ արտակարգ իրավիճակ են խորհրդանշում։ Երեւանում, սակայն, այդ ժամին արթուն էին սրճարանները, ուր մարդիկ են հավաքվում (բոլոր իմաստներով) ըստ մասնագիտությունների, համակրանքների ու հակակրանքների, կա երթեւեկ, բաց են խանութ-սեղանիկները եւ նրանց կիսախուփ աչքերով տերերի կարծիքով իսկական առեւտուրն այդ ժամին է։ Օղակաձեւ այգին շրջանցել չհաջողվեց, որովհետեւ իմ եւ ուղեկցիս դիմացը կտրեցին երեք կին, տնավարի (տնավայրի) հագնված, բոկոտն մի աղջնակ (10-12 տարեկան), ուրվականների տեսքով։ «Ուրվականներից» մեկն ասաց.

– Չվախենաք։ Ձեզնից ընդամենը փող պիտի խնդրենք, սոված ենք…

ԺԱՄԱՆԱԿՆ ԻՐ «ՇԱՌԱՎՂԻՑ» ԴԵՌ ԴՈՒՐՍ ՉԷՐ ԵԿԵԼ

Սակայն գումար տալուց հետո չէինք պատկերացնի, որ այլեւս քիչ հետո կտեղավորվենք նրանց կողքին (որոշեցինք ռիսկի դիմել-Ռ.Մ.)։ Թամո անունով, հողագույն դեմքով աղջնակն հանձն առավ փողոցն անցնել, հաց գնել… նրա դեմքի նման հողագույն մի տոպրակ եւ ստվեր իսկույն անհետացան… Կանայք չռված աչքերով մեզ էին նայում. մենք փոքր-ինչ նրանցից էինք քաշվում, նրանք, երեւում էր՝ մեզնից… Սակայն լռությունը կոտրվեց, նրանցից մեկն ուղղակի հաճոյախոսեց.

– Բարի ժողովուրդ եք երեւում։

Մենք չկարողացանք փոխադարձել հաճոյախոսությունը։ Գուցե, հետո եմ մտածում, նրանք այդ մեկ հատիկ խոսքի՞ն էին սպասում։ Նառա եւ Ալլա անուններով կանայք (վերջինիս կրծքաբաց շորի արանքից երեւում էին կապտուկներ) մինչեւ Թամոյի գալը, տեղեկացրին, թե արդեն երկրորդ ամիսն է, ինչ քնում են Օղակաձեւ այգում (տեղափոխվել են «Մոնումենտից»), ծառերի ետեւում, քանի որ «տուն ասվածը գոյություն չունի»։ Նառան ամուսնալուծված է (ամուսինը անհուսալի հարբեցող է եղել), իսկ Ալլան Մոզդոկից է, «փախստականի պես մի բան» (սրճարանում մատուցող է աշխատել)։

«Չե՞ք վախենում» հարցիս, կանայք դառը քմծիծաղ տվին. իրենք վախենում են այս անկյունը կորցնելուց։ Թամոյի հետ քիչ անց վերադարձան բացերախ մի քանի շներ, քոսոտ, վիրավոր.

– Բիձեն սոված է, նրան կերակրեք…

Բիձեն շներից մեկն էր, ուժասպառ, ինչպես… քաղաքը։ Նրանք տեղավորվեցին «ուրվականների» կողքին, վայելելու «ցեղախմբի» անդամների միջեւ հավասար բաժանված հացը, պանիրը… Օղի էլ գտնվեց, բանականաբար, որից խմել շները չէին կարող, «չփորձեցին»…

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆԻՔ Է»

– Իսկ այսպես խմբովի, երբ հավաքվում եք, ձեզ չե՞ն «նեղացնում»։

– Նախ, մենք՝ կանայք այսքան քիչ չենք։ Հիմա ուր որ է մեր կեսն էլ կգա։ Եվ երկրորդ, այգում բոլորս իրար համարյա թե գիտենք։ Եվ չենք փորձում միմյանց նեղացնել։

– Նկատի ունեմ տղամարդկանց, նրանք չե՞ն «կպչում» ձեզ…

– Մեզ կարող են «կպչել» միայն անծանոթ տղամարդիկ, որոնք պատահաբար կանցնեն այգով։ Նամանավանդ, երբ լինում ենք «հանգամանքների բերումով» առանձին-առանձին։

– Իսկ լինո՞ւմ եք առանձին-առանձին։

– Երբ փորձում ենք ինչ-որ բան ճարել, ցերեկվա մնացածներից (շենքերի մուտքերն ենք գնում)։

Ինձ զարմանալի էր թվում երրորդ կնոջ լռությունը։ Փորձեցի նրան էլ ներքաշել խոսակցության մեջ. Ալլան հասկացրեց, որ Թագուշը ուշ է «մերվում» (կամ գուցե չի՞ վստահում- Ռ. Մ.)։ Թագուշը անշտապ սկսեց բացել ջերմուկի շիշը. օղիով շփեց ափերը, ապա շիշը մոտեցնելով դեմքին, շարունակեց.

– Թող, ուրեմն, ձեզ եւ մեզ տարօրինակ չթվա, թե որտեղ ենք գտնվում մենք եւ դուք այս պահին։ Արժանի լինենք այս գիշերվան։ Վաղը ո՞վ գիտի, որտեղ կլինենք եւ ո՞վ կզբաղեցնի «նախորդ կյանքում» մեր զբաղեցրած տեղը։

Շիշը կանայք հանդիսավոր փոխանցում էին իրար։ Երկրորդ ումպն անելիս Ալլան առաջարկեց խմել երջանկության «կենացը».

– Երջանկությունը տանիք է, որը մենք… չունենք։

ՄԻ ՓՈՐՓՐԵՔ «ՀԱՏԱԿԸ»

Այգու լռությունը հեռվում խախտվում էր հարբած տղամարդկանց թունդ հայհոյանքներով։ Հետո Թամոյի հետ եկած շները «ձանձրացան» մեզնից, համայնք-համայնք հեռացան։ Հետո 2 զույգ անցավ, գիրկընդխառն։ Աղջիկներն ասում էին, որ ծնողներն իրենց տուն չեն թողնի, իսկ երջանիկ տղաները մտածում էին մի իսկական սուտ հորինելու մասին…

– Սաղ կյանքներս ճիշտ ապրեցինք ու դրա համար էս օրի ենք,-խուլ տնքաց Թագուհին թփերի միջից…

Հետո, կառուցվելիք մայր տաճարի մոտակայքից լսվեց երկու կանացի ձայն.

– Կասես, փող չճարեցինք…

– Չէ մի, հաշիվ պիտի տանք…

– Ուրիշ բան չասես։ Խանդում եմ։

– Խի չես ուզում, որ իմանան։ Կարծում ես, գլխի չե՞ն ընկնում…

– Դու ինձ չե՞ս «դավաճանի»։

– Չե՞ս հավատում, որ ավելի լավ կլինի, քան…

Կանայք մոտենում էին մեզ։

– Թո՛ւ,-շպրտեց Թագուհին եւ մեկնվեց ցելոֆանե «դոշակի» վրա,-կասեք քնած եմ։

Ալլան օղու շիշն իր ձեռքը վերցրեց։ Եկվորներից մեկը հարցրեց.

– Քնած չե՞ք, քածեր…

Նառան, ցույց տալով մեզ, հասկացրեց, որ լռեն։ Հետո ասաց.

– Մի փորփրեք հատակը…

«ՄԵՆՔ ՀԱՏԱԿԻՆ ՄՈՏ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՏԱԿԸ ՉԵՆՔ»

– Իսկ ո՞վ է ասում, թե հատակը այս է, կամ դուք եք…

Խռպոտ պատասխան լսվեց.

– Մենք հատակին մոտ ենք, բայց հատակը չենք։ Հատակին մոտ ենք, որովհետեւ տեսնում ենք այն, ինչ դուք չեք տեսնում. գրավ դրված կյանք, շների կողքին միզող կանայք, արվամոլների «դաստա», լակոտներ ուղղակի, մուրացիկներ՝ արյունլվիկ եղած, օրվա գրոշները քամուն տված խաղամոլներ, կնոջ շորեր հագած տղամարդիկ, որոնց «հայտնաբերելուց» հետո մի իսկական թատրոն է սկսվում, ծեծ-ջարդ, ռազբիրատներ»… Կարծում եք, չե՞նք զգում, որ հիմա էլ զզվում եք մեզնից, բայց մենք հատակը չենք։

– Ձեր վերջը ո՞նց եք պատկերացնում։

– Ամուսնանալ, ընտանիք կազմել եւ…

– Եվ կպատմե՞ք ձեր ապագա ամուսիններին, որ այգիներում, փողոցներում մի ժամանակ փող եք հավաքել, մուրացկանություն եք արել…

– Նրանք պարտավոր են մեզ հասկանալ։ Մենք երբեք գողություն չենք արել։ Մեր կողքին կան նաեւ օրինավոր ամուսիններ, որոնց մեջ կռիվ է սկսվում հիմնականում «ով շատ փող հավաքեց եւ ի՞նչ արեց» թեմայով։ Իրար ծեծում էլ են այդ ժամանակ։

– Գիշերը «հերթապահություն» լինո՞ւմ է։

– Նախ, տեսնում եք, մենք ընդհանրապես, չենք երեւում։ Եվ չեն երեւում շատ-շատերը։ Այգին ամեն ինչ կոծկում է, երկար է, սարսափելի… Իսկ, եթե երբեմն օտար մարմին ենք տեսնում, աշխատում ենք խորքը քաշվել, լռել, լավագույն դեպքում, անձայն հեռանալ։ Մեզ ոչինչ պետք չէ. մի կտոր հաց եւ ապահով գիշեր…

Գիշերը կամաց-կամաց առավոտ էր դառնում, «հատակը»՝ տանիք։ Հետո տանիքը տուն դարձավ, տաք օջախ, թրթռուն երեխա, աշխատանք եւ թափառաշրջիկ կանայք կանանց «գործող» կազմակերպությունների եւ իրավահավասարության սահմանադրական նորմերից անտեղյակ, սկսեցին ոռոգման ջրով լվացվել. նրանց կյանքը այդ գարշահոտ թփերից եւ նստարանների վրա վնգստացողներից անդին էր…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31