Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ

Սեպտեմբեր 18,1998 00:00
Murad Petrosyan

ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը սեպտեմբերի 17-ին ասուլիսի հրավիրեց ԼՂՀ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ որոշ մանրամասներ հաղորդելու վերջերս «Առավոտ»-ին տված իր հարցազրույցի վերաբերյալ, մասնավորապես այն հատվածի, որը վերաբերում էր ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանին:

Այդ նպատակով էլ նա լրագրողներին առաջարկեց դիտել ATV հեռուստաընկերության պատրաստած տեսաերիզը, որն, ինչպես վկայեց Մ. Պետրոսյանը, ցուցադրվել է Լոս Անջելեսի հեռուստատեսությամբ։ Թղթակից Ռուբեն Քոչարը հարցազրույցներ էր վարում քաղաքական գործիչների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին։

Թղթակցի հարցը Օշին Քեշիշյանին.

– Լոս Անջելեսում հյուր էր Վահան Հովհաննիսյանը։ Մի հանդիպման ժամանակ նա խոսեց այն մասին, թե Ղարաբաղի հարցը ինչպես պետք է լուծվի, համենայնդեպս, ինչպես է տեսնում այսօր կառավարությունը։ Նրա խոսքերով, Ղարաբաղն ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, ինքնավարական հիմունքներով։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Վ. Հովհաննիսյանը շեշտել է, որ կառավարությունը կոնկրետ պահանջներ է դնելու, դրանցից մեկն այն է, որ Ղարաբաղը պետք է պահպանի իր զորքը, իսկ մյուս հարցը, որ շատ տարօրինակ էր ինձ համար, Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային կապ։

Հատված Վ. Հովհաննիսյանի ելույթից.

– Պետք է պահպանվեն զինված ուժերը։ Զենքով-զինամթերքով, տեխնիկական միջոցներով, որովհետեւ դա է, որ պաշտպանում է անվտանգությունը (ելույթի տեսագրության առաջին մասը հանված էր)։ Եվ երրորդ պայման, որ հստակ անհրաժեշտություն է Հայաստանի հետ ցամաքային կապի պահպանումը։ Երբ ադրբեջանցիները սկսում են խոսել Լաչինի, Շուշիի մասին, բանակցությունները դառնում են անիմաստ, եւ մենք խոսելու բան չունենք։ Հիմա դուք որպես մեր հայրենակից եւ հայ մարդիկ, ի՞նչ եք կարծում, այդ պայմաններով չարժի՞, որ մենք պատերազմը վերջացնենք։

Ռուբեն Քոչարը դիմեց եւ.

– Ի՞նչ կասեք այդ մասին։

Օշին Քեշիշյան.

– Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը լրիվությամբ չեմ դիտել, չէի ուզի որեւէ խոսք ասել, մինչեւ նրա խոսքերը բառառբառ չլսեմ։

Թղթակից.

– Ոչ մի անգամ մենք կոնկրետ չկարողացանք պատկերացում կազմել, թե ի՞նչ էր նախկին կառավարության, նախկին նախագահի վերաբերմունքն այդ հարցին։ Հայաստանի հասարակությունն այդպես էլ չկարողացավ վերջնականապես հասկանալ, թե ուր էին տանում եւ ինչ դրության մեջ էր ընկել։ Հարկ է ավելացնել, որ տեսաերիզը դիտելու ժամանակ Վ. Հովհաննիսյանի բերանից չլսվեց այն միտքը, որ Ղարաբաղը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Իսկ ելույթի տեսագրությունը մոնտաժված էր, հետեւաբար արտահայտությունները ընդհանուր կոնտեքստից դուրս էին։ Ըստ երեւույթին, Վ. Հովհաննիսյանի համար որոշակիորեն ընդունելի էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած հանրահայտ առաջարկները, քանի որ նա գտնում է, որ դրանց ընդունումը ճիշտ կլիներ պատերազմն ավարտելու առումով։

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս իր տրամադրության տակ հայտնվեց այդ տեսաերիզը, Մուրադ Պետրոսյանն ասաց, որ այն ձեռք է բերել հեռուստաընկերության աշխատակիցների օգնությամբ։ Ասուլիսի վերջում Մուրադ Պետրոսյանն իր տեսակետն արտահայտեց ՀՅԴ վերաբերյալ, ներկայացնելով այն հայտարարության տեսքով, մասնավորապես ասաց, որ ինքն այդ կուսակցությունը համարում է ամենաազդեցիկը, ամենահեղինակավորը, ամենաբազմաքանակն ու չզիջողը, սակայն դեմ է նրա ընդհատակյա եւ քողարկված գործունեությանը. «Քննադատական տրամադրություններով հանդերձ, ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ապագան Դաշնակցությանն է, եթե միայն այդ կուսակցությունը բարեփոխումներ կատարի իր ներսում»,- ասաց Մ. Պետրոսյանը։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտի» թղթակից

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930