Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս ամսվա համար չարժեր ժողովրդին հանել ոտքի»

Հոկտեմբեր 27,1998 00:00
yntrutyunner

ԱԺ թափուր տեղերի համար պայքարը Երեւանի թիվ 40 ընտրատարածքում երեկ ավարտվեց՝ հօգուտ…

Այս մասին վերջում։ Մինչ այդ՝ այն մասին, թե ինչպես էին ընտրողները մասնակցում (կամ որ ավելի ճիշտ կլիներ, չմասնակցում) այդ ընտրություններին։ Թիվ 40 ընտրատարածքի յոթ տեղամասերն ընդգրկում են Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածները։ Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 16000 է։ Օրվա երկրորդ կեսին նույնիսկ ընտրական տեղամասերը չէին կարող «պարծենալ» բազմամարդությամբ։ Օրինակ՝ 34 ընտրական տեղամասում 15.50-ի դրությամբ 2034 ընտրողից այցելել էր ընդամենը 121-ը։ Մինչ զրուցում էին թեկնածուների վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների, դիտորդների եւ ընտրողների հետ, մի քանի ընտրող էլ եկան իրենց «քաղաքացիական պարտքը» կատարելու։

Ընտրողներն այդպես էլ պատճառաբանում էին. «Իմիջիայլոց եկել ենք, պարտականություն է. չենք ուզում բացակայել»։ Թեկնածուների վստահված անձինք, դիտորդները՝ բոլորն էլ գոհ էին ընտրությունների կազմակերպումից եւ ընթացքից։ Ընտրությունները ինչպես դի՜նջ-դի՜նջ սկսվել էին, այդպես էլ շարունակվում էին։ Նույն խաղաղ ընթացքն էր նաեւ 35 ընտրամասում, որտեղ 1848 ընտրողից 16.10-ի դրությամբ իր ընտրությունը կատարել էր ընդամենը 105 ընտրող։

Թեկնածուներից Հրանուշ Խառատյանի վստահված անձը հայտնեց, որ տարածքային հանձնաժողովը լրացուցիչ ցուցակ չի ուղարկել, եւ տեղական հանձնաժողովն օգտագործում է «հասարակ թղթեր»։ Սակայն այս հանգամանքը նրա կարծիքով, չի կարող խախտումների տեղիք տալ, քանի որ այն իրենց ուշադրության կենտրոնում է։

Թիվ 37 ընտրական տեղամասում տեղակայված է նաեւ թիվ 40 ընտրատարածքի հանձնաժողովը, որի նախագահ Արշալույս Սարգսյանը մի թերություն նշեց.

– Պրոբլեմներ կային երեկ (այսինքն՝ հոկտեմբերի 24-ին- Ա.Գ.)։ Կարծեմ «Ոսկե աշունի» հետ կապված՝ նրանք զբաղված են եղել, մի քիչ ուշացումով եկան տեղամաս։ Դա էր։ Մնացած հարցերը հարթվեցին։

Թիվ 35 տեղամասում լրացուցիչ ցուցակներ չուղարկելու փաստը տարածքային հանձնաժողովի նախագահը չհաստատեց.

– Գուցե մի քիչ ուշացումով, բայց ուղարկվել են։

ըԹիվ 37 տեղամասում 2200 ընտրողից 16.40-ին եկել էին ընդամենը 97-ը։ Հանձնաժողովի նախագահը որպես ոչ այն է թերություն, ոչ այն է՝ թերացում (այդպես էլ հարմար բառը չգտանք) նշեց վստահված անձանց կողմից օրենքի չիմանալը։ Վերջիններիս հետ զրույցից պարզվեց, որ նրանք ոչ թե չգիտեն, այլ դժգոհ են «Ընտրությունների մասին» օրենքից, ըստ որի քաղաքացիները ընտրությունների կարող են ներկայանալ անձը հաստատող ցանկացած փաստաթղթով։

Մինչդեռ վստահված անձինք գտնում են, որ, ասենք, զինգրքույկում նշված չէ քաղաքացու գրանցման վայրը, ինչը կարող է խախտումների հնարավորություն տալ։ (Այս պահին լսվեցին ծափահարություններ, որոնք ուղղված էին 100-րդ ընտրողին- Ա. Գ.)։ Մյուս տեղամասերում նույն տեմպն էր։ Ե՛վ ընտրողները, ե՛ւ հանձնաժողովների անդամները, ե՛ւ վստահված անձինք ընտրություններին քաղաքացիների պասիվ մասնակցությունը պայմանավորում էին նրանց հիասթափվածությամբ։ Ընդ որում, ընտրողները հիասթափված են ե՛ւ իրենց երբեւէ ունեցած պատգամավորներից, ե՛ւ նախորդ ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումներից։

Վստահված անձանցից մեկի կարծիքով, մարդիկ ընտրությունների չեն գալիս, քանի որ ընտրվող պատգամավորը միայն 4 ամսվա համար է։ Եթե մարդիկ իմանային, որ պատգամավոր ընտրում են 5 տարվա համար, ըստ նրա, անպատճառ կգնային ընտրությունների։ Չոր ու ցամաք, ժլատ թվերից զատ, «հյութեղ» խոսակցություններ էին պտտվում ընտրական տեղամասերում։ Ասենք, այն մասին, որ պատգամավորության թեկնածուներից երկուսը՝ Հրանուշ Խառատյանը եւ Արայիկ Մուրադյանը, ինչպես ընդունված է, «ընդմիջում» են ուղարկել տեղամասեր՝ առանց նշելու կոնկրետ հասցեատիրոջը։ Մինչդեռ Վովա Հախվերդյանի մարդիկ, «պռավիզը» հանձնելիս հայտնել են՝ մերոնց համար է։ Իսկ «մերոնք», ըստ հանձնաժողովներից մեկի մի անդամի, բավական շատ են եղել, ընդ որում՝ ծպտյալ։ Այլ կերպ ասած, կոմունիստ ու դեմոկրատ ներկայացող շատերը, չգիտես ինչու, հանդես են եկել ԱԺՄ-ի շահերի բուռն պաշտպանությամբ։

Թեեւ ընտրական տեղամասերում «ընտրողների կարիք էին զգում», այնուամենայնիվ, ընտրությունները կայացել են։ Ընտրություններին մասնակցած 1700 հոգուց 700-ի ձայնը վճռորոշ է եղել «թաղային հեղինակություն» Արայիկ Մուրադյանի համար։ Երկրորդ պատվավոր տեղում է Վովա Հախվերդյանը։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031