Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ուր էլ լինեն, հաջողության հասնում են

Նոյեմբեր 06,1998 00:00
Yarmaloyan

Սա պետական ամենաբարձր պարգեւներից է եւ կարող է համեմատվել դեռեւս մեկ տասնամյակ առաջ շնորհվող Լենինի շքանշանի հետ։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի մարտի 4-ի հրամանագրով միլիցիայի փոխգնդապետ Յուրիկ Վարդգեսի Յարմալոյանը պարգեւատրվեց «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։

«Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով վերջին տարիներին պարգեւատրվել են այնպիսի հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ այլք։ Եթե նման բարձր պարգեւի արժանանային մեր հայրենակիցներից, ասենք՝ Արթուր Չիլինգարովը կամ Արմեն Ջիգարխանյանը, ապա դա կդիտվեր որպես վերոնշյալ անձանց ավանդի հերթական գնահատական, իսկ երբ խոսքը գնում է մինչ այդ քչերին հայտնի միլիցիոների մասին, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջանում։ Տողերիս հեղինակին հաջողվեց ծանոթանալ Յարմալոյանի հետ միայն վերջերս, երբ նա ծառայության մեջ բացառիկ հաջողությունների համար պարգեւատրվում էր անվանական ժամացույցով։

Հոլիվուդյան գերոստիկաններ «խաղացող» Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների ֆոնին՝ միջին վիճակագրական հայկական արտաքինով փոխգնդապետի բացառիկ հաջողություններն առաջին հայացքից զարմացնում են։ Ինքը՝ Յարմալոյանը, դրանք վերագրում է միլիցիայի հայկական դպրոցին, որտեղ երկար տարիներ աշխատել է եւ այսօր էլ կապերը չի կտրում։ Մինչեւ Մոսկվա գալը՝ նա Հայաստանում բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել, վերջին շրջանում՝ Կալինինոյի շրջանի միլիցիայի պետ, այնուհետեւ Երեւանի ՆԳՎ էկոլոգիական հսկողության բաժնի պետ։ 1994 թ. Մերձմոսկովյան Պոդոլսկի քրեական հետախուզությունում ավագ տեսուչ նշանակվելուց անմիջապես հետո Յարմալոյանին հաջողվում է կարճ ժամանակահատվածում բացահայտել մի շարք աղմկահարույց սպանություններ, որոնց բացահայտումը ռուսների՝ այսօրվա գնահատմամբ «անհնարին» է համարվում։

Ավելի ուշ, Մոսկվայի քրեական հետախուզության հատուկ կարեւորության գործերով ավագ տեսուչ, փոխգնդապետ Յուրիկ Յարմալոյանը բացահայտում է Ռուսաստանի Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Սիչի պատվիրված սպանությունը, որի համար արժանանում է «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշանի։ Յարմալոյանն իր հաջողություններին վերաբերվում է հանգիստ, դրանք չի գովազդում, այլ վերագրում է իր հայ լինելուն։ Նրա կարծիքով, հայերը որտեղ էլ լինեն, իրենց գենետիկ աշխատասիրությամբ եւ ընդունակությամբ հասնում են մեծ հաջողությունների։ Ստորեւ ներկայացնում ենք մեր թղթակցի զրույցը փոխգնդապետի հետ։

– Պրն Յարմալոյան, Ձեզ չի՞ շփոթեցնում այն հանգամանքը, որ լինելով հայ, Դուք Ռուսաստանի նախագահից ստանում եք «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» շքանշան։

– Անշուշտ, դա շատ բարձր պարգեւ է, բայց ես չեմ կարծում, որ շփոթվելու կարիք կա։ Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, ես Հայաստանից մի պահ անգամ չեմ կտրվել, իսկ թե իմ ծառայությունների համար ինձ ինչ շքանշանով են պարգեւատրում, դա արդեն ես չեմ ընտրում։ Դրանից բացի, չմոռանանք, որ մենք ծնվել եւ մեծացել ենք ընդհանուր հայրենիքում՝ ԽՍՀՄ-ում։ Ժամանակին ես երկրորդ բարձրագույն կրթություն ստացել եմ Մոսկվայի ակադեմիայում։ Ամեն դեպքում ես ուրախ եմ եւ շոյված իմ ծառայությունների այդքան բարձր գնահատումից։

– Ձեր հաջողությունները Մոսկվայում ակնհայտ են։ Իսկ ձեր այստեղ տեղափոխված գործընկերներն ինչպե՞ս են աշխատում։

– Հայաստանից տեղափոխված կադրեր բավականին կան, որոնք պակաս հաջողություններ չունեն։ Դա նրանից է, որ Հայաստանում մենք փայլուն օպերատիվ դպրոց ենք անցել, որն իրեն գերազանց է արդարացնում ամենուրեք։ Մեր բոլոր հայ ընկերներն էլ մեր բնագավառում շատ բարձր են գնահատվում իրենց աշխատասիրության, օպերատիվության հարցին տրամաբանությամբ մոտենալու շնորհիվ։ Ես դա չեմ վերագրում միայն դպրոցին։ Դա հայկական առանձնահատկություն է. որտեղ էլ լինենք՝ ձգտող ենք, մաքառող, աշխատող եւ երեւի դա է մեզ օգնում գոյատեւել։ Իմ կարծիքով, հայ լինելն արդեն կարեւոր հատկություն է, որով մենք պետք է նույնիսկ պարծենանք։

– Պրն Յարմալոյան, իսկ ազգային խտրականություն Ձեր նկատմամբ չե՞ք զգում։ Ի վերջո, դժվար է օտարազգիների մեջ աշխատելը։

– Ազգային խտրականություն չեմ զգում, բայց օտարության պահը կա, կարոտը կա։ Ուղղակի մեկ-մեկ վիրավորված եմ ինձ զգում, երբ շատ են արծարծում «կովկասյան ազգության դեմք» արտահայտությունը։ Բոլորին չես բացատրի, որ մենք ոչ թե կովկասցի ենք, այլ հայ՝ անդր կամ անդրկովկասցի։

– Պրն Յարմալոյան, ռուսական ԶԼՄ-ները պարբերաբար արծարծում են կովկասյան հանցագործ խմբավորումների հարցը։ Գոյություն ունի նույնիսկ «հայկական մաֆիա» տերմին։ Իրականում կա՞ այդ մաֆիան, թե՞ զուտ առասպել է։

– Իսկապես, այդ մասին խոսվում է, եւ, ըստ երեւույթին, ինչ-որ հիմքեր կան, թեպետ ինքս երբեք չեմ շփվել այդ պրոբլեմի հետ։ Բայց չի կարելի ընդհանրապես պնդել, որ հայ հանցագործները կամ հայկական խմբավորումները եղանակ են ստեղծում Մոսկվայի քրեական իրավիճակում։

– Մոսկվայում աշխատելու տարիներին եղե՞լ է այնպիսի դեպք, որ Դուք ստիպված լինեիք ձերբակալել մեր հայրենակցի։

– Բարեբախտաբար՝ ոչ։ Բայց Վալենտին Սիչի սպանության գործով ձերբակալեցինք երեք ադրբեջանցու, որոնք, փաստորեն, սպանության պատվերը կատարողներն էին։

– Պրն Յարմալոյան, առաջիկայում Հայաստան վերադառնալու մտադրություն ունե՞ք։

– Առաջիկա տարիներին դժվար թե, այստեղ անելիքներս դեռ շատ են։ Բայց Հայաստանի հետ շատ եմ կապված։ Երեխաներս ավարտեցին Լոմոնոսովի անվան համալսարանը։ Մեկն արդեն վերադարձել է Հայաստան, աշխատում է բանկային համակարգում, մյուսն էլ պատրաստվում է տուն վերադառնալ։ Հայաստանից դուրս ես չեմ պատկերացնում ընտանիքիս ապագան։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30