Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՓՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՆԼՈՒՐՋ ՉԷԻՆ

Դեկտեմբեր 09,1998 00:00

Այս անգամ կարծես մեղավոր են ոչ միայն «նախկիննե՞րը»

Բազմաթիվ նախկին բարձրաստիճանների հետ ենք զրուցել 1993-ի մարտին կայացած կառավարության օպերատիվ կառավարման շտաբի այդ նիստի մասին։ Մեր զրուցակիցների մեծ մասն անձամբ էր մասնակցել այդ նիստին, մյուսներն ուղղակի ի պաշտոնե էին տեղյակ։ Սակայն միայն մեր այս մի զրուցակիցը համաձայնեց մամուլի համար պատմել այն, ինչ հիշում էր, պայմանով, որ իր անունը չենք հրապարակելու։ Ուստի սահմանափակվենք միայն այնքանով, որ նա այդ տարիներին բավականին բարձր դիրք էր գրավում։

-Օպերատիվ շտաբի նիստերը գրեթե ամեն օր էին գումարվում։ Դրանք սովորաբար վարում էր Գագիկ Մարտիրոսյանը՝ շտաբի ղեկավարը։ Կարեւոր հարցերի դեպքում նիստը վարում էր վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ այդ անգամ էլ այդպես եղավ, քանի որ քննարկվում էին խիստ կարեւոր խնդիրներ։ Հիշեցնեմ. 1993-ը եւս էներգետիկ ճգնաժամի տարի էր, ընդամենը 2 կամ 4 ժամ էին հոսանք մատակարարում։ Եվ նույնիսկ 1 կգ լրացուցիչ մազութն էր կարեւորվում։ Իսկ այդ օրվա խոսակցությունը վերաբերվում էր մազութի՝ ոչ ժամանակին տեղ հասնելու խնդրին։ Փոխնախարար, պինդ եւ հեղուկ վառելիքի ձեռնարկության տնօրեն Երվանդ Զախարյանը (լուսանկարում) շտաբի այդ նիստից հետո՝ մարտի 17-ին ազատվեց աշխատանքից։ Հետո նա երկա՜ր բացակայեց Հայաստանից՝ մինչեւ վերջին ժամանակներս։

– Սակայն Երվանդ Զախարյանը «Առավոտին» տված հարցազրույցում պնդել էր, թե աշխատանքից ազատվելուց հետո ինքը շուրջ մեկ տարի չի հեռացել Հայաստանից։

– Այդպես չէ, նա այստեղ չի եղել եւ միայն կարճ ժամկետով է այցելել Հայաստան։ Եվ պատահական չէ, որ նա միայն 1997-ի վերջին հայտնվեց այստեղ։ … Իրոք, 72 հազար տոննա մազութ պիտի ներկրվեր Հայաստան, որն ինչ-ինչ պատճառներով չէր հասել եւ որոշ կասկածներ կային, որ դա կանխամտածված է արվել կամ պարզապես յուրացվել է։ Եվ Հրանտ Բագրատյանը հենց տեղում հանձնարարություն տվեց գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, որ նա պարզի այդ գործի հանգամանքները։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հանրապետության դատախազությունը գործ հարուցեց, բայց այդ ընթացքում Երվանդ Զախարյանն արդեն քաղաքից բացակայում էր։ Մի քանի անգամ գնաց-եկավ՝ նաեւ ցուցմունք տալու եւ պարզապես դատախազությունում իր գործերը կարգավորելու համար։

Դատախազության մի շարք համապատասխան մասնագետներ (ի դեպ, Աղվան Հովսեփյանն էր ժամանակին այս գործը վարում) գործի որոշ հանգամանքներ պարզելու համար Ուկրաինա էին մեկնել, Ռուսաստան, Վրաստան։ Քանզի իրենց բացատրություն էր ներկայացվել, որ մազութի այդ խմբաքանակն ուղղակի կորել է ճանապարհին։ Ի դեպ, շրջափակման պայմաններում նման դեպքեր օբյեկտիվ պատճառներով իրոք շատ էին լինում, ասենք, 1992-ին մազութի մի խմբաքանակի վերաբերյալ պաշտոնապես հայտարարվեց, թե այն Ադրբեջանում բռնագրավել են։ Հիշում եմ, քարածխի վերաբերյալ էլ 1992-ին նման հայտարարություն արվեց եւ այլն։

– Իսկ ինչո՞ւ պատահական չեք համարում այն հանգամանքը, որ պրն Զախարյանը միայն 1997-ին Հայաստան վերադարձավ։

– Շատ պարզ է՝ փոխվել էր կառավարության ղեկավարը, քաղաքական իրավիճակը։ Կարծես թե նրան նաեւ վստահեցրել էին, թե այդ գործի առնչությամբ այլեւս խնդիրներ չի ունենա։

– Դուք որոշակի փաստե՞ր ունեք պնդելու, որ 72 հազար տոննա կորած մազութի գործը եւ Զախարյանի պաշտոնանկությունը փոխառնչվում են։ Մեր թերթին տված հարցազրույցում տրանսպորտի նախարարը հաստատել էր, թե Հրանտ Բագրատյանն իրոք հանձնարարական էր տվել, բայց եւ պարզաբանել էր, որ այն վերաբերել էր համակարգում էմիսիոն գումարների նպատակային ծախսման ստուգմանը՝ աշխատավարձերի վճարումների առնչությամբ։

– Իմանալով մեր առջեւ այն ժամանակ ծառացած խնդիրները՝ չեմ կարծում, թե միայն դրան է վերաբերվել։ Էմիսիոն գումարների ծախսումների վերաբերյալ այդպիսի խնդիրներ չէին առաջանա, որ նման պաշտոնի տեր մարդու աշխատանքից ազատման հարցը օպերատիվ շտաբի նիստում լսվեր։

Ինչ վերաբերում է այդ 72 հազար տոննա մազութին՝ դժվար չի լինի դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալը։ Կարծում եմ, այս ամենը կարելի է ճշտել նավթամթերքների այն ժամանակ՝ պետական ձեռնարկությունում, այսօր՝ բաժնետիրական ընկերությունում, որը մի մասով իրավահաջորդն է Զախարյանի՝ որպես պինդ եւ հեղուկ վառելիքի ձեռնարկության տնօրենի գործունեության։

Օտարերկրյա կազմակերպություններից եւ պետություններից ստացված վարկերի ստուգման հանձնաժողովում կարեւոր համապատասխան տեղեկատվություն կա 1993-ին էներգետիկայի բնագավառում գործունեության հաշվեկշռի վերաբերյալ, որտեղ այդ անհամապատասխանությունը զգացվում է։ Դա թաքցնել չէր լինի. 1993-ին իբր արտադրվել է 6 մլրդ 260 մլն եւ 1996-ին՝ 6 մլրդ 220 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ եւ որեւէ բացատրություն չկա, թե ինչպես է այն ժամանակ այդքան արտադրվել եւ ինչ է դա եղել։ Երեւի սա հենց այն տարբերակն է, որ չեկած մազութով չեղած հոսանք էին արտադրում եւ ցույց տալիս, թե մազութ էլ կար, հոսանք էլ։

Ձեզ հուշեմ, որ երեւի պատահական չէր, որ Երվանդ Զախարյանն այդ հարցազրույցում հայտարարել էր. «Հավանաբար, որոշ անձանց ձեռնտու չէր ինձ տեսնել էներգետիկայի նախարարի պաշտոնում, եւ այդ պատճառով է, որ նման լուրեր են տարածում»։ Եթե «Առավոտի» տեղեկատվությունն անհիմն էր՝ ինչպե՞ս ստացվեց, որ այն խանգարեց նրա նշանակմանը։ Ոչինչ չէ՞ր եղել՝ թող նրան նշանակեին էներգետիկայի նախարար, որն ավելի է համապատասխանում նրա մասնագիտությանը։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Մտադիր ենք թեման շարունակել։ Պատճառը բնավ որոշակի անձի հետ կապված խնդիրները չեն։ Կարծում ենք, որ չափազանց կարեւոր է պարզել, թե ովքեր էին անլույս տարիներին մարդկանց զրկանքների մատնելու գնով իրենց ձեռքերը տաքացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031