Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՍ» ԿՈՈՊԵՐԱՏԻՎ- «ՀԻԴՐՈԱՊԱՐԱՏՆԵՐ»

Դեկտեմբեր 22,1998 00:00
gorcaran

Վեճը ո՛չ վերջ ունի, ո՛չ «սկիզբ»

1989 թ. նոյեմբերի 1-ին պայմանագրով «Մարս» կոշիկի կոոպերատիվը վարձակալեց Երեւանի «Հիդրոապարատներ» գործարանի 102 քմ տարածքը՝ տասը տարի ժամանակով։ 1993 թ. գործարանի նախկին տնօրեն Սարգսյանի կարգադրությամբ, առանց կոոպերատիվի անդամների գիտության եւ մասնակցության, «Մարսի» դռները բացվեցին եւ այդ ընթացքում թալանվեց կոոպերատիվին պատկանող գույքը։ Վնասի չափը, ըստ էության, կազմում էր 9,5 մլն դրամ։ Դատական այս վեճը, թվում էր, թե իր լուծումը կգտներ Խորհրդային շրջանի ժողդատարանի 1995 թ. որոշումով, սակայն բանն ավարտվեց նրանով, որ վեճը տեղափոխվեց արբիտրաժ, վերջինս էլ իր հերթին այն կրկին ուղարկեց դատարանական «պահեստավորման»։

Այդ ընթացքում անցան եւս մի քանի տարիներ։ Վերջապես 1998 թ. նոյեմբերի 12-ին Խորհրդային շրջանի ժողդատարանը, այս անգամ դատավոր Ներսիսյանի նախագահությամբ, քննության առավ «Մարս» կոոպերատիվի անդամներ Վլադիկ, Վարդան, Կարեն Ադոնցների հայցը, ընդդեմ «Հիդրոապարատներ» գործարանի՝ 9,5 մլն դրամի պահանջի մասին եւ այն բավարարեց մասնակիորեն։ Զինվորական առաջին խմբի հաշմանդամ Վլադիկ Ադոնցը խմբագրությանն ուղարկված բողոքում նշում է, որ դատարանի վճիռը հիմնավորված չէ, քանի որ դատարանը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ։

Նախ, 1989 թ. Խորհրդային շրջխորհրդի գործկոմի կողմից հաստատվել էր «Մարս» կոոպերատիվի կանոնադրությունը, որը համաձայն գործարանի հետ կնքված պայմանագրի, պարբերաբար վճարել է տարածքի սահմանված վարձը։ Գործարանի կողմից թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում. տասը տարով կնքված պայմանագիրը գործարանը միակողմանի իրավունք չուներ չեղյալ համարելու, այն կարող էր վիճարկվել միայն դատարանի կամ պետարբիտրաժի որոշմամբ, այն էլ այն դեպքում, եթե հիմնավորված է, որ վարձակալված տարածքը գործարանին խիստ անհրաժեշտ էր եւ կամ վարձակալող կազմակերպությունն էլ թերացել է կատարել վարձակալման պայմանագրի պահանջները։ Վճռում նշված է, որ կոոպերատիվը պարբերաբար կատարել է արենդայի վարձի մուծումները՝ մինչեւ 1993 թ. ներառյալ։

Գործարանը, փաստորեն, կոոպերատիվի պայմանագիրը ընդհատել է 1992 թ. մարտի 18-ին, եւ շուրջ տասը ամիս նրանք շարունակել են գանձել տարածքի վարձավճարը։ Երրորդ՝ դատարանը չանդրադարձավ այն հարցին, թե հայցվորները մինչեւ ժողդատարան դիմելն իրենց ապրանքը կոոպերատիվից դուրս հանելն ու գողանալը ի՞նչ իրավասու մարմինների են դիմել (նրանք դիմել էին շրջանի դատախազին, վերջինս գործը հանձնել էր ՆԳ բաժին, որտեղ եւ կատարվել էր քննություն)։ Ի դեպ, ՆԳ բաժնի քննությունից պարզվել էր հետեւյալը, որ կոոպերատիվի արտադրամասը բացվել է տնօրեն Սարգսյանի օրոք, որին վեց ամիս անց փոխարինել է մեկ այլ տնօրեն՝ Բրուտյանը։ Վերջինս էլ, օգտվելով իր նախորդի ուսանելի օրինակից, բացում է կոոպերատիվի պահեստային մասի երկաթե դուռը՝ փականները ջարդելու միջոցով։ Պրն Բրուտյանն, իհարկե, գտնում է արդարանալու միջոց. քննիչին տված բացատրության մեջ հայտնում է, թե փայտի թեփ լցնելու նպատակով է կազմվել հանձնաժողով եւ բացվել կոոպերատիվի պահեստային մասը։

Վ. Ադոնցի այն հարցին, թե որտեղ է կազմվել ակտը, նրան պատասխանում են, որ ոչ մի հանձնաժողով չի եղել։ Իրականում պրն Բրուտյանի նախաձեռնությամբ է բացվել դուռը եւ այնտեղից էլ դուրս բերվել տարբեր սարքավորումներ։ Ժողդատարանը արտադրամասի եւ պահեստային մասի «բացումները» վերագրել է նույն հանձնաժողովին… Առկա է, փաստորեն, միակողմանի գործողություններ, ինչի հետեւանքով կոոպերատիվին հասցվել է նյութական վնաս (բարոյական վնասի մասին խոսելն ավելորդ է -Ռ.Մ.)։

Դատարանը ներկայիս տնօրեն պարոն Աշուղյանին, որը ներկայացնում է գործարանի շահերը, պահանջեց ներկայացնել, թե ինչպես է պատահել, որ վերոնշյալ հանձնաժողովը գրանցել է տասներեք անուն ապրանքների առկայություն, իսկ մեկ տարի անց գույքագրվել են հայցվորներին պատկանող 30 անուն ապրանքներ։ Դատարանը չփորձեց երկու ակտեր համեմատել իրար, որից պարզ կդառնար, որ պրն Աշուղյանի «թելը եւ ասեղը» (խոսքը ապրանքների թվի ավելացման մասին է, երբ առաջին անգամ արձանագրվել էր թել, իսկ չէր գրանցվել՝ ասեղը) ակտերում չի գրանցված, դրանց փոխարեն գրանցված են դազգահ, երկաթե դուռ, ալյումինե թիթեղ եւ այլն։ Չորրորդ՝ գործով հաստատված է, թե նախկին տնօրեն Բրուտյանը «շփոթեցրել» է գործը վարող միլիցիայի քննիչին եւ կոոպերատիվի պահեստային մասից գողացել է… վոլտմետրեր։

Դատարանը այս հարցի կապակցությամբ չհրավիրեց պրն Բրուտյանին, նրա արարքին չտրվեց գնահատական եւ, չպարզվեց այս գործողությունների դրդապատճառները։ Ժողդատարանը պատասխանող կողմից չպահանջեց որեւէ փաստաթուղթ, որով կհաստատվեր, թե Վ. Ադոնցին հրավիրել են կոոպերատիվի արտադրամասը կամ պահեստային մասը բացելու արարողությանը։ Գործով վկա Ա. Մելքոնյանը, թեեւ դատարանում հայտարարեց, որ ինքը հեռախոսով տեղեկացրել է Ադոնցին, որ տնօրեն Սարգսյանի կարգադրությամբ պետք է բացվի արտադրամասը, եթե Վ. Ադոնցը չներկայանա։ «Ես հարց տվեցի վկա Ա. Մելքոնյանին եւ խնդրեցի ներկայացնել մեր խոսակցությունը։ Վերջինս հայտնեց, որ իրոք ես նրան ասել եմ, թե նոր եմ դուրս գրվել հիվանդանոցից եւ խնդրել եմ չբացել արտադրամասը, մինչեւ ես կգամ»,- ասում է Վ. Ադոնցը։

Վ. Ադոնցին, այնուամենայնիվ, հետաքրքրում է այն հարցը, թե ինչու բոլոր երեք տնօրեններն էլ շահագրգռվածություն են ցույց տալիս «Մարս» կոոպերատիվում կատարվածի կոծկմանը, մի կոոպերատիվի, որը 1991 թվականի էներգետիկ ճգնաժամի պայմաններում իր սուղ միջոցներով վճարել է վարձակալված տարածքի վարձը, աշխատանքով ապահովել 20 աշխատողի եւ կատարել իր պայմանագրային պարտականությունները։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031