Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդությունը կրկին մերժվեց

Հունվար 27,1999 00:00
Aram Abrahamyan

Ենթադրական ռեպորտաժ ապագայից

2003 թվական, 25-ը հունվարի: Առավոտ էր: Դավալուի /նախկին Արարատյան/ դաշտավայրի խաղաղ առավոտներից մեկը: ՀՀ նախագահ Վազգեն Սարգսյանը մարզպետների խորհրդակցություն է հրավիրել՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սմբատ Այվազյանի եւ գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազը մեկնեց Ազգային ժողով եւ միջնորդություն ներկայացրեց՝ «Արցախ» ընդդիմադիր խմբակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ: Հիմնվելով կալանքի տակ գտնվող ՆԳ նախկին փոխնախարար Հովհաննես Վարյանի ցուցմունքների վրա, պրն Ջհանգիրյանը մեղադրեց պատգամավորին Մավրիկ Ավետիսյանի, Հենրիկ Խաչատրյանի եւ Վահրամ Խորխոռունու սպանությունները կազմակերպելու, ինչպես նաեւ գեներալ Ռոմեն Ղազարյանի /Բուդոյի/ հետ համատեղ ոգելից խմիչքներ օգտագործելու մեջ: Խորհրդարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ գտնելով, որ պրն Ջհանգիրյանը քաղաքական պատվեր է կատարում:

Մեր թերթին տված իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նշեց, որ այդ ամենը բեմադրված ֆարս էր՝ C-300 հրթիռային համալիրը տանզանիական «Քինգ-Քոնգ» ֆիրմայի ուշադրությունը վաճառքից շեղելու համար: Պրն Սադոյանը նաեւ հույս հայտնեց, որ ժողովրդից լափված գումարները վերջապես կվերադարձվեն օրինական տերերին: «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը զանգահարեց ՆԳ նախկին հանգստյան տուն, որտեղ այժմ բնակվում են նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը՝ վերջիններիս խնդրելով մեկնաբանել ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունները: Այնտեղից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն բավականին վարժ կարդում է աքքադերեն եւ սանսկրիտով գրված ձեռագրեր, սակայն մեկնաբանություններից հրաժարվեցին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031