Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադիկը քննադատում է Վազգեն Սարգսյանին

Փետրվար 09,1999 00:00
Murad Petrosyan

Անցած շաբաթը բուռն իրադարձություններով հագեցած շրջան էր Հայաստանի Հանրապետության համար։ Ընթերցողին շատ բան է հայտնի, ուստի կրկնություններ չեմ անի։ Անհրաժեշտ եմ համարում ընդհանուր ուրվագծերով վերլուծության ենթարկել Վ. Սարգսյանի ելույթը «Հանրապետություն» կուսակցության համագումարում։

Այդ ելույթը նախեւառաջ Հայաստանի առաջատար ու ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի ծրագրային ճառն էր, եւ ապա՝ նրանում մատչելի ձեւով բացեիբաց շարադրված է Վ. Սարգսյանի դիրքորոշումը հրատապ հարցերի վերաբերյալ, փորձ է արվում սպառիչ պատասխաններ տալ դրանց։

Դիտորդներն անպայման կնշեն, որ նրա ելույթը ոչ թե պաշտպանության նախարարի, այլ «պետական իշխանության բաժնետոմսերի հսկիչ ծրարին» տիրող մի անձի ճառ էր։ Նա խոսում էր ոչ թե մեկ կուսակցության համագումարի պատվիրակների, այլ երկրի հետ, նախագահին երաշխիք տալով, որ իր պարտականությունները կկատարի մինչեւ սահմանադրական ժամկետի ավարտը։ Ստացվեց այնպես, որ նախագահի ճակատագիրը կախված է Վ. Սարգսյանի դիրքորոշումից, այլ ոչ թե իր՝ նախագահի գործունեությունից եւ Սահմանադրությունից։ Ուշադրությամբ վերլուծելով նրա ճառը, կարելի է եզրակացնել, որ նա, հանդիսանալով քաղաքական գլխավոր ֆիգուր, համաձայնել է քավել բոլորի «մեղքերը» եւ նրանց ներս թողնել իր շրջապատը այն պայմանով, որ վերջիններս դե ֆակտո ճանաչեն իր առաջնորդ լինելը եւ ընդհանուր առմամբ համաձայնվեն իր դիրքորոշմանն ու հայացքներին։ Նա խորհուրդ է տալիս առանց ներկայի ու ապագայի համար որեւէ եզրակացություն անելու, մոռացության տալ կոմունիստների, դաշնակների, հհշականների գործած բոլոր սխալները։

Այդ ո՞ր ղեկավարը կամ քաղաքացին չէր ուզենա, որպեսզի երկրում իշխեն խաղաղությունն ու քաղաքական ուժերի միասնությունը։ Սակայն դա իրական եւ օգտակար կլինի, եթե կեղծիքը մերժվում է, եւ միագումարվում է ճշմարտությունը. չէ՞ որ չեն կարող միանալ դահիճն ու զոհը, միասնական գործել կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։

Նա կոչ է անում այդպես վարվել հանուն պետականության կայացման, նրա ամրապնդման։ Բայց մի՞թե տրամաբանական կլիներ պետականության կայունացման կոչ ուղղել նրանց, ովքեր այդ կայացման հաշվին վիթխարի անձնական ունեցվածք են կուտակել եւ բոլոր հավանական «եկամտաբեր պաշտոններում» նշանակել իրենց մարդկանց՝ ավելի պակաս չափով ունեցվածք կուտակելու համար, այդպիսի պաշտոն դարձնելով նույնիսկ գերեզմանատան տնօրենի հաստիքը։ Ես առավել քան զարմացած եմ Վ. Սարգսյանի դիրքորոշումից. փոխանակ սթափվելու, մաքրվելու, ինքնակամ հեռանալու կոչ անի բոլոր նրանց, ովքեր ահա տարիներ շարունակ տզրուկի պես պետության մարմնին կպած ծծում են նրա արյունը, փոխանակ նոր, թարմ, մաքուր ուժերին ակտիվություն եւ պետության արնածոր խոցերը համատեղ ջանքերով ապաքինելու կոչ անի, նա պաշտպանության տակ է առնում եւ դաշնակից համարում նրանց, ում նկատմամբ արդեն երկար տարիներ ատելությամբ էր վերաբերվում ժողովուրդը։

Ինչպե՞ս կարելի է իրեն ընկեր համարել (ոչ թե նախկին, այլ՝ ներկա) Վ. Սիրադեղյանին, այն էլ ներկայիս նախագահի՝ Ռ. Քոչարյանի հետ համահավասար։ Ինչպե՞ս կարելի է Լ. Տեր-Պետրոսյանին, ում ղեկավարությամբ են տեղի ունենում ներկայիս բոլոր չարիքները, հրապարակավ անվանել բարոյական անհատ։ Այո՛, ՀՀ-ում ստեղծվող իրադրությունը դրական ոչինչ չի խոստանում։ Ես հույս եմ կապում լոկ խորհրդարանական ընտրությունների հետ, որպեսզի դրանք անցկացվեն արդարացի։

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր,

«Ազատ Արցախ»,

2 փետրվարի 1999 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728