Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են ձմեռում եւ ժողովվում ՌԱԿ-երը

Փետրվար 16,1999 00:00
hrak

ՀՌԱԿ-ի բազմացման գործընթացը շարունակվում է։ Վերջին տաս օրերի ընթացքում առավել բեղմնավոր աշխատանք թերեւս այլ ոլորտում նախանձ կշարժեր։

ՀՌԱԿ նախկին ատենապետ (մինչեւ երեկ առավոտ՝ նախկին) Հարություն Կարապետյանը եւ նրա կողմնակիցները Պետական կոնսերվատորիայի դահլիճում հրավիրել էին ՀՌԱԿ 9-րդ արտահերթ պատգամավորական ժողով։ Թեպետ այս մեկում, ի տարբերություն ՀՌԱԿ մյուս թեւի (չգիտեմ՝ աջ, թե՝ ձախ), կուսակցության գլխին կախված նավսի մասին խոսք չեղավ, բայց ակնհայտ էր՝ ինչ-որ բան կուսակցության գլխին, այնուամենայնիվ, կախված է։ Հակառակ դեպքում, ինչո՞վ բացատրել, որ կոնսերվատորիան համագումարից 30 րոպե առաջ հայտնվեց խավարի մեջ։ Չէ, արեւի խավարում չեղավ, պարզապես՝ հոսանքազրկում։ Պրոռեկտորի աշխատասենյակում մի քանի տղամարդ (այսպես եմ ներկայացնում, քանի որ իրենք իրենց անունները հույժ գաղտնի պահեցին) նարդի խաղալու արանքում ասացին, թե «կաբելն է այրվել»։ Իսկ այդպիսի բան, նրանց ասելով ամիսը մեկ լինում է։ Այլ կոնսերվատորականների վկայությամբ, այսպիսի բան վերջին երեք տարում չէր եղել։ Հարություն Կարապետյանը եւ մի քանի այլ ՌԱԿ անդամներ այստեղ միտում տեսան։

ՌԱԿ-ի երթը շարժվեց դեպի Երգչախմբային ընկերություն։ Այստեղ լույսը չանջատեցին։ ՀՌԱԿ 9-րդ արտահերթ պատգամավորական ժողովը ցուրտ դահլիճում սկսեց իր աշխատանքը։ Այս համագումարն էլ, ավետիքյանական թեւի նման հրավիրվել է կուսակցության կանոնադրության 73-րդ հոդվածի հիման վրա, սակայն՝ ըստ Բ կետի։ Հայտարարվեց, որ ժողովը հրավիրվել է 465 ստորագրությամբ, բաժանվել էր 380 մանդատ, ներկա էր 359 պատգամավոր, 21-ը բացակայում էին։ Հայտարարվեց, որ ներկա է կուսակցության թիվ 1 տոմս ունեցող Գագիկ Օհանյանը։

Առաջին ելույթ ունեցողը Հարություն Կարապետյանն էր։ Նա կրկին անդրադարձավ փետրվարի 6-ին, 8-ին եւ մինչեւ երեկ կատարված պառակտման մանրամասներին։ Առիթ ունեցել ենք այդ ամենը լուսաբանել, ուստի անցնենք առաջ։ Տարբերելու համար կուսակցության երկու կողմերն էլ կներկայացնենք որպես Ա կետ (ավետիքյանական) եւ Բ կետ (կարապետյանական)։ Եվ այսպես, Ա կետը շաբաթ օրը հրավիրեց արտահերթ պատգամավորական ժողով, դրանից մի քանի օր առաջ իր իսկ ընտրած նոր ատենապետ Հարություն Առաքելյանին չեղյալ համարելով, ընտրեց Ռ. Միրզախանյանին։ Բ կետը եւս հրավիրված էր եղել, սակայն չէր մասնակցել։ Բ կետն էլ իր հերթին երեկ իր արտահերթին էր հրավիրել Ա-կետին, սրանք էլ Բ-ին չէին պատվել իրենց ներկայությամբ։ Մինչեւ համագումարի սկսվելը փորձեցի պարզել, թե ո՞ր թեւի անվան կողքին նոր տառեր կհայտնվեն (այսինքն, ո՞րը նոր ՌԱԿ կդառնա)։ Պարզել չհաջողվեց, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իրեն իսկական ՌԱԿ է զգում։

Հարություն Կարապետյանը բավականին հետաքրքիր բաներ ասաց, սակայն անուններ չհիշատակվեցին. «Մենք պառակտման առաջին քայլը չենք արել, առաջին քայլերն արվել են մյուս կողմից»։ Մինչեւ 96 թվականը կուսակցությունն ունեցել է 6 ոչ լիարժեք գործող ակումբ, այսօր՝ 38 լիարժեք գործող ակումբ։ Հարություն Կարապետյանը ներկաներին բացատրեց նաեւ, որ ՀՌԱԿ-ը միայն կուսակցություն չէ, այլ նաեւ համակիրների փողերով բավականին լուրջ կառույցներ՝ Թեքեյան կենտրոնը (ասվեց, որ աշխարհի բոլոր ռամկավարներից փողեր են հավաքվել այս կառույցի համար), «Ազգ» թերթը նույնպես կուսակցությանը չի պատկանում, այլ առանձին անհատների, Թեքեյան ռադիոն՝ նույնպես։ Բոլոր տեղերում, ըստ պրն Կարապետյանի, նույն մարդիկ են։

Այնուհետեւ, ընդհանրություն անելով շեշտվեց, թե որոշ մարդիկ ՍՊԸ-ն շփոթում են կուսակցության հետ, այսինքն «կոմերցիոն գործունեությունը շփոթում են քաղաքականության հետ», եւ այս ճանապարհով Հայաստանից գումարներ են դուրս բերվում դեպի արտասահման։ Մինչեւ վերջ ազնիվ լինելու նկատառումով շոշափվեց առաջիկա ընտրությունների, նախընտրական ֆոնդի եւ այդ ֆոնդով զբաղվելու հարցը. «Մենք որոշել էինք, որ դա պետք է լինի անկախ մարմին՝ կազմված շարքային կուսակցականներից եւ ոչ թե վարչությունից կամ ղեկավարությունից։ Երեւի իմ սխալը դա էր, որ ես շատ շուտ հայտարարեցի դրա մասին»,- ասաց Հարություն Կարապետյանը։ Ասվեց նաեւ, թե ինքը ծանրակշիռ փաստեր ունի եւ Հայաստանում ու Սփյուռքում կան մարդիկ, որոնք եւս շատ բան գիտեն։

ՀՌԱԿ արտահերթ 9-րդ համագումարում (այս մեկում նույնպես) ընտրվեց նոր վարչություն՝ 15 անդամով։ Լրացուցիչ թողնվեց 6 տեղ այն մարդկանց համար, որոնք ժամանակին հեռացել են կուսակցությունից եւ, հնարավոր է, այս փոփոխությունների հետեւանքով վերադառնան։ Ատենապետ ընտրվեց Հարություն Կարապետյանը, փոխատենապետ՝ Համլետ Դալլաքյանը։ «Դարձ ի շրջանս յուր» կշշնջար Աստվածաշունչը։ Հարություն Կարապետյանը հայտնեց, որ իրենք կհամագործակցեն բոլոր այն ռամկավարների հետ, որոնք կառուցել են այս կուսակցությունը։ Համագումարը որակվեց որպես միավորող համագումար. «Սրանով վերադառնում ենք 21 թվականի ավանդույթներին։ ՌԱԿ-ը իր մեջ հավաքելով տարբեր կուսակցությունների բեկորները՝ ստեղծում է ՌԱԿ կուսակցությունը»։

Ատենապետը հայտնեց, որ իրենք գնում են դեպի ընտրություններ եւ վերադարձել են 95 թվականի իրավիճակին, սակայն հիմա թույլ չեն տա, որ կուսակցությունը քանդվի։ Պրն Կարապետյանը հայտնեց նաեւ, թե Սփյուռքի հետ իրենք կապերը չեն խզում, համագումարի մասին Սփյուռքը գիտի եւ իրենք կօժանդակեն նաեւ Սփյուռքի կառույցների միավորմանը։ Իսկ մյուս ՌԱԿ-ի հետ այս ՌԱԿ-ը, իր ասելով, միշտ պատրաստ է երկխոսության։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728