Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ շրջողը սոցիալիզմի՛ ուրվականն է

Մարտ 03,1999 00:00 Share
socializm

Հայաստանի քաղաքական կյանքում երեկ եւս մեկ պատմական պահ արձանագրվեց. ստորագրվեց Սոցիալիստական միության համաձայնագիրը։ Դրա տակ իրենց ստորագրությունները դրեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը, Հայաստանի բազմազավակների «Շիրազ» բարեգործական միությունը, «Ռոսիա» ընկերությունը, Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպությունը, Ազատ մանկավարժների միությունը, սոցիալապես անապահով խավերի «Զարթոնք» միությունը, «Ավանգարդ» կենտրոնի մարքսիստական ակումբը, Հայկական սոցիալիստական կոնգրեսը։

Այս համաձայնագրի կնքման նպատակը, ինչպես նշվեց, սոցիալիզմի հաղթանակն է։ Իսկ բոլոր կուսակցությունների կողմնորոշումը սոցիալիստական է։

Այս առիթով խոսք ասաց նաեւ «մեր հանրապետության մտավորականության կարկառուն դեմք, էությամբ ժողովրդասեր» ու պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը։ «Այս հավաքը վաղուց պետք է լիներ»,- ավագի իրավունքով դիմեց նա ներկաներին։ Թեեւ ինքը համարյա բոլոր հավաքվածներից ամենաերիտասարդն էր եւ ակնհայտորեն կարող էր հավակնել նրանցից շատերի որդին լինելու պատվին։ Պրն Խուրշուդյանի ամենաուշագրավ միտքն այն էր, որ իրենք ոչ թե ա՛յն սոցիալիզմն են ուզում, որն արդեն տեսել են, այլ սոցիալիզմի այն ավանդույթները, որոնք «ստեղծել են մեր նախնիները» (ովքե՞ր), եւ որոնք կիրառվում են Եվրոպայում (ինչպե՞ս)։

Ի դեպ, սոցիալիզմի կառուցման իրենց լուման են պատրաստ ներդնել նաեւ Լավրենտի Բարսեղյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, Ստեփան Ստեփանյանը (առայժմ՝ միայն ստորագրություններով)։ Իր համաձայնությունը՝ միանալու Հայաստանում սոցիալիզմի կառուցմանը, տվել է նաեւ ՀՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար, այժմ՝ արդեն Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը։

Համաձայնագրի ստորագրման ընթացքում զարգացվեց նաեւ այն միտքը, որ սոցիալիստ ենք բոլորս՝ Պլատոնից սկսած։

«Սոցիալիստ քույրեր եւ եղբայրներ, կա՞ն այլ ցանկացողներ ելույթ ունենալու»։ Այդպիսիք շատ չէին, եւ սոցիալիզմի ջատագովները միմյանց շնորհավորելուց հետո, գնացին իրենց գործին։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031